Արժեքներ

Կայացավ դպրոցների փակման և ‹‹Լավագույն հոգեբան ուսանող›› խորագրով մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունները

16.4kviews

 

Հոգեբանության ոլորտն իր զարգացման հեռանկարներով,  մասնագետների կայուն ու հստակ քայլերով մեր երկրում շարունակում է իր ուրույն և արժանի տեղը զբաղեցնել: Այս ենթատեքստում էլ սույն թվականի օգոստոսի 25-ին Ժեստ հոգեբանական կենտրոնում՝ պահպանվելով հակահամաճարակային բոլոր կանոնները, տեղի ունեցավ Մանկան հոգեբանի, Անձնային աճի, Ընտանեկան հոգեբանի, Իրավաբանական հոգեբանի դպրոցների, դասընթացների փակման և ‹‹Լավագույն հոգեբան ուսանող›› խորագրով մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունները: Համավարակով պայմանավորված, դասընթացները եղել են օնլայն և  բավականին մասնակիցներ են եղել նաև արտերկրից . միջոցառմանը նրանք ևս մասնակցեցին   տեսակապի միջոցով:

Լուսանկարը՝ gmpress.am-ի
Լուսանկարը՝ gmpress.am-ի

gmpress.am-ի հետ զրույցում Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն, իրավաբանական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ մասնագետների վերապատրաստումները ոչ մի վայրկյան կանգ չեն առել. ‹‹Կայացավ  դպրոցների փակումը, պետք է նշեմ, որ Անձնային աճի դպրոցը տևել է վեց ամիս, Ընտանեկան հոգեբանինը` երեք ամիս, նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքը՝ Մանկան հոգեբանի դպրոցի առաջին փուլն է հենց, իսկ մնացածը դեռևս ընթացքի մեջ են, որովհետև նախադպրոցականից հետո կրտսեր դպրոցն է, հետո դեռահասներինը, այսինքն՝ մինչև դեկտեմբեր նոր մյուս երկու խմբերում շրջանավարտներ կունենանք: Պետք է ընդգծեմ, որ Իրավաբանական հոգեբանի դպրոցն այսօր տվեց իր անդրանիկ շրջանավարտներին՝ 12 մասնակիցներ տարբեր ոլորտներից՝ փաստաբան, իրավաբան, դատավոր, դատավորի օգնական և այլն: Ասեմ, որ Ժեստ հոգեբանական կենտրոնի կազմում գործող զինանոցն ուղղված է բազային կրթությամբ մասնագետների վերապատրաստմանը, բայց քանի որ հոգեբանության հանդեպ սերն ու հետաքրքրությունը մեծ է նաև ոչ հոգեբանների մոտ, օրինակ բուժքույրեր, մանկավարժներ, լրագրողներ և այլն, նրանց  համար կենտրոնը ևս առաջարկներ ունի, դա անձնային աճի մոդուլներն են, որտեղ ևս շրջանավարտներ կային:

Հոգեբանությունն իր քայլերով և զարգացման հեռանկարներով, մեր երկրում բավականին հետաքրքրիր հորիզոնականներ կնվաճի, ունենք հրաշալի մասնագետներ նաև մարզերում, և մարզային քաղաքականությունը, կարծում եմ, էլ ավելի պետք է ուժեղացնենք, որովհետև դեռևս  ՀՀ երեք մարզերն ենք կարողացել ընդգրկել Ժեստ թիմի մեջ. Գյումրին արդեն  ունի Ընտանիքի պլանավորման հոգեբանական կաբինետը՝ հանձինս մեզ, Վանաձորն ավելի կենտրոնացած է  հոգեբանության Մանկան և Ընտանեկան ճյուղերի վրա, նաև հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքում: Գյումրիում առաջիկայում ևս պլանավորվում է  իրականացնել Մանկան հոգեբանի դպրոցը, 15 մասնագետ արդեն գրանցվել է, ինչը շատ մեծ նվաճում է: Ժեստ Հոգեբանական կենտրոնը բավականին երկար տարիներ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համագործակցում է՝ լինելով ուսումնակրթական բազա տեղի մագիստրոսների համար և համատեղ ծրագրերը միշտ մշակվում են գործատուի պահանջներին համապատասխան, այսինքն՝ տեղի մագիստրոսը միշտ այստեղ արդյունավետ պրակտիկայի և աշխատելու հնարավորություն ունի: Ինչ վերաբերում է մրցույթին, ասեմ, որ նման բան դեռևս չէր եղել. «Լավագույն ուսանող»  անվանակարգով մրցույթ կա, բայց «Լավագույն հոգեբան ուսանող»՝ ոչ: Առաջինը մենք կազմակերպեցինք  դա, որը համարում ենք հաջողված և արդեն իսկ գրանցել ենք համապատասխան  մրցաշարերում՝ միջազգային հարթակում ներկայացնելու համար, որպեսզի հաջորդիվ Մոսկվայի պետական համալսարանից (МГУ) և այլ միջազգային բուհերից հետաքրքրված ուսանողները ևս կարողանան մասնակցել››.- նշեց տիկին Մեհրաբյանը:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

 

Դասընթացների մասնակիցներն իրենց ձեռքբերումների, արդյունքերի և տպավորությունների մասին ներկաների հետ կիսվելուց հետո հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական վկայականները:

Ավարտական վկայականի օնլայն հանձնում
Ամենափոքրիկ շրջանավարտը
Լուսանկարները՝ gmpress.am-ի
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Ինչպես արդեն նշվեց, միջոցառման հաջորդ, կարևոր մասն այն էր, որ ներկայացվեց ‹‹Լավագույն հոգեբան ուսանող›› խորագրով մրցույթի արդյունքները և տարբեր բուհերից ներկայացված ուսանողներից հաղթող  ճանաչվեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային  կենտրոնն արդեն ավարտած շրջանավարտ Մերի Ղալաչյանը.  մրցույթը տևել էր 9 ամիս  և ուսանողը հասցրել էր բուհն ավարտել: Հիշեցնենք, որ, ըստ մրցույթի կանոնների, հաղթող մասնակցի ողջ տարվա ուսման վարձը վճարվում է Ժեստ հոգեբանական կենտրոնի կողմից: Երկրորդ և երրորդ անվանակարգեր եղել են նախատեսված, սակայն  համավարակով պայմանավորված չեն կարողացել աշխատել: Հաղթող մասնակիցը  հաղթական պարգևներից բացի, այլ անակնկալ ևս ուներ. կենտրոնի հրավերով Մերիին շնորհավորական խոսքով ոգևորելու  էր եկել իր սիրելի դասախոսը՝ հոգեբան Աննա Խաչատրյանը:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - DSC_0240.jpg
Լուսանկարը՝ gmpress.am-ի

Վերջինս մեզ հետ զրույցում, անդրադառնալով նմանատիպ մրցույթների, միջոցառումների կարևորությանն ասաց, որ մենք ապրում ենք չափազանց արագ զարգացող հասարակությունում և այս  պայմաններում երիտասարդ մասնագետները կանգնում են բավականին դժվար խնդրի առջև՝ ինչպես հասցնել այդ արագության մեջ կայանալ որպես մասնագետ և կիրառել այն տեսական գիտելիքները, որոնք ստանում են իրենց ուսումնառության ընթացքում. ‹‹Այս առումով կարևորում եմ  ԳԱԱ ուսումնառության այն փորձը, որի արդյունքը, մագիստրատուրայի մակարդակով, արդեն տարիներ շարունակ տեսնում եմ: Այդ փորձի հաջողությունը կայանում է նրանում, որ մագիստրոսները դեռևս ուսանող ժամանակ տեսական գիտելիքների հետ զուգահեռ  սովորում են նաև ինքնուրույն  հետազոտել՝  արագորեն ներգրավվելով պրակտիկ խնդիրների մեջ և ցանկացած հետազոտական  խնդիր,որ դրվում է իրենց առջև ուսումնառության ընթացքում՝ անպայման ենթադրում է ապացուցելիության սկզբունքը, ուստի ուսանողներն արդեն սովորում են, որ  խնդիրը ոչ թե միայն պետք է ուսումնասիրել ըստ դասագրքերի, այլ կարողանալ տեսնել մի փոքր ավելին՝ ի՞նչ կարող են նրանք ավելացնել այդ խնդրի ուսումնասիրության ընթացքում, որպեսզ իրենց խոսքը, խնդիրը ապացուցելի լինի: Այդ դիրքորոշումը չափազանց կարևոր է, ժամանակակից և առաջադեմ, ինչի արդյունքը, փաստորեն, մենք տեսանք նաև այսօր՝ Մերիի հաջողության շնորհիվ: Կուզենայի ասել, որ այս մրցույթը, թերևս տրամաբանական շարունակությունն է գիտական ուսումնասիրություն կատարելու այն ոճի, որին արդեն ծանոթացել էր ԳԱԱ ԳՄԿ-ում և, ի պատիվ իրեն, կարողացավ առավելագույնս քաղել այդ տարիներից և հետևողական լինել: Չափազանց կարևորում եմ Ժեստ հոգեբանական կենտրոնի գործունեությունը, որովհետև սա այն կենտրոնն է դարձել, որը կարողանում է ‹‹ներքաշել›› իր համակարգի մեջ և գործի դնել ուսանողի ստացած գիտելիքները: Մի բան է, երբ երիտասարդ մասնագետը ուզում է կայանալ, ուսումնասիրություններ կատարել և աշխատել որպես մասնագետ, բայց մեկ այլ բան է, երբ նա  հայտնվում է այնպիսի միջավայրում, որը նպաստում  է իր մասնագիտական աճին. Ժեստ կենտրոնը այդ միջավայրերից լավագույն օրինակներից մեկն է››,- եզրափակեց տիկին Խաչատրյանը:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Մրցույթի հաղթող Մերի Ղալաչյանը ևս իր տպավորություններով կիսվեց մեզ հետ, մասնավորապես ներկայացնելով այն բարդ ու հետաքրքիր ամիսները, որի արդյունքը դարձավ իր հաղթանակը. ‹‹Անկեղծ  ասած շատ հուզված եմ և շնորհակալ Ժեստ հոգեբանական կենտրոնին՝ նման հնարավորության համար:  Մրցույթը սկսվել է դեռևս 2019 թվականին, որը տևել  է 9 ամիս: Առաջին փուլում իրականացրել ենք տեսական աշխատանք, այն է՝ գրքերի ընթերցանություն, ուսումնասիրություն, մեկնաբանում, հաջորդիվ իրականացրել ենք հետազոտության թեմայի ընտրությունը և հետազոտական աշխատանքը՝ մեզ կցված սուպերվայզերի հետ միասին: Վերջին՝  երրորդ փուլն արդեն հետազոտության իրականացումն էր…. բավականին  հետաքրքիր, տեսական և հետազոտական պրակտիկ փորձով մրցույթ էր: Հետազոտությունն իրականացրեցի և ինձ հոգեբան Անի Ապիտոնյանը շատ օգնեց այդ հարցում, ընտրել էի անբարենպաստ ընտանիքներում հուզական հարաբերությունների խաթարման թեման: Առաջին հայացքից թվում է, թե հեշտ աշխատանք է, բայց  բավական ջանքեր պետք է գործադրել՝ արդյունքը տեսնելու համար, որպեսզի կարողանաս վարկածը ապացուցել կամ ոչ և, ի վերջո, աշխատանքս ստացվեց: Խորին շնորհակալությունս եմ  հայտնում այս կենտրոնին, քանի որ նրանց  մասնագետների շնորհիվ ինձ  հետագայում տեսնում եմ որպես գործող հոգեբան››:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Միջոցառման ընթացքում մի շատ կարևոր և հուզիչ իրադարձություն ևս եղավ. Ընտանեկան հոգեբանի դպրոցի շրջանակներում դաունի համախտանիշ ունեցող շրջանավարտին, ում կենտրոնը ‹‹վերցրել››  է  իր  կրթական խնամքին, հնարավորություն տրվեց նաև հաջորդիվ այցելելու Մանկան հոգեբանի դպրոց, որպեսզի այնուհետ անցնի այդտեղ աշխատանքի՝ զանգերի կենտրոնում: Ավարտական վկայականի հետ մեկտեղ աղջկան հանձնեցին նաև աշխատանքային համազգեստը:

Ի դեպ, Ժեստ հոգեբանական կենտրոնի բոլոր մասնագետներին ևս անակնկալ էր արվել՝ գեղեցիկ ծաղկեփնջերի տեսքով, որոնք ուղարկվել էր հեռավոր ԱՄՆ-ից՝ կենտրոնի ուսանողներից մեկի կողմից:

Լուսանկարը՝ gmpress.am-ի

Վերջում հավելենք նաև, որ միջոցառումն անցավ ջերմ, հետաքրքիր մթնոլորտում՝ կենտրոնի կողմից մինչև վերջ խստորեն պահպանվելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

Leave a Response