Կյանքը de factoՄիջազգային

«Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել». Պեսկով

598views

Նիկոլ Փաշինյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայի կողմից օգնության թեման: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը շեշտել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը և Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը:

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ մայիսի 13-ին, ուշ երեկոյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունը` առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը `տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը ևս հայտարարություն է տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ:

Ըստ հաղորդման, Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Նիկոլ Փաշինյանը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:

Leave a Response