Ա1+ վերադառնում է հեռուստաեթեր՝ երևանյան հեռարձակմամբ, Հ2-ն այլևս հանրապետական հեռուստաալիք չէ. Հանրային մուլտիպլեքսը ամփոփել է արդյունքները
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեց հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները․ գրում է «Մեդիա պաշտպանը»։
Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները վարկանիշային քվեարկությամբ որոշում են, թե առաջիկա յոթ տարիներին որ հեռուստաընկերություններն են եթերում լինելու: Հանրապետական ծածկույթի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից 9-ը միաժամանակ նաեւ մայրաքաղաքային մրցույթին: Սական մինչեւ մրցույթը երկու ընկերություն («Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ) հետ էին կանչել իրենց հայտերը:
Մնացած տասը ընկերությունները մասնակցում էին մրցույթին՝ 5 սլոթի համար:
Հանրապետական մրցույթին մասնակցում էին` Ա TV-ին, Արմենիա TV-ին, Արմնյուզը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, Հինգերորդ ալիքը, Կենտրոն հեռուստաընկերությունը։
Միայն մայրաքաղաքայինի համար հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ` Դար 21, ՄՈՏՎ մեդիահոլդինգ ՓԲԸ, Արփի մեդիա ՍՊԸ, եւ Շանթ սպորտ ՍՊԸ:
Հեռուստաընկերությունների հավաքած միավորները հետևյալն են՝
«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն — 626 միավոր,
«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,
«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,
ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,
Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,
«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,
«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր
«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:
Նշենք, որ ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք (“РТР-Планета”) հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք (“Россия-Культура” и “Первый канал. Всемирная Сеть”) ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:
Ի դեպ, այս տարի մայրաքաղաքայինին չեն մասնակցել ԱՐ հեռուստաընկերությունն ու ԱԹՎ-ն, կար երկու ազատ տեղ, որը զբաղեցրել են Ա1+-ը և Ֆրինյուզը: Վերջինը պատկանում է իշխանությանը մոտ կանգնած շրջանակներին։