
«Վաղարշապատն ընտրում է» խորագրի ներքո շարունակում ենք ներկայացնել նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Ընտրապայքարին մասնակցում է ութ քաղաքական ուժ, և մեր նպատակն է՝ հանրությանը ծանոթացնել նրանց ծրագրերին, տեսակետներին ու առաջնահերթություններին։
Այս անգամ ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ընտրացուցակը գլխավորում է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։
Մենք զրուցեցինք պարոն Մեխակյանի հետ՝ հասկանալու նրա տեսլականը համայնքային կառավարման, զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաև տեղական խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ։
Պարոն Մեխակյան, հաշվի առնելով, որ քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին, կպատմե՞ք՝ ինչ տպավորություններ ունեք մինչ այժմ, և ինչպես եք գնահատում Ձեր շանսերը՝ մյուս քաղաքական ուժերի հետ համեմատ։
Իմ շանսերը գնահատում եմ բավական բարձր՝ միանշանակ 50 տոկոսից ավելի։ Մարդկանց սպասելիքներն ու ակնկալիքները մեր թիմից մեծ են․ նրանք մոտ են գալիս, ողջունում, կիսվում իրենց խնդիրներով և հույս են կապում մեզ հետ, որ այդ խնդիրները հնարավորինս շուտ լուծում կստանան։
Դուք եղել եք Արմավիրի մարզպետ, Խոյի համայնքապետ, ինչպես նաև՝ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն՝ շատ լավ ծանոթ եք թե՛ մարզի, թե՛ առանձին համայնքների խնդիրներին։ Ընտրվելու պարագայում, ինչի՞ց եք պատրաստվում սկսել, ո՞րն եք համարում առաջնային խնդիր։
Խնդիրները բազմաթիվ են, և ես չէի ցանկանա դրանք տարանջատել՝ գլխավորի և ոչ գլխավորի։ Կարևոր է, որ լուծումները լինեն այնպես, որ պահպանվի տարածքային համաչափությունը՝ բնակավայրերի հավասար զարգացումը։ Էջմիածին քաղաքն ու նրան ենթակա բնակավայրերից յուրաքանչյուրն ունեն իրենց առանձնահատուկ խնդիրները, որոնք չեն կրկնվում։ Հենց այդ պատճառով էլ մեր նպատակն է՝ ապահովել հնարավորինս համաչափ մոտեցում՝ տարբեր համայնքների խնդիրները լուծելու գործում։
Վաղարշապատի գյուղական բնակավայրերում և Էջմիածին քաղաքում, ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր՝ հատկապես ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, նաև՝ պետական ֆինանսավորմամբ, այդ թվում՝ հրատապության կարգով։ Բացի այդ, ընթանում են կրթական ոլորտի կարևոր նախագծեր․ այս պահին Վաղարշապատ խոշորացված համայնքում կառուցվում են երեք նոր դպրոց և հինգ մանկապարտեզ։
Կարո՞ղ եք պատմել, թե ինչպիսի խնդիրներ են հաճախ բարձրաձայնում բնակիչները Ձեր այցերի ընթացքում կամ գուցե առաջարկություններո՞վ են հանդես գալիս, և ի՞նչ քայլերով եք պատրաստվում դրանք լուծել:
Ամեն օր, երբ գնում ենք այցերի, քննարկում ենք բնակիչների հետ առկա խնդիրներն ու նույնիսկ, այո, ստանում առաջարկություններ: Առաջիկա տարիներին, հատկապես 2026թ.-ից, մեր հիմնական ծրագրերը փուլ առ փուլ կիրականացվեն, և հնգամյա ծրագիրը նույնպես կլինի առավել իրատեսական՝ հիմնված համայնքի իրական կարիքների վրա:
Առաջարկներից մեկը, որն այս պահին կարող եմ նշել, և որն ինձ համար էլ շատ հետաքրքիր էր, հետևյալն է. տարբեր գործարարներ ու մշակույթի գործիչներ առաջարկել են ստեղծել մի ձևաչափ, որի միջոցով պարբերաբար կքննարկվեն քաղաքի մշակութային զարգացման հարցերը: Ես սիրով ընդունել եմ այդ առաջարկը, և ընտրություններից հետո անպայման կստեղծվի խորհրդակցական մարմին՝ համայնքի ղեկավարին կից, որտեղ կքննարկվեն ոլորտային հարցերը, մասնագետների մտահոգությունները և համայնքապետարանի հնարավոր քայլերը:
Վերջին օրերին տարբեր լրատվականներում, ինչպես նաև՝ ընդդիմադիր գործիչների սոցիալական ցանցերի գրառումներում, հնչում են բազմատեսակ մեղադրանքներ Ձեր հասցեին՝ անձնականից մինչև գործնական բնույթի։ Այս առումով ի՞նչ կասեք։
Վերջին մի քանի օրերին բավականին ինտենսիվ արձագանքում եմ և պատասխաններ եմ տալիս հնչած քննադատություններին։ Մեր հասցեին առաջ են քաշվում տարբեր մեղադրանքներ, թե իբր ես խախտել եմ ընտրական գործընթացը, սակայն ուզում եմ ընդգծել՝ նման բան չկա։ Եթե խոսենք, օրինակ, չսահմանված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման մասին, ապա պետք է նշեմ, որ նման դեպքեր գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ են եղել։ Մեր թիմը իր մասով արդեն հեռացրել է այդ նյութերը և հետևողական ենք նաև մյուս ուժերի նկատմամբ՝ պահպանելու ընտրական կանոնները։
Պարոն Մեխակյան, Ձեր հայրը հայրենիքի նվիրյալ է և մեծ ավանդ ունի: Դուք ի՞նչ ներդրում եք պատրաստվում ունենալ երկրի հզորացման գործում:
Ես այս հարցին առաջին անգամ անդրադարձել եմ 2020թ.-ին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր ուժերի ներածին չափով ծառայի հայրենիքին այն ոլորտներում, որտեղ կարող է առավելագույնս կիրառել սեփական ռեսուրսները: Այդ պատճառով մանդատս վայր դրեցի և տեղափոխվեցի գործադիր մարմին՝ սկզբում որպես մարզպետի տեղակալ, իսկ հետագայում որոշեցի ծառայել Խոյ համայնքում, որն իմ ծննդավայրն է:
Այսպես ես կարող եմ առավել արդյունավետ օգտագործել իմ փորձն ու ռեսուրսները՝ տեղական խնդիրները լուծելու համար: Մեր թիմը վերջին տարիների ընթացքում Խոյ համայնքում իրականացրել է բազմաթիվ հիմնարար աշխատանքներ՝ ենթակառուցվածքների բարելավում, մանկապարտեզների, ճանապարհների, արտաքին լուսավորության, գազաֆիկացման, խմելու ու ոռոգման ջրի և այլնի հետ կապված: Սա թույլ է տալիս այսօր վստահությամբ մտնել մեր գյուղական բնակավայրեր, քանի որ չկա մի համայնք, որտեղ վերջին 30 տարիների կարևոր խնդիրներից որևէ մեկը չլինի լուծված: Կարծում եմ՝ այս պահին իմ ռեսուրսները կարող եմ լիովին ներդնել համայնքային կառավարման պրոցեսներում:
Ինչպե՞ս կգնահատեք մրցակցությունը քաղաքական ուժերի միջև:
Ուզում եմ նշել, որ այս ընտրություններն առանձնահատուկ են, քանի որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները հիմնականում եղել են ապաքաղաքական, իսկ այս անգամ դրանք բավական քաղաքականացված են: Սա բնական ու ենթադրելի է, քանի որ տեղի է ունենում քաղաքական ուժերի պայքար:
Ցավոք, ես այստեղ գաղափարական պայքարում չեմ տեսնում, հատկապես այն պատճառով, որ հանրային բանավեճերին հիմնականում չեն մասնակցում մեղադրող ուժերը և չեն ներկայացնում իրենց գաղափարները: Փոխարենը՝ իրենց լրատվամիջոցների օգնությամբ փորձում են ստեղծել սևացման պրոցես, կենտրոնացնել հանրային ուշադրությունն իմ դեմ, կարծես թե, փորձելով շեղել այդ ուշադրությունն իրենցից:
Ըստ մեր կողմից իրականացված հարցումների, բնակչության մի ստվար զանգված չի պատրաստվում գնալ ընտրությունների՝ համարելով ամենը ֆարս։ Ինչպիսի՞ն է Ձեր նախընտրական խոսքը, կոչը, գուցե հորդորը՝ նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին, նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ինչպես նաև՝ Ձեր ընտրողներին։
Հիմնականում վերոնշյալ պատճառներով են մարդիկ անտարբեր ընտրական պրոցեսների նկատմամբ, քանի որ քաղաքական ուժերի պայքարում գաղափարական բախումներ շատ քիչ են տեղի ունենում: Այդ պատճառով շատ քաղաքացիներ չեն ցանկանում այս կամ այն կերպ սևացման կամ վատաբանման պրոցեսների մաս կազմել՝ իրականում ակնկալելով տեսնել իրատեսական գաղափարներ և կոնկրետ քայլերի հաջորդականություն:
Իմ ամբողջ աշխատանքային գործունեության և այս քարոզչության ընթացքում ես կենտրոնացել եմ հենց գաղափարական պայքարի վրա: Հստակ ներկայացնում ենք մեր ծրագրերը, համայնքի ենթակառուցվածքային խնդիրները, ինչպես նաև՝ դրանց լուծման եղանակները: Նշեմ, որ որոշ խնդիրներ արդեն նախագծման փուլում են, իսկ ընտրություններից հետո մնացած հարցերը նույնպես ծրագրային մոտեցմամբ կլուծվեն:
Իմ կոչն ընտրողների այն է, որ նոյեմբերի 16-ին գնան ընտրատեղամասեր, և իրենց ձայնը տան համար 7 քվեաթերթիկին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մեր թիմն ունի մեծ փորձ համայնքային կառավարման ոլորտում, հստակ աշխատանքային ծրագիր, մեծ կամք ու էներգիա՝ սկսած ծրագրերը ավարտին հասցնելու և նոր, ավելի խոշոր ծրագրեր իրականացնելու՝ նպաստելով մեր բնակիչների կյանքի որակ բարելավմանը:
Հորդորում եմ՝ անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ յուրաքանչյուր ձայն որոշում է մեր համայնքի առաջիկա 5 տարվա զարգացումն ու առաջընթացը:
Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը



