Կյանքը de factoՀասարակություն

Երեխաների պաշտպանության օրը Երևանում կնշանավորվի մի շարք հետաքրքիր մշակութային միջոցառումներով

444views

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում  հունիսի 1-ին Երևանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 19:00-ին կներկայացվի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Մինչ ներկայացման սկիզբը ժամը 18։00-ից սկսած թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում տեղի կունենա մի խումբ տաղանդաշատ երեխաների ձեռագործ աշխատանքների և նկարների ցուցահանդես։

«Մեզ համար անչափ կարևոր է փոքր տարիքից բարձրաճաշակ հանդիսատես ձևավորելը և մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մանուկների տոնը կնշի «ՄուլտՖԻԼ» ծրագրով, որը տեղի կունենա ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն երեխաների կողմից սիրված մեղեդիներ՝ հեքիաթային ֆիլմերից և մուլտֆիլմերից

Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական ու մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ և զրույցներ և խաղեր: Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ 13:00-ին:

Նույն օրը՝ ժամը 14:00-ին «Զանգակ» հրատարակչության կողմից կհայտարարվի Ամառային ընթերցանություն 2022-ի մեկնարկը։ Ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի բեսթսելերների ցանկը գլխավորող «Հարրի Փոթեր» վիպաշարի հինգերորդ հատորի՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» շնորհանդեսը:

Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Leave a Response