Արժեքներ

Կայացավ երկար սպասված «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը

1.6kviews

 

Հունիսի 14-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ իրականացված «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր կոմպոզիտորի տուն-թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ 2021 թ. լրացավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և համակարգմամբ իրականացվեցին բազմաբնույթ նախագծեր Հայաստանում և արտերկրում: Դրանց թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի ներկայացրած «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» նախագիծը արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը՝ մասնակցության ծրագրով ստանալով աջակցություն:

Պատկերագիրքը դարձավ հոբելյանական նախագծերի գագաթնակետը: Նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ. (ծրագրի ղեկավար և գլխավոր կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան): Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ: Ներկայացվող արժեքավոր նյութերը՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, հուշեր, գրախոսականներ, համերգների ազդագրեր ու ծրագրեր, գեղանկարներ, հոդվածներ, անձնական իրերի լուսանկարներ, ինչպես նաև պատառիկներ կոմպոզիտորի ինքնակենսագրությունից, առավել տեսանելի ու պատկերավոր են դարձնում նրա կերպարը, միջավայրը և փոխհարաբերությունները ժամանակի երևելի գործիչների հետ: Ներկայացված են նաև մեծ երաժշտի հիշատակի հավերժացմանը վերաբերվող փաստեր ու վկայություններ:

Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ (ՀՊՍՆ, դիրիժոր՝ Վահագն Պապյան, Կարեն Շահգալդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Արմինե Գրիգորյան և Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)): Ստեղծագործությունները նորագույն տեխնոլոգիաներով ձայնագրելը Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՊՍՆ մտահղացումն է՝ 21-րդ դարի երաժշտասերներին նորովի մեկնաբանմամբ հասանելի դարձնելու նպատակով: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով:

Պատկերագիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:
Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:

Շնորհանդեսին ներկա էին պետական այրեր, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Այն, ինչ արել է Սպենդիարյանը մեր հանրությանը մշակութայնացնելու, համաեվրոպական արժեքային համակարգի վրա դնելու առումով, ուղղակի արժանի է հիացումի, խոնարհման՝ իմ պատկերացմամբ հայ մտավորականի ամենաբարձր չափանիշներն ապահովող մի գործիչ: Կարծում եմ, գրքի հրատարակումը հոբելյանական միջոցառումների ամենաճիշտ ընտրված գագաթնակետն է, որի կապակցությամբ շնորհավորում եմ թանգարանին և երաժշտասեր հանրությանը», հավելեց պարոն Խզմալյանը:

Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան նշեց, որ «Մեծ կոմպոզիտորի համամարդկային նշանակության երաժշտական գործունեությունը չէր կարող անտեսվել համապատասխան միջազգային կառույցների կողմից: Որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով ողջունում ենք երկլեզու ժողովածուի հրատարակումն ու ձայնասկավառակի թողարկումը: Վստահ եմ, որ Սպենդիարյանի ժառանգությունն առաջ մղելու մեր համատեղ ջանքերն ավելի կմեծացնեն հայ երաժշտության և արվեստի համամարդկային նշանակության ընկալումն աշխարհում»:

Գիրքը ներկայացրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը. «Սա մի լայն պատմամշակութային տեքստ ներկայացնող հրատարակություն է, որտեղ ներառված են բոլոր հետաքրքիր, անհրաժեշտ նրբությունները, բոլոր հետաքրքիր անձնավորությունները, որոնց հետ ստեղծագործական, մարդկային և գործընկերային հարաբերությունների մեջ է եղել Սպենդիարյանը: Հույս եմ հայտնում, որ տուն-թանգարանի աշխատանքները այս ոլորտում չեն ավարտվի»:

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հովանավորներին և գործընկերներին նախագծի և շնորհանդեսի կյանքի կոչման համար: «Ես այս ծրագիրը համարում եմ կոմպոզիտորի հոբելյանական նախագծերի ամենաարժեքավոր ձեռքբերումը, կուլմինացիան, բայց ոչ ավարտը: Կարծում եմ, որ այս պատկերագիրքը նոր էջեր է բացում սպենդիարյանագիտության մեջ, և մենք արդյունքները կճաշակենք շատ ավելի հետո: Սպենդիարյանը բոլորիս համախմբել է այստեղ, և շնորհակալ ենք նրան, որ մեզ պատիվ է տվել լինել իր աշխարհում», իր խոսքը եզրափակեց տիկին Օթարյանը:

Ցուցադրվեց նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող տեսաշար:

Երեկոյի համերգային բաժնում հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործություններից Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արտյոմ Իոանիսյան (թավջութակ):

Շենքի պատշգամբում հյուրերը ծանոթացան «Մեկ ցուցանմուշի պատմության»՝ կոմպոզիտորի տուն-թանգարանից միայն մեկ օրով այստեղ հանգրվանած Արարատյան թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին: Հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույցով այս ցուցանմուշը պատմում է, թե ինչպես կոմպոզիտորին այս շենքում հատկացվեց աշխատասենյակ, որտեղ նա գրեց իր հայաստանյան առաջին և միակ ստեղծագործությունը՝ «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Ի դեպ, շնորհանդեսի վայրը նույնպես պատահական չէր ընտրված. այն շատ մոտ էր հենց Առաջնորդարանի շենքին, որտեղ կոմպոզիտորը ոգեշնչվել էր պատշգամբից բացվող տեսարանով:

Leave a Response