Նախապատվությունը պետք է տալ տեղականին, և հիմար դրության մեջ չգցել սեփական երկրի գյուղացուն․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպել է բիզնեսի, ՓՄՁ և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի տնտեսական խնդիրները, վիճակը շտկելու ուղղությամբ անելիքները և այլ հարցեր։
«Ինձ համար գերխնդիր էր աշխատատեղեր ստեղծելը։ Նախկինում իմ նախընտրական բոլոր հանդիպումներին ես մարդկանց հետ խոսել եմ այս հարցի շուրջ։ Հանդիպել եմ բոլոր ոլորտների գործարարների հետ, խոսել առկա խնդիրներից, և ինչ ասել են մասնագետները, հետևել ենք դրան։ Ու պայմանանավորվում էինք՝ եթե հանկարծ ես իմ մասով խոստացածն անում եմ, իսկ նրանք իրենցը՝ ոչ, թող ինձնից չնեղանան։ Խնդիրները լուծվում էին նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխման արդյունքում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ բերելով փոփոխությունները ձվի ներկրման/արտահանման շուկայում։ Դրանից հետո լուծվեց թռչնամսի շուկայի հարցը։ «Հետո անցանք մյուս ոլորտներին։ Երբ նժարին են հայտնվում տեղական ու օտարերկրյա արտադրանքը, նախապատվությունը պետք է տալ տեղականին, և հիմար դրության մեջ չգցել սեփական երկրի գյուղացուն», — ասել է նախագահը։ Նախագահը կարևորել է նաև մասնագետներին լսելու, նրանց հետ խորհրդակցելու հարցը։