Կյանքը de facto

Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ներկայացնում է ցեղասպանության արխետիպը. ՄՔԴ-ի հիմնադիր դատախազի եզրակացությունը

222views

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է իր եզրակացությունն ի պատասխան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի, որով վերջինը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել՝ արդյո՞ք Արցախի ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ:

Ստորև ներկայացնում ենք Օկամպոյի եզրակացությունը.

«Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությանը, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է լրատվամիջոցներում և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։

Իմ ներդրումն է բացատրել, թե ինչու այն պետք է համարվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի «c» կետի (Խմբի ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում):

Չկան դիակիզիչներ, չկան մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է. առանց անմիջական կտրուկ փոփոխության, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։

Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ներկայացնում է ցեղասպանության արխետիպը՝ խմբի ոչնչացմանն ուղղված կյանքի պայմանների պարտադրման միջոցով:

Դա եզրափակում է ողբերգական շրջանակը, որովհետև «1915թ.-ին թուրք կառավարիչների վերաբերմունքը հայերի նկատմամբ ապահովում է հարացույցը Ցեղասպանության մասին դրույթի համար, որը վերաբերում է կենսապայմանների պարտադրմանը»։

Որպես ոլորտում որոշակի փորձ ունեցող անձնավորություն՝ ինձ համար պատիվ էր իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և ես պատրաստ եմ աջակցել ցանկացած կողմի, որը հանձնառու է կանխել հայկական խմբի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախում օրեցօր վատթարանում է մարդասիրական ճգնաժամը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախն աղետի գոտի է հայտարարել:

Leave a Response