ԱրժեքներԿյանքը de facto

Իտալացի փորձագետները կմշակեն Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման նախագծի մեթոդաբանությունը

4.9kviews

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած տասնօրյա աշխատաժողովի շրջանակում Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանման խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկում: Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները հանդիպման ընթացքում ներկայացրել են արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մշակվող մեթոդաբանության մանրամասները:
Քաղաքաշինության կոմիտեի կողմից քննարկմանը հրավիրված էին Շիրակի մարզպետարանի, Գյումրիի համայնքապետարանի և շահառու գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցել են արգելոց-թանգարանի հիմնադիր-ճարտարապետները և աշխատակիցները, Ճարտարապետների պալատի նախագահը, մասնագիտական հանրության և բուհերի ներկայացուցիչները: Միջոցառմանը տեսակապի միջոցով միացել է նաև Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը տեղեկացրել է, որ Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ներգրավված փորձագետները մշակելու են պատմական քաղաքաշինական միջավայրի վերաարժևորման, վերաօգտագործման մեթոդաբանություն, որը Կումայրի արգելոցի տարածքում կիրառվելուց հետո կարող է հիմք դառնալ պատմամշակութային կարևորություն ունեցող այլ բնակավայրերում օգտագործելու համար։ Հետազոտական աշխատանքի արդյունքը կկիրառվի նաև ներկայում իրականացվող Գյումրի քաղաքի նոր հատակագծի մշակման աշխատանքներում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանն էլ ընդգծել է մեկնարկած աշխատանքների կարևորությունը մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի ելակետային տվյալների հստակեցման առումով:
Միջոցառման ժամանակ Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած վաստակաշատ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն անդրադարձել է արգելոց-թանգարանի խնդիրներին ու դրանց պատճառներին: Իսկ իտալացի փորձագետ Մարիա Քրիստինա Ջամբրունոն նկատել է, որ միջազգային փորձը Գյումրիում տեղայնացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի ճարտարապետական ուրույն ոճը: Այդ ուղղությամբ փորձագետների խումբն ամիսներ անց մշակելու է ուղեցույց:
Միջոցառման ընթացքում ներկաներն ակտիվ մասնակցել են թեմայի քննարկմանը: Ծրագրի տնտեսական և մշակութային բաղադրիչների մասին իրենց դիտարկումները ներկայացրել են նաև ՀՀ էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:
Տասնօրյա աշխատաժողովում ներգրավվել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները՝ աշխատանքները գիտահետազոտական հիմքի վրա դնելու նպատակով: Հաջորդող օրերի ընթացքում նրանք Գյումրիում դաշտային աշխատանքներ են կատարելու՝ իտալացի փորձագետների մշակած հարցաշարի հիման վրա հավաքագրելով պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ մանրամասն տվյալներ:
Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվում են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որի շրջանակում ավարտական փուլում են գտնվում Գյումրին ներառող «Շիրակ-4» միկրոռեգիոնի գոտևորման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի գործակցության շնորհիվ իտալացի փորձագետների մշակած մեթոդաբանությունը մասնագիտական աջակցություն կլինի գոտևորման նախագիծը մշակողներին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Leave a Response