Կյանքը de facto

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրոնային ծառայությունների հարկմանն առնչվող փոփոխությունները

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
416views

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 11-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել են էլեկտրոնային ծառայությունների հարկմանն առնչվող փոփոխությունները։ Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:

ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային ծառայություններ մատուցող ՀՀ-ում գրանցված ԱԱՀ վճարողներին և ոչ ռեզիդենտ կազմակերպություններին։ Ըստ Ասանեթ Ալոյանի՝ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների համար ստեղծվելու է առավել բարենպաստ հարկման ընթացակարգ՝ խթանելու համար էլեկտրոնային ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես՝ որոշ էլեկտրոնային ծառայությունների դեպքում նախատեսվում է գործող ավելացված արժեքի հարկի 20% դրույքաչափի փոխարեն կիրառել 0% դրույքաչափ՝ հաշվի առնելով էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման առանձնահատկությունները։

Նախագծով սահմանված է նաև, որ ՀՀ-ում մշտական հասատատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետությունում մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկվելու են ավելացված արժեքի հարկով, և այդ գործարքների մասով ոչ ռեզիդենտը հաշվարկելու և վճարելու է ԱԱՀ։ Իսկ հաշվարկի ներկայացման և հարկի վճարման առումով ոչ ռեզիդենտի համար հաշվետու ժամանակաշրջանն ամսվա փոխարեն նախատեսված է եռամսյակը։ «ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնի ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան, և նույն ժամկետում վճարի ԱԱՀ գումարները»,-տեղեկացրել է Ասանեթ Ալոյանը։

ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը մանրամասնել է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները ՊԵԿ պաշտոնական կայքից մուտք կգործեն համապատասխան էլեկտրոնային համակարգ, որի միջոցով հարկային մարմնում կհաշվառվեն, կներկայացնեն հաշվարկ և կվճարեն ԱԱՀ պարզեցված ընթացակարգով, այլ ոչ թե ԱԱՀ հաշվարկի գործող ձևով՝ խնայելով ժամանակ և միջոցներ։ Համակարգը լինելու է երկու լեզվով՝ անգլերեն և ռուսերեն։

Լուսինե Այվազյանն ընդգծել է, որ լավագույն փորձի, հետևաբար հարկային պարտավորությունների կատարման հարմարավետ ու պարզ համակարգի ներդրման նպատակով կազմակերպվել են քննարկումներ էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպությունների (Google-ը, Facebook-ը, Booking.com-ը, Netflix-ը, Amazon-ը, Spotify-ը և այլն) ներկայացուցիրների և միջազգային փորձագետների հետ․ «Օրենսդրական նախագիծը կազմելիս հաշվի են առնվել նրանց առաջարկությունները, և ըստ անհրաժեշտության, քննարկումներ դեռ իրականացվում են։ Նշված բոլոր կազմակերպությունները հաշվառվելու և հարկերը վճարելու պատրաստակամություն են հայտնել»։

ՊԵԿ ներկայացուցիչների կարծիքով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, կարևորելով իրենց հեղինակությունը, կցուցաբերեն սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ և կկատարեն հարկային պարտավորությունները։ Արդյունքում պետական բյուջեն կհամալրվի նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ-ում մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկումից ստացվող հարկային եկամուտներով։

ՊԵԿ ներկայացուցիչները հստակեցրել են, որ էլեկտրոնային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձն այդ գործարքների մասով ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն չի կրում։ Բացի այդ, նախագծի դրույթները չեն վերաբերում էլեկտրոնային առևտրին:

Մինչև տարեվերջ սահմանված կարգով Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվելու, ստորագրվելու և հրապարակվելու պարագայում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2022թ․-ի հունվարի մեկից։ Օրենսդրական փոփոխություններից բացի կառավարության որոշմամբ կսահմանվի էլեկտրոնային ծառայությունների ամբողջական ցանկ, որը կընդգրկի, օրինակ՝ տեղեկատվական հեռահաղորդակցման կապով գովազդային ծառայությունների մատուցումը և հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները:

Leave a Response