Կյանքը de facto

«Հայելային հետքաշում» ասածը անիմաստ խոսակցություն է․ Սեյրան Օհանյան

440views

Հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է,  հակառակորդը մխրճվել է մեր հատված, հետևաբար հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ռուսական և ադրբեջանական կողմերին հայկական կողմի ուղարկված առարկությունների փաթեթին։

«Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել։ Մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում։ Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»,-մանրամասնեց նա։

Գեներալ-գնդապետի խոսքով՝ լավ լիներ, որ քննարկումներ լինեին, հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վեր հանի խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ փաթեթը, իսկ այս պայմաններում մնացած խոսակցությունները օդի մեջ են։

Անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում, Սեյրան Օհանյանն ասաց․

«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին հետ քաշվել։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։ Այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են»,-շեշտեց նա։

Եզրափակելով խոսքը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք։

ՀեղինակԱնի Գևորգյան

Leave a Response