Կյանքը de factoՊաշտոնական

ՊԵԿ-ը անապրանք գործարքի խոշոր դեպք է բացահայտել

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved
105views

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել էանապրանք գործարքների խոշոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ:

Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել: Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի` իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով, ինչպես նաև համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի, անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում շուրջ 170 մլն. դրամ:

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=sLEI_H9I2ZI

 

Leave a Response