Գեղեցկությունն ընդգծելն ու պահպանելը, մշտապես երիտասարդ լինելու ձգտումը ցանկացած ժամանակաշրջանում եղել և մնում է կանանց գլխավոր խնդիրն ու նպատակներից մեկը: Կանացի խնդիրներն ու նպատակները մնում են նույնը և ժամանակի հետ համընթաց փոխվում են միայն դրանց իրականացման տեխնոլոգիաները : Ներկայումս լայնորեն տարածում է գտել երիտասարդության պահպանման, մաշկի ձգման քիչ տրավմատիկ մեթոդը՝ մեզոթելերը, որի տեսակների, արդյունավետության, արդյունքի և այլ հարցերի շուրջ զրուցում ենք բժիշկ-կոսմետոլոգ, էսթետիկ կոսմետոլոգ Անի Մուրադյանի հետ:
Բժշկուհի Մուրադյան, ի՞նչ մեթոդ է մեզոթլերը և ի՞նչ տեսակներ կան:
Մեզոթելերը դա մաշկի ձգման համեմատաբար ցածր տրավմատիկ բնույթ կրող մեթոդ է: Մաշկի մեջ թելերի տեղադրման այս պրոցեդուրան անվանվում է թրեդլիֆթինգ: Թելերը բաղկացած են ‹‹պոլիդիոքսանոն›› նյութից, որը ներծծվում է հյուսվածքների մեջ` տեղադրումից հետո 6-8 ամսվա ընթացքում: Թելը ամրանում է ասեղի վերին ծայրին: Տեղադրումից հետո թելը մնում է մաշկի տակ, իսկ ասեղը դուրս է բերվում: Մեզոթելերը տեղադրվում են մաշկի տակ՝ հատուկ սխեմայի համաձայն՝ ստեղծելով յուրահատուկ ցանց՝ շրջանակ, որի շուրջ օրգանիզմը նոր կոլագեն է արտադրում:
Գոյություն ունեն թելերի 3 հիմնական տեսակներ, որոնք տարբերվում են իրարից հյուսվածքների ձգման աստիճանով: Մասնագետն այդ պահին ընտրում է այն թելը, որը համապատասխանում է տվյալ խնդրին և ձգման հատվածին՝ հաշվի առնելով մաշկի առանձնահատկությունները.
- Հարթ թելեր. դա մեզոթելերի բազային տեսակն է. որն օգտագործվում է ոչ այդքան մաշկի կախված հյուսվածքների ձգման համար, որքան մաշկի ձգության ավելացման նպատակով: Այս գործընթացը տեղի է ունենում թելերի շուրջ կոլագենի արտադրության խթանման պատճառով: Այսպիսով, կարելի է ասել, որ սա թելերի պրոֆիլակտիկ տեսակ է, որը դանդաղեցնում է մաշկի ծերացումը:
- Հյուսված թելեր. այս տիպի թելերը օգտագործվում են կախված մաշկի բարձրացման համար:
- Ատամնավոր թելեր. թելերի այս տեսակն ունի երկկողմանի ատամներ, ինչի շնորհիվ հիանալի ձգում է մաշկը: Դա թելերի ամենահզոր տեսակն է, որը կիրառվում է տարբեր զոնաների համար:
Ո՞ր տարիքից կարելի է կիրառել այս պրոցեդուրան:
Ընդհանրապես, մեզոթելերը խորհուրդ է տրվում 30-60 տարեկան անձանց `չնայած որ ավելի վաղ տարիքում էլ են կատարում։
Ինչքա՞ն է տևում մեկ պրոցեդուրան և ինչքա՞ն է պահպանվում արդյունքը:
Պրոցեդուրայի տևողությունը տատանվում է՝ 15 րոպեից մինչև 1 ժամ ` կախված տեղադրվող նյութի քանակից: Արդյունք կախված է մեզոթելի տեսակից, և թե ինչ էֆեկտ ստանալու համար ենք այն օգտագործում, օրինակ՝ կա պրոցեդուրա, որի արդյունքը երևում է անմիջապես և կա պրոցեդուրա, որը երևում է 1-3 ամիս հետո։ Կրկին նշեմ, որ թելերը բաղկացած են ‹‹պոլիդիոքսանոն›› նյութից, որը ներծծվում է հյուսվածքների մեջ` տեղադրումից հետո 6-8 ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է արդյունքի պահպանմանը `ասեմ, որ դա հիմնականում կախված է այցելուի տարիքից՝ որքան երիտասարդ է այցելուն, այնքան երկար կպահպանվի արդյունքը։
Արդյունքը երկար պահպանելու համար անհրաժեշտ է մեզոթելերից հետո կատարել մեզոթերապիաներ և բիոռևիտալիզացիա, այսինքն՝ մաշկը պետք է պարբերաբար սնուցել և խոնավեցնել։
Ի՞նչ հակացուցումներ ունի այս մեթոդը:
Մեզոթելերը հակացուցումներ ևս ունեն, դրանք են՝ ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանային ցիկլի ժամանակահատվածը, հոգեկան խանգարումներ ունենալը, ուռուցքային, աուտոիմունային հիվանդությունների, արյան մակարդելիության խախտման, էկզեմայի և պսորիազի դեպքերը։
Մեզոթելերը բացարձակապես անվտանգ են, եթե վերոնշյալ հակացուցումներն այցելուի մոտ չկան, ապա ոչ մի խնդիր չի կարող ստեղծվել: Պետք է ավելացնեմ նաև, որ սխալ են այն կարծիքները, ըստ որոնց` նմանատիպ միջամտություններից հետո մաշկը կախվում է կամ հակառակ էֆեկտն է ստանում: Երաշխավորում եմ, որ նման բան կոնկրետ իմ այցելուների հետ չի կարող լինել, քանի որ ես բավականին խորը ուսումնասիրում եմ բոլոր նյութերը, ապա դրանից հետո նոր կիրառում:
Որո՞նք են այս պրոցեդուրայի կողմնակի ազդեցությունները ։
Պրոցեդուրան ընդհանրապես չի առաջացնում բարդություն և ցավ։ Պացիենտն ունենում է մաշկի թեթև կարմրություն, այտուցի հավանական առաջացում՝ տեղադրման հատվածներում (տևում է 1-2 օր), հեմատոմաների առկայություն, որոնք անհետանում են 5-7 օրվա ընթացքում։ Պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում քնել մեջքի վրա՝ ամենաքիչը 10 օր և 2-3 շաբաթ արևարյուք չընդունել, չկատարել ապարատային մերսումներ։ Այդ ամենը ցանկալի կլինի անել պրոցեդուրայից միայն մեկ ամիս անց։
Վերջում ուզում եմ հավելել, որ այս մեթոդն այժմ ավելի են նախնտրում և դժվար է պատկերացնել որևէ կնոջ կամ աղջկա, ով չի ցանկանում մշտապես երիտասարդ ու խնամված տեսք ունենալ, սակայն ժամանակի ընթացքում անհնար է դառնում թաքցնել տարիքային փոփոխությունները, իսկ մեզոթելերի շնորհիվ դա դառնում է հնարավոր։
Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը