436
Սուրբ Սարգիսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է: Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում..
Հայերի մեջ տարածված սովորույթ էր` Սարգիսին նվիրված պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը ։
Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն այս փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:
Հայոց աշխարհը մի շարք շրջաններում այդ գիշեր աղի բաղարջ էին թխում: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում: Հետո շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ ,ծածկում այն խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում:
Ժողովրդական պատումներից մեկի համաձայն Ս.Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշեցին կայսերական պալատում խնջույքով: Երբ բոլորը գինովցած քուն մտան, կայսեր կողմից 40 աղջիկներին պատվիրվեց սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործեցին իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը` քնած Ս.Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով` սիրահարվեց նրան և սպանելու փոխարեն համբուրելով արթնացրեց: Ս.Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս և ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից: Այս գեղեցիկ պատումն է, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոս — հովանավորը:
Իր արագահասությամբ նա մշտապես օգնում ու սատարում է իրեն կանչող բոլոր երիտասարդներին:
add a comment