Կյանքը de facto

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը կտևի 10-12 տարի. մասնագետները կվերապատրաստվեն ՌԴ-ում

457views

Նոր ատոմակայանի մասնագետները, որը «Ռոսատոմ»-ը նախատեսում է կառուցել Հայաստանում, կվերապատրաստվեն Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

 

«Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ է վերապատրաստվելու ատոմակայանի ապագա անձնակազմը։

 

Գործող Հայկական ԱԷԿ-ի ռեսուրսը երկարացվել է մինչև 2026 թվականը, որից հետո, ըստ Մարտիրոսյանի, կլինի երկրորդ երկարաձգում ևս 10 տարով։ Նա նշել է, որ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի։

 

«Եվ այդ ժամանակ հարց կծագի նոր ատոմակայանի կադրերի դարբնոցի հետ կապված, դրանք ռուսական բուհեր են… Որովհետև մեր (գործող) կայանում մասնագետները վերապատրաստվել և վերպատրաստվում են և բարձրացնում են իրենց որակավորումը ռուսական բուհերում»,- ասել է Մարտիրոսյանը։

 

Նա նաև ասել է, որ Հայաստանը դիտարկում է «Ռոսատոմ»-ի կողմից հանրապետությունում ռուսական նախագծով ցածր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը։

 

«Դիտարկվել է փոքր կայանների հարցը… «ԳեոՊրոՄայնինգ-Արմենիա» համալիրի համար Զանգեզուրում նման կայան կառուցելու հնարավորություն կա»,- ասել է Մարտիրոսյանը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների շինարարության ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրվել է հինգշաբթի՝ «Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:

 

Հուշագրում ընդգծվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել՝ համագործակցելու ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորության մշակման գործում: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ատոմակայանի տարածքում:

Leave a Response