Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Բաբկենի Կնյազյանն այսօր տոնում է իր ծննդյան 71-ամյակը: Ն.Կնյազյանը ՀՀ -ում և դրա սահմաններից դուրս մեծ հարգանք վայելող գիտնական է, ում բազմամյա վաստակը գիտության և մանկավարժական գործունեության մեջ, պարզապես, անգնահատելի է:
Ն.Կնյազյանը ավելի քան 248 գիտական հոդվածի և արտոնագրի հեղինակ է: Նրա նախաձեռնությամբ Հայաստանում ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից կազմակերպվել է 6 Միջազգային գիտաժողով՝ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» թեմայով, նաև՝ բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել Միջազգային ու Հանրապետական գիտաժողովներում:
Ն. Կնյազյանի գիտական գործունեությունը նոր խոսք է ավելացրել անօրգանական և սիլիկատային նյութերի քիմիայի բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել և շարունակվում են մշակվել տեխնիկական նշանակության, նոր բաղադրության դյուրահալ, միկրոկարծրության բարձր արժեքներով, քիմիապես կայուն, ցածր ջերմաստիճանային կապակցող ապակիներ, պաշտպանիչ և մեկուսիչ ապակեծածկույթներ, կոնստրուկցիոն և ապակեբյուրեղային սեգնետոէլեկտրիկ նյութեր, կարծր էլեկտրոլիտներ, կիսահաղորդչային ապակիներ, իոնացված ճառագայթների և դանդաղընթաց նեյտրոնների կլանիչներ:
Տեղական ալյումասիլիկատային ապարների հիման վրա մշակված են բաղադրություններ՝ տարային, տեսակավոր և թերթավոր ապակիների, դյուրահալ էմալների, գունավոր ապակիների՝ վիտրաժների գեղարվեստական իրերի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իմիտացիայի ստացման համար, ջերմակայուն ապակիների և ապակեբյուրեղային նյութերի նոր բաղադրություններ և սիտալացման՝ երկաստիճանային ջերմամշակման տեխնոլոգիաներ, որոնցից շատերը ներդրված են արտադրության մեջ:
gmpress.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է մեծանուն գիտնականին՝ ծննդյան 71-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ՝ գիտական ու մանկավարժական գործունեության մեջ: