Կյանքը de factoՀասարակություն

Թանգարանների գիշերն անվտանգ է R5 Կենտրոնի հետ

2.7kviews

«Թանգարանների գիշեր» ամենամյա միջազգային միջացառումը, որը նվիրված է Թանգարանների օրվան, գրավում , ինչու ոչ, նաև միավորում է մշակութասեր բազմաթիվ մարդկանց, ովքեր հնարավորություն են ստանում անվճար այցելել թանգարաններ, մասնակցել ցուցահանդեսների, համերգային  կամ ցանկացած այլ մշակութային իրադարձության:

Մշակութային այս յուրօրինակ ակցիան անցկացվում է ամբողջ աշխարհում, որի նպատակն է հնարավորինս շատ այցելուների ներգրավելով, հատկապես երիտասարդների, ցույց տալ ժամանակակից թանգարանների ձեռքբերումներն ու ներուժը:12 թանգարաններ, որոնք կարելի է այցելել առցանց - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Այս տարի  «Թանգարանների գիշերը» կկայանա մայիսի 21-ին, և հայաստանյան բոլոր թանգարանները դռնբաց, գեղեցիկ միջոցառումների ցանկով կհյուրնկալեն բազմաթիվ մարդկանց։

Այս առիթով R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնը որոշում է ընդունել  այդ գիշերը լինել գործընկեր թանգարանների կողքին` նպաստելով այցելուների և աշխատակիցների անվտանգությանը:

gmpress.am-ի հետ զրույցում, գաղափարի առաջացման և նպատակի մասին խոսելիս, R5 Կենտրոնի հիմնադիր Անի Տերտերյանը նշեց, որ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը մասնակցել է տարիներ շարունակ` դեռևս լինելով ՀՀ ԱԻՆ համապատասխան բաժնի ծառայող․ «Դա այն օրն է,  երբ բոլոր թանգարաններում լինում են մարդկային մեծ կուտակումներ, նաև՝ անկառավարելի իրավիճակներ են առաջանում:  Թանգարանների այցելուներից շատերն այդ անցուդարձի մեջ  անգամ տարածքում դժվար են կողմնորոշվում, ինքնազգացողությունն է վատանում և նմանատիպ շատ այլ ոչ ցանկալի իրավիճակներ են առաջանում,  որոնց ժամանակ պետք է մարդկանց օգնել: Այս ամենը վերլուծելով, ինչպես նաև՝ գործընկեր թանգարաններին օգտակար լինելու նպատակով, մեր թիմը որոշեց, որ կօգնի հնարավորինս անվտանգ միջավայր պահպանել այցելուների համար, և մեր «Առաջին օգնության» հրահանգիչները կամավորների հետ միասին այդ գիշեր կլինեն թանգարաններում: Նրանք իրենց մոտ կունենան արագ արձագանքման պայուսակներ` հագեցած առաջին օգնության միջոցներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով»,- նշեց Ա․Տերտերյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ում հետ են համագործակցում՝ տիկին Տերտերյանն ասաց․ «Այսօր մեզ հետ համագործակցում են Հայաստանի լավագույն թանգարանները` Ժողովրդական արվեստների, Թումանյանի, Քոչարի թանգարանները, Սարյանի և Չարենցի տուն-թանգարանները և, ի պատասխան նման վստահության, R5 Կենտրոնը սիրով միանում է Թանգարանների գիշեր միջոցառմանը։

Այնպես որ, սիրելի՛ այցելուներ, մի շարք թանգարաններում կարող եք հանդիպել մեր թիմի անդամներին,  որոնք սիրով կօգնեն ձեզ ցանկացած բարդ իրավիճակում»,- եզրափակեց R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր Անի Տերտերյանը:

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response