ԱրժեքներԿյանքը de facto

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. հայտարարություն

9.7kviews

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

Մայր Աթոռից հայտնում են, թե արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս, տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:

 

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հայտարարությամբ։

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը:

Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», – նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականին սկսել է նոր մեգանախագիծ. ազդարարվել է հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկը։

«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ պետք է Հայաստանում ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել», – ասել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Leave a Response