Արժեքներ

Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ

153.3kviews

Խորհրդային Միության փլուզումը խառնեց մեր երկրի տնտեսության բոլոր քարտերը։ Հարվածի տակ հայտնվեցին նաև բարձրագույն կրթությունն ու գիտությունը, որոնք հանրա­պետության համար ունեն կարևորագույն նշանակություն, չնայած նրան, որ  մեր «բարի» խոր­հրդա­տուներն առաջարկում են զբաղվել միայն զբոսաշրջու­թյամբ։ Գլխավոր պատճառը՝ կրթության պահանջ չլինելն է, որն պայմանավորված է հասարակության մեջ մրցակցության բացակայությամբ և դիմորդների կտրուկ նվազմամբ։ Հայկական բուհերը միշտ ունեցել են բարձր համբավ։ Ինչքան էլ Արևմուտքը աշխատեց նվաստացնել խորհրդային կրթությունը, մեր բուհերն աշխարհի հազար լավագույն բուհերի շարքում են։ Համեմատելու համար նշենք, որ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները եզրափակում են երրորդ հազարը, իսկ Ադրբեջանի բուհերը՝ վեցերորդը։ Նման ներուժը ստեղծվել է հարյուրամյակների, մանավանդ, խորհրդային 70 տարիների ընթացքում, և այսօր այն կորցնելը կդառնա ողբերգական։ Փակվում են հիմնականում ֆունդամենտալ և տեխնիկական  գիտությունների ֆակուլտետները․ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մեքենաշինություն, այսինքն՝ այն ճյուղերը, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը։ Փոխարենը լայնորեն ‹‹արտադրվում›› են տնտեսա­գետներ, իրավա­բաններ, ինչն, անշուշտ, բարձրացնում է բնակչության ընդհանուր մակարդակը, բայց ֆիզիկային և քիմիային չի փոխարինում։ Ֆունդամենտալ և տեխնիկական գիտու­թյունների մակարդակը վերականգ­նելու համար տասնամյակներ կպահանջվեն, եթե, իհարկե, վերականգնվեն։

Մեծ հույս է ներշնչում արտասահմանյան ուսանողների հոսքը Հայաստան։ Նրանք այստեղ ստանում են բավարար և էժան կրթություն։ Համեմատելու համար նշենք, որ հարևան Թուրքիայում, որն արագ զարգացնում է իր գիտությունն ու կրթությունը ԱՄՆ-ի և նրա զորակիցների խորհրդով, «դեղագործություն» մասնագիտությամբ ուսուցման մեկ տարին արժե 40 000 դոլար։ Արտասահմանցի ուսանողները մեզ պետք են ոչ միայն որպես հեշտ գումա­րային հոսքերի աղբյուր, այլև որպես հայ ուսանողության թվի սակավության պայմաններում թեկուզ ժամանակավոր բուհն աշխատեցնող միջոց՝ մինչև մեր երկրում բնակչության վերարտադրման խնդիրները լուծվեն։

Մեր գիտական խավը փրկելու համար անհրաժեշտ է ամրապնդել բուհն ու գիտական հիմնարկները, գուցե դրանք կապելով իրար։ Մեր բուհի փորձը ցույց է տալիս, որ կարելի է հաջողությամբ զբաղվել նաև գիտությամբ։ Այսօր Հայաստանում հնարավորություն կա զարգացնել կրթությունն ու գիտությունը առանց պետության ներդրումների, քանի որ, կրկնում եմ, պետական և մասնավոր բուհերը կարող են ընդունել բավականին շատ արտասահ­մանցիներ (միայն Հնդկաստանի ռեսուրսը կբավարարի հարյուրավոր տարիներ), որոնց հետ սակայն պետք է լրջորեն աշխատել։ Հայաստանում կրթություն են ստանում Վրաստանի, Իրանի, Իրաքի, Հնդկաս­տանի, Թուրքիայի, Նիգերիայի և տասնյակ այլ երկրների քաղաքացիներ։

Այսօր Ռուսաստանը  պատժամիջոցներին ընդդեմ զարգացնում է սեփական արտա­դրանք, մանավանդ նավթամշակման բնագավառում, ինչը փորձում ենք անել նաև Հայաստանում։ Կառավարության հետ պայմանագրի համաձայն շվեդական ֆիրմաները պատրաստվում են մշակել մեր աղբը՝ պոլիէթիլեն ստանալու համար։ Ինչու՞  մեր բուհերին չհամագործակցել նրանց հետ։ Այժմ «Անանիա Շիրակացի» համալսարանը պատրաստվում է Ռու­սաստանի նավթամշակման համակարգի հետ պայմանագիր կնքել՝ մասնագետ պատրաստելու համար։ Համագործակցում ենք «Phedora» ֆիրմայի հետ՝ օգտվելով նրա լաբորատորիաներից։

Բացի այդ, կապիտալիստական երկրում անհրաժեշտ է լիցենզավորման ճկուն համա­կարգ։ Կյանքն անընդհատ փոփոխվում է, հայտնվում են նոր մասնագիտություններ, վերանում են հնացածները (սակայն ոչ միշտ արդարացի)։ Օրինակ, մի քանի տարի առաջ Երևանի բժշկական համալսարանում վերացավ կուրորտոլոգիան, իսկ Հայաստանի բնությունը թույլ է տալիս լայնորեն զարգացնել այն։ «Անանիա Շիրակացի» համալսարանը «բուժական գործի» լիցենզիա ունենալու դեպքում կարող է կատարել այդ գործը, քանի որ արդեն Ջրային պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի, «Կանաչ երկրագունդ- 2002» հասա­րակական կազմակեր­պության, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ կատարել է լուրջ աշխա­տանք։ Ստեղծվել են ատամի մածուկի նոր տեսակներ, զանազան հակաբոր­բո­քային, համակցված, մազերի ամրացման և աճի, լնդերի քսուքներ, աղաբուժության սենյակ­ներ ևս։ Ընդհանուր առմամբ, նշված մեր կազմակերպությունները ստացել են 63 մտավոր սեփականության արտոնագիր,  իսկ խնդիրները շատ են….. Արարատյան դաշտավայրի ջրերի պակասում, նոր տեսակի օդային սարքերի կառուցում,  բնական միջոց­ներով դեղերի և քսուքների պատրաստում, անջրհողերի ոռոգման համակարգի կառուցում, կտրուկ նվազած վարելահողերի և այգիների վերականգնում․․․

Պետական և մասնավոր բուհերին՝ այսօրվա ծանրացած խնդիրները լուծելու, մեր «բարձր» մտավորականությանն աշխատանքով ապահովելու համար, պետք է հնարավորու­թյուն տալ աշխատելու ողջ ուժով։ Անհրաժեշտ է պետական մակարդակով մտածել անգլերեն և ռուսերեն լեզվով դասավանդող դասախոսների մասին, լրջորեն մոտենալ զարգացած երկրնե­րի բուհական համակարգում կատարվող փոփոխություններին․ կտրուկ բարձրացնել ուսուցման և աշխատանքի համակարգչայնացման մակարդակը։

Մեր համալսարանը փորձում է բեկում մտցնել աշխատանքի մեջ։ Գիտխորհրդի կազմի մեջ ընդգրկվում ենք նոր, փորձառու մասնագետներ, լայնացնում ենք համակարգչային բազան, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաները լրացնում ենք նոր սարքավորումներով։ Փորձում ենք գտնել կապեր արտադրության հետ։ Հուսով ենք, որ ոչ միայն մենք։ Բարձրագույն կրթությանն ու գիտությանը պետք է տալ ազատ ճանապարհ։

 

 

Գուրգեն Հակոբյան, տնտ․ գ․ թ․,

«Կանաչ երկրագունդ- 2002» առողջ ապրելակերպ միջավայրի ասոցիացիայի» նախագահ, «Անանիա Շիրակացի» համալսարանի գիտխորհրդի փոխնախագահ

 

Կարծիքներ՝ Գ. Հակոբյանի «Կրթությանն ու գիտու­թյանը ազատ ճանապարհ» հոդվածի վերաբերյալ 

                 Գիտությունը մեր վերջին հույսն է

Մեծ ոգևորությամբ կարդացի  թերթում տպագրված «Կրթությանն ու գիտու­թյանը ազատ ճանապարհ» Գ․Հակոբյանի հոդվածը։ Զարմանալին այն է, որ անցնելով շուկայական հարաբերությունների՝ մեր որոշ ղեկավարներ շարունակում են մտածել «խորհրդային» տրամաբանությամբ։ Բացի հեղինակի կողմից նշված (բացարձա՜կ ճշտությամբ) խնդիրներից, կուզենայի ուշադրություն դարձնել Հայաստանում բարձ­րա­գույն կրթության բնագավառում մրցակցության բացակայությանը։ Չասենք, որ բուհերի մեծամասնությունն ունի մենաշնորհ, որը կապիտալիստական հասարակար­գում անկարելի է  և օրինաչափորեն բերում է որակի նվազման։ Լավ իրավիճակ է ստեղծվել բժշկության բնագավառում, որտեղ նույն մասնագիտություն­ներով աշխատում են մի քանի բուհ։ Գ․Հակոբյանը իրավացի է, որ մրցակցություն ստեղծել են մասնավոր բուհերը, որոնց աճեցման համար պետությունը չի ծախսել ոչ մի կոպեկ։ Այսպիսի պատկեր ստացվել է որոշ երկրներում բուժաշխատողների քանակի պակասի պատճառով։ Լավ կլիներ, եթե այն լիներ մեր կառավարչական խելացի քաղաքականության  արդյունքում։ 15-20 տարի առաջ ուսանողների մեծ հոսք ուներ Երևանի պետական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության, պոլիտեխնիկա­կան համալսարանները։ Սակայն այժմ այստեղ չեն գալիս սովորելու նույնիսկ արտասահմանցի մեր հայրենակիցները․ հավանական է, որ և՛ որակն է պակասել, և՛ աշխարհից հետ ենք մնացել։ Փոխարենը հավաքում ենք բոլոր դիմորդ­ներին, եթե նաև նրանք ընդունելության քննություններին մի քանի անգամ ստանում են անբավարար թվանշան։ Բուհերի ղեկավարներն իրենց և իրենց շրջապատի աշխա­տավարձն ապահովում են, իսկ դասախոսները կարող են սպասել, չնայած, բուհի դեմքը դասա­խոսն է․․․

Մեր ղեկավարությունը երբեմն խորհե՞լ է, թե ինչու բնական, տեխնիկական գիտությունները, ճարտարապետությունը, շինարարությունը արտասահմանում պա­հան­­ջարկ ունեն, իսկ Հայաստանում՝ ոչ։ Պարզ պատճառով․ թեկուզ ներքին մրցակցու­թյան միջոցով պետք է որակ ստանալ։ Բացի այդ, նախկինում մեր խորհրդային բուհերը ղեկավարում էին միությունում և աշխարհում ճանաչված մասնագետներ, որոնց շնորհիվ զարգանում էր բուհի ողջ կոլեկտիվը, իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա․ պետական համալսարանը, որտեղ առաջատարը պետք է լինի բնական գիտությունների ներկա­յա­ցուցիչ․․․ ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, եթե ռեկ­տորների մրցույթին մասնակցում են մեկական անձինք, քանի որ մինչ այսօր նրանք պետք է «վերևինների» հավանությունը ստանան, իսկ հավանություն տալիս են մեկին։ Ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել, եթե մասնագիտությունները բացվում և փակվում են ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ ոմանց ցանկությամբ։ Օրինակ, ինչու՞ չկա կուրոր­տոլոգիա, եթե Հայաստանում այն պետք է զարգացնել։ Այս առումով՝ հեղինակի կողմից նշված գիտական որոնումների բնագավառում «Անանիա Շիրակացի» համալսարանի քաղաքականությունն ու ձեռքբերումները օրինակելի են….63 արտոնագի՜ր…սա լուրջ աշխատանքի արդյունք է։

Մրցակցությու՜ն…. այն կբացահայտի մեր իսկական, ստեղծագործող մտավորակա­նու­թյանը, իսկ վերջինս, եթե նրան տան հնարավորություն, կլուծի մեր բոլոր խնդիրները։ Հիշենք․ գիտությունը մեր վերջին հույսն է։

Արմենուհի Հայրապետյան, լրագրող

 

 

                                       Քանի ուշ չէ

Կրթության ոլորտում․

— դպրոցի անձնակազմի և տնօրենի ընտրության սկզբունքների փոփոխություն,

— դպրոցի ֆինանսավորում,

— դպրոցի ծրագրերի վերանայում,

— բուհի կառավարման սկզբունքների փոփոխություն, պետական բուհերին պետական կառավարում և ֆինանսավորում, պետական դիպլոմների հանձնում պետական հանձնաժողովների կողմից,

— դաստիարակչական աշխատանքի վերակառուցում․ Internet-ի ազդեցության նվազեցում, հայ գրականության և արվեստի, ազգային ավանդույթների ազդեցության ուժեղացում:

 

 

                     Մեր շուկան՝  նաև մեր արտադրանքի համար

 «Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ» Գ․ Հակոբյանի հոդվածում բարձրացված են շատ կարևոր հարցեր։ Առաջարկվում է օգնել բուհերին ընդգրկել հնարավորինս շատ ուսանողություն արտասահմանից, դասախոսական կազմին տալ գիտությամբ զբաղվելու հնարավորություն և այլն։ Շատ տեղին հարցեր են։ Սակայն կա այստեղ ևս մի հանգամանք, որի վրա մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում։ Դա մեր արտադրանքի սպառումն է։ «Անանիա Շիրակացի» համալսարանն ու նրա գործընկեր կազմակերպությունները ստացել են 63 արտոնագիր։ Մեր, Հայաստանի, բնական (բուսական) ռեսուրսների միջոցով ստացվել են տարբեր դեղամիջոցներ։ Ինչու՞ չենք օգտագործում դրանք։ Սա արդեն արդյունք է։ Շուկայական հարաբերությունների պայմաններում վաճառքի համար գովազդ է պետք։ Հակառակ դեպքում չի վաճառվի նաև ամենալավ ապրանքը։ Հիմա նվաճումը կա, մի՞թե նրա գովազդը կազմակերպելը այդքան դժվար է։

                                                           Մ․Մելքոնյան, տնտ․ գիտ․ թեկնածու

 

 

 

                 Գիտությանն ու կրթությանը պետք է միասնություն

Գ․ Հակոբյանի «Կրթությանն ու գիտությանը ազատ ճանապարհ» հոդվածը հստակ ցուցադրում է, որ նաև մասնավոր բուհերում, կազմակերպություններում գիտության և կրթության միացմամբ կարելի է լուծել թեկուզ տեղային, բայց շատ կարևոր խնդիրներ։ Այսօր դա «Անանիա Շիրակացի» համալսարանն ու Ջրային պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտն է, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ու «Կանաչ երկրագունդ- 2002» հասարակական միությունը, վաղը նման միասնություն կարող են կազմել մի շարք գիտության և կրթության հետ իսկական բարեկամ կազմակերպություններ։ Ինչու՞ սատար չկանգնել նման ձեռքբերումներին, օրենքների միջոցով նրանց տալ կանաչ ճանապարհ ու պահանջել արդյունք։

Ցավոք, մենք երբեմն օրենսդրական առավելություններ ենք տալիս որոշ բնագա­վառներին, հետո այդ մասին մոռանում։ Կրթության և գիտության բնագավառներին պետք է միշտ առավելություն տալ և առավելապես պահանջել։

Սոնա Հակոբյան,

կրտսեր գիտաշխատող, կենսաբան

 

Leave a Response