Միջազգային

«Հակառուսական պատժամիջոցներ. հայտարարելը հեշտ է, կյանքի կոչելը՝ դժվար». Financial Times-ը հայտնել է հարցի առնչությամբ ԱՄՆ վարչակազմում 2 տարբեր մոտեցումների մասին

752views

ԱՄՆ վարչակազմում ստեղծվել է երկու խումբ, որոնք տարբեր մոտեցումներ ունեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում, գրում է Financial Times-ը:

Մասնավորապես, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրված Վիկտորիա Նուլանդը հավատարիմ է «կոշտ գծին», նշում է թերթը: Մեկ այլ խմբի մեջ մտնում են գանձապետարանի և Պետդեպարտամենտի կադրային բյուրոկրատները, որոնք սկզբունքորեն համաձայն են պատժամիջոցների կիրառմանը, բայց մտահոգված են դրանց հնարավոր արդյունավետությամբ, բուն ամերիկյան տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցությամբ և գործընկերների դիրքը հաշվի առնելու անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ, Նուլանդն ինքը կասկածում է, որ ԱՄՆ-ն պետք է կախված լինի այդ հարցի վերաբերյալ Եվրամիության կարծիքից:

Վատատեսներն այս առնչությամբ հիշում են ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի և Ռուսաստանի ամենամեծ ալյումին արտադրող ընկերության՝ «Ռուսալ»-ի դեմ պատժամիջոցները, որոնք մտցվել են 2018 թվականին և ալյումինի շուկայում գների բարձրացման պատճառ դարձել, իսկ այնուհետև հանվել են ռուսական ընկերության բաժնետոմսերի «կոսմետիկ վերադասավորումից» հետո:

Ֆինանսների փոխնախարար Էլիզաբեթ Ռոզենբերգի խորհրդականը և Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Փիթեր Հարելը զբաղվում են պատժամիջոցների փաթեթի ձևավորման գործնական հարցերով: Մասնավորապես, Ռոզենբերգը վերահսկում է ԱՄՆ-ի պատասխանը SolarWinds ընկերության դեմ ենթադրաբար ռուսների կողմից հաքերային հարձակմանը: Այս պատժամիջոցների մասին կհայտարարվի հունիսի 2-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը հայտարարություններ է անում կոշտ դիրքորոշման ոգով, հավանաբար ֆինանսական պատժամիջոցներ չի կիրառի այլ անձանց նկատմամբ, բացի մի շարք ոչ ազդեցիկ գործարարների և պաշտոնյաների, գրում է FT-ն: Հրապարակման համաձայն, դա պայմանավորված է նրանով, որ ամերիկյան օրենքները հեշտացնում են պատժամիջոցների հայտարարումը, բայց թույլ չեն տալիս դրանք նույնպիսի հեշտությամբ վերացնել, նույնիսկ եթե դա անհրաժեշտ է իրավիճակը բարելավելու համար:

Մարտի սկզբին Եվրամիությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու առնչությամբ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացու նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար: ԵՄ-ից հետո ԱՄՆ-ն նույնպես հայտարարել է սահմանափակումների ներդրման մասին: Դրանք բոլորը վերաբերում են Ռուսաստանի ուժային մարմինների ղեկավարներին: Բացի այդ, Վաշինգտոնը ցուցակում ներառել է նաև պաշտպանության նախարարության 27-րդ հետազոտական կենտրոնը, ՊՆ 33-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտը և օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի հետազոտական ինստիտուտը: 90 օրվա ընթացքում Վաշինգտոնը պետք է պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառի:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Մոսկվան միանշանակ կպատասխանի պատժամիջոցներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը վստահ է, որ սահմանափակումների քաղաքականությունը չի հասնում իր նպատակին:

Նավալնիի հետ կապված իրավիճակը

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել 2021-ի հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է: Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել էր այն իրական դատավճռով, այն է՝ 3.5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ իշխանությունները:

ՌԴ ԱԳՆ-ն ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտադիր չէ ականջալուր լինել Նավալնիի առնչությամբ արտերկրից հնչող հայտարարություններին:

Նշենք՝ Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով երեկ չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Գործչին ազատ արձակելու առնչությամբ կոչերով էին հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

SolarWinds ընկերության հաճախորդների վրա հաքերային հարձակումները

Հունվարի սկզբին ԱՄՆ հաքերային և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը (CISA) հրապարակել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ամերիկյան որոշ այլ կառույցների համատեղ հայտարարությունը, ըստ որի, Ռուսաստանը, ենթադրաբար, կանգնած է SolarWinds-ի հաճախորդների վրա լայնածավալ հաքերային հարձակման հետևում:

Հաղորդվում է, որ հաքերային հարձակման զոհ են դարձել ԱՄՆ մի քանի պետական գործակալություններ: Վաշինգտոնում պնդել են, որ հարձակման նպատակը հետախուզական տեղեկատվություն ստանալն է, բայց ցանցահենները չեն կարողացել այն ձեռք բերել: Փետրվարի վերջին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է տարբեր մեթոդներ կիրառել հաքերային հարձակման հետ կապված: Ըստ նրա, դրանք պետք է լինեն «ոչ միայն պատժամիջոցներ»՝ ամերիկյան կողմը նախատեսում է օգտագործել «տեսանելի ու անտեսանելի» գործիքներ:

ԱՄՆ-ն բազմիցս մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակումների համար, որոնց մի մասը, ըստ ամերիկյան իշխանությունների, օգտագործվել են երկրի նախագահական ընտրություններին միջամտելու համար: Մոսկվայում, իրենց հերթին, բազմիցս նշել են այս առնչությամբ ապացույցների բացակայության մասին:

Leave a Response