Միջազգային

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է ՌԴ-ի հետ հաշտության համաձայնագրի հնարավորության մասին

579views

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի բացակայության խնդրի լուծումը չի կարելի բարդել հաջորդ սերունդների ուսերին: Վարչապետի խոսքը մեջբերվում է նրա գրասենյակի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ճապոնիայի բազային դիրքորոշումը Հյուսիսային տարածքների շուրջ հարցի լուծումն է և հաշտության համաձայնագրի կնքումը: Ես կցանկանայի ուժեղ թափով աշխատել այդ խնդրի լուծման վրա՝ ակնթարթ իսկ չմտածելով այն հաջորդ սերունդների ուսերին թողնելու մասին»,-նշել է Կիսիդան:

Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերին, կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, ինքն անհապաղ հեռախոսային բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ի թիվս այլ հարցերի, մենք համաձայնել ենք, որ կողմերը պետք է լրջորեն այդ խնդրի լուծմամբ զբաղվեն առկա համաձայնությունների, այդ թվում՝ այն բանի հիման վրա, ինչը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականին»,-ասել է Կիսիդան:

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի և Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի և Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային-իրավական ձևակերպում, կասկածից վեր է: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին:

Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչև այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել է չորս կղզիները վերադարձնելու պահանջը և միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը:

Leave a Response