Փետրվարի 15-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Սիրո երգեր» խորագրով համերգ՝ նվիրված Սբ. Սարգսի տոնին: Ծրագրում տեղ էին գտել սիրո թեմային նվիրված բացառիկ երաժշտական օրինակներ` երգեր, ռոմանսներ, արիաներ և զուգերգեր: «Սիրո երգեր»-ը հնչեցին տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն և չեխերեն)` բոլորին հասկանալի դառնալով համամարդկային լեզվի` երաժշտության օգնությամբ:
Համերգի մասնակիցներն էին Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դոցենտ Լիանա Վարդանյանի ակադեմիական մեներգեցողության դասարանի սաները՝ Նարե Ճաղարյանը, Մարյանա Գևորգյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը (սոպրանո), Հռիփսիմե Սարգսյանը (մեցցո-սոպրանո), Դավիթ Խաչատրյանը (տենոր), Սամվել Եփրեմյանը (բարիտոն), նվագակցող՝ Իզաբելա Շախսուվարյան:
Նշենք, որ երիտասարդ երգիչներից մեկը՝ Դավիթ Խաչատրյանը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և ՀՀ ՊՆ կողմից արժանացել է Արիության մեդալի:
Ներկաները ձմեռային երեկոյից հեռացան արևաշող տրամադրությամբ: