Արժեքներ

Հայաստանում կլինի՞ միջազգային գիտական կենտրոն  

27.7kviews

Արտասահմանից հասած տեղեկություններով` Անդրկովկասի, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի համար եվրոպական որոշ երկրների օժանդակությամբ պետք է հիմնադրվի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների գիտական կենտրոն, որտեղ իրենց գիտական նպատակները՝ դրամաշնորհների միջոցով, կարող են իրականացնել նշված տարածքի գիտության նվիրյալները։ Տեղի ընտրությունը դեռ շարունակվում է։ Որոշ ուժեր ձգտում են իրականացնել այն Հայաստանում։ Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում դեռ պահպանվում է գիտության մակարդակը (ըստ համալսարանների համաշխարհային վարկանիշի` Հայաստանի բուհերը մտնում են առաջին հազարի, Վրաստանի բուհերը՝ երրորդ հազարի, իսկ Ադրբեջանի բուհերը՝ վեցերորդ հազարի մեջ)։ Մեզ համար դա կդառնա հայ մտածողության, փիլիսոփայության, լեզվի, քաղաքականության պրոպագանդայի աղբյուր, մանավանդ որ որոշ անդրկովկասյան հիմնարկությունների կենտրոններ մնացել են միայն Թբիլիսիում և Բաքվում։ Օրինակ՝ Գերմանիայի DAAD-ը գործում է միայն Վրաստանի մայրաքաղաքում  (գուցե այն պատճառով, որ Գերմանիայի միավորման պայմանագիրը ԽՍՀՄ կողմից ստորագրել է Է․Շեվարդնաձեն)։

Կենտրոնը կապ չունի  պետական կառույցների հետ, ինչու՞․․․ որովհետև հիմնադիրները մտադիր են նրա ղեկավար ընտրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականի։

Հոլովվում են մի քանի ազգանուններ, որոնցից ամենագերադասելին են համարում հայ պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանին։ Ընտրության սկզբունքը պարզ է․ Մադոյանը իր կյանքի ողջ ընթացքում զերծ է եղել կոռուպցիայից, ոչ մի կուսակցության անդամ չի եղել (նաև ԽՄԿԿ), ստացել է երեք բարձրագույն կրթություն (բանասիրական, իրավաբանական, տնտեսագիտական), որոնցից երկուսից ունի գիտական կոչում կամ աստիճան։ Նրա գիտական աշխատությունները նվիրված են լեզվաբանության, գրականագիտության, իրավաբանության, պատմության, տնտեսագիտության հիմնահարցերին։ Նա եռանդուն աշխատում է և միայն վերջին մի քանի տարում մենագրություններ և գիտական հոդվածներ է տպագրել Ռուսաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում։ Նրա ընտրությունը կնշանակի, որ կենտրոնը կտեղադրվի Հայաստանում, իսկ դա ազգային պատիվ է։ Բայց Վ․Մադոյանն ունի եվրոպացիների տեսակետից նաև «լուրջ թերություններ»․ ավարտել է Մոսկվայի Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանը (երկու անգամ), գիտական աշխատությունները հիմնականում գրում է ռուսերեն, գեղարվեստական ստեղծագործությունների մի մասը ևս գրված են ռուսերեն, 2015 թվականին անձամբ Վ․Պուտինից՝  Մոսկվայի Կրեմլում, գիտության մեջ ունեցած հաջողությունների և Ռուսաստանի հետ բարեկամական կապերին նպաստելու համար, ստացել է պետական շքանշան, 2000 թվականին  Ռուսաստանի և Ռուսաստանի բարեկամ երկրների  գիտնականների կողմից ճանաչվել է աշխարհի  առաջավոր լեզվաբաններից մեկը: Ակտիվորեն դժվարություններ են փորձում ստեղծել Ադրբեջանի ներկայացուցիչները, քանի որ Վ․Մադոյանը աշխարհին հայտնի է որպես Արցախի ազատության մոլի ջատագով։

Leave a Response