Ես համայնքի ղեկավարի հենց այն կերպարն եմ, որից ժողովուրդը հաստատ գոհ կլինի. Վալոդյա Գրիգորյան

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Պտղունք, Մուսալեռ, Արևշատ, Այգեկ և Փարաքար գյուղերը, մարտի 30-ին ևս համայնքապետի – ավագանու ընտրություններ են լինելու։
Քարոզարշավի ավարտին մոտ, երբ արդեն բոլոր թեկնածուները հանդիպել են բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը, նախընտրական խոստումներ տվել, սոցհարցումներ իրականացրեցինք՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում: Ըստ այդմ, հարցումների արդյունքներով առաջատար է Միասնություն դաշինքը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը, ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
Պարոն Գրիգորյան, քարոզարշավն ավարտվել է և, կարծես թե, «Բոլորի համայնքապետ» կարգախոսն այլևս իրականություն է: Դուք ինչպե՞ս կգնահատեք այս ողջ ընթացքն ու Ձեր ընտրվելու հավանականությունը:
Այս քարոզարշավի ժամանակ հասկացա, որ, այո՛, բոլորի համայնքապետը լինելը կոնկրետ ինձ է վերաբերվում: Շատ տպավորված եմ մարդկանց տրամադրվածությամբ և ոգևորվածությամբ , որ այս արդար պայքարի մեջ առանց քաշվելու և մտածելու խոսում են իրենց խնդիրներից, և նույնիսկ իրենք են ասում՝ միասին այս մեկն անենք, այն մեկն անենք: Պետք է նշեմ, որ նաև կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս չեն գալիս բացահայտ պայքարի, բայց նույնպես սատարում են մեզ: Մեզ հետ զրույցների ընթացքում հասկանալի է դարձել, որ մարդիկ գիտեն իրականությունը, տեսել են, հասկացել են, հիասթափված են այն հանգամանքից, որ 2021թ.-ի ընտրություններից հետ ոչինչ չի արվել, որ խոստումներն այդպես էլ ի կատար չեն ածվել: Ես էլ իրենց ու, առհասարակ, մշտապես ասում եմ, որ իմ նպատակը խոստումներ տալն ու ընտրվելը չէ, ինձ համար կարևոր է ընտանիքիս, թիմակիցներիս, ժողովրդի կարծիքն իմ մասին: Համայնքի բնակիչներին ասել եմ, որ նախընտրական ծրագրում ինչ նշված է (մանկապարտեզների անվճար սպասարկում 2025թ․-ի սեպտեմբերի 1-ից, բոլոր գյուղերը միավորող ներհամայնքային անվճար տրանսպորտի ներդրում 2026թ․-ից, ներհամայնքային փողոցների բարեկարգում,ասֆալտապատում, բոլոր թաղամասերում փողոցային լուսավորության համակարգի ներդրում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, Փարաքար, Թաիրով բնակավայրերում անցնող ջրանցքի բարեկարգում, գերեզմանատների բարեկարգում, շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգիների կառուցում, բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում, վերանորոգում, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, սպորտային և արվեստի դպրոցների վերանորոգում, կահավորում, միջազգային չափանիշների սպորտային համալիրի կառուցում, բժշկական ամբուլատորիաների վերանորոգում, կահավորում, մշակութային կառույցների վերանորոգում, հանրային բաց լողավազանի կառուցում, երիտասարդների համար ժամանցի վայրերի կառուցում, բնակիչների կադաստրային խնդիրների կարգավորում) ՝բոլորն իրականացնելու ենք, բնականաբար, իսկ այդ կետերից դուրս յուրաքանչյուր հարցի դեպքում պայմանավորվել ենք ընտրություններից հետո ընդունել բնակիչներին, լսել և արագ ի կատար ածել:
Խոսելով բնակիչների ակնկալիքների մասին, նյութականը թողնելով մի կողմ, իհարկե, արդեն վերլուծելով քարոզարշավը բոլոր տեսանկյուններից՝ արդյո՞ք կարող եք ասել, որ այն ղեկավարն եք, բարոյական այն կերպարը, որ ժողովուրդը ցանկանում է տեսնել:
Այո՛, ես հենց այդ կերպարն եմ, որից ժողովուրդը հաստատ գոհ կլինի, որովհետև համայնքապետարանը պետք է լինի այնպիսի մի վայր, որտեղ ցանկացած բնակիչ պետք է մտնի իր խնդրի լուծման անկալիքով և հեռանա այդտեղից բարձր տրամադրությամբ: Այս տարիների ընթացքում բնակիչները բարձրաձայնում են, որ իրենք հաճախակի են եղել համայնքապետարանում և ոչ մի դրական արձագանք իրենց հարցին չեն ստացել՝ փոխարենը լսել են դրանցից խույս տալու տարատեսակ արդարացումներ: Եղել են նաև դեպքեր, երբ մարդը եկել է, և ղեկավարը, համայնքի հետ կապված ինչ-ինչ հարցերով, տեղում չի եղել, ու հետո նրա հետ հետադարձ կապը չի ապահովվել: Բնակչի հետ հետադարձ կապն ապահովելու հարցը ևս հրատապ է ու առաջնային մեզ համար:
Դուք ներկայանում եք Միասնություն դաշինքով…. այս անվանմամբ դաշինք էին ձևավորել նաև ՀՀ քաղաքական երկու հսկաները՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Ինչու՞ հենց այս անվանումը և արդյո՞ք այն առավել պարտավորեցնող չէ:
Ես մեծ հպարտությամբ եմ ընդունել դաշինքի այս անունը և նույն հպարտությամբ ու պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ գործունեություն իրականացնել՝ ի նպաստ մեր համայնքի և ի շահ մեր հանրապետության:
Պետք է արձանագրեմ, որ այս տարիների ընթացքում, համայնքի գործող իշխանության օրոք, բնակչությունը բաժանվել է 2 մասի: Բացի մի շարք տարաձայնությունները՝ նաև շատերը մտածում էին, թե ինչու պետք է 49 տոկոս` ձայների մեծամասնությունը հավաքած ուժը պարտվեր աթոռակռիվ տվող և վերջնաարդյունքում միմյանց հետ «կպնելով» (ինչ է թե օրենքը թույլ է տալիս) ղեկավարությունը ստանձնած ուժերին (2021թ.-ին). չէ՞ որ մարդիկ իրենց ընտրյալին էին ուզում տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում: Հենց նաև այդ բաժանումը դարձավ դաշինքի անվան ընտրության պատճառը, որ փարաքարցի, թաիրովցի, մերձավանցի, արևշատցի, նորակերտցի, բաղրամյանցի, պտղունքցի, մուսալեռցի՝ միավորվեն, միասնական դառնան, որ ոչ մի տարանջատում չլինի: Չլինի այն մտայնությունը, որ եթե կենտրոնը Փարաքարում է, ուրեմն համայնքի ղեկավարը պետք է փարաքարցի լինի:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես Փարաքարի ու Թաիրովի բնակիչներին, որ նրանք այս տարիների ընթացքում շատ լավ հասկացել են՝ իրենց համար առաջնայինը պետք է լինի այն մարդը, ղեկավարը, ով իրենց խնդրին լուծում կտա ու կմտածի համայնքի մասին: Հստակությունն իրենց համար առաջնային է: Ինձ համար ևս հստակությունը, սկզբունքայնությունն ու մշտապես օգտակար լինելու պատրաստակամությունը կարևորագույն հատկանիշներ են: Ես «չէ» չեմ կարողանում ասել, եթե հարցը, խնդիրը գլոբալ է և այդ պահին չեմ կարողանում որևէ կերպ լուծել, խոստանում եմ, օրինակ, մեկ ամսից անել և ինչ էլ լինի՝ պարտադիր անում եմ:
Նշեմ նաև, որ այս 3 տարվա ընթացքում չենք նստել մեր տեղում, անընդհատ շրջել ենք, ծանոթացել մեր բնակիչների խնդիրներին, իմ հնարավորությունների սահմաններում համայնքի հետ հավասար աշխատել եմ, նույնիսկ ավելին՝ եթե համայնքապետարանից տվյալ տեղում չեն եղել՝ ես եղել եմ: Նաև եղել են դեպքեր, երբ, օրինակ, փորձել ենք ինչ-որ համայնքում խաղահրապարակ կառուցել՝ համայնքապետարանը մեզ միայն խանգարել է, թույլ չի տվել անել և այլն:
Կան բնակիչներ, ովքեր մեծ ռեսուրս ունեն և պատրաստ են համայնքի համար ինչ-որ ներդրում անել, օգնել և բոլորին մերժել են, պատճառաբանելով, թե այդպես չի կարող լինել: Օրինակ՝ մարդ կա, ով ուզում է համայնքում 30 մլն. ներդրում անել, և ասել է, որ ինձ կաջակցի, եթե ես թույլ տամ, ես էլ պատասխանել եմ, որ անպայման, բայց միայն թե 30-ի փոխարեն 40մլն.: Պետք է ցանկացած ռեսուրս օգտագործել: Նման մարդիկ շատ են , և բոլորս միասին պետք է գործենք՝ ի շահ մեր սիրելի համայնքի:
Ձեր հայրը, Լևոն Գրիգորյանը, մեծ հեղինակություն ունի և հատկապես մերձավանցիների շրջանում՝ հաշվի առնելով համայնքի ղեկավարի իր երկարամյա գործունեությունը, ինչը ևս պարտավորեցնող է…. ի՞նչ կասեք այս առումով:
Հայրս ոչ միայն այս համայնքում, այլև ամբողջ մարզում մեծ հարգանք է վայելում, որտեղ էլ որ եղել եմ՝ ասել են՝ «դու մեր ընկերոջ, մեր Լյովայի տղան ես, մենք գիտենք նա ինչպիսի մարդ է և այլն և այլն…».դա ինձ համար կրկնակի պարտավորեցնող է, և ես այդ ամենը պետք է պահեմ ու ըստ արժանվույն շարունակեմ:
Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն է Ձեր խոսքը, կոչը կամ գուցե հորդորը ընտրողներին և նաև այն մարդկանց, ովքեր չեն պատրաստովում գնալ ընտրության:
Երեկվա մեր վերջնական, ամփոփիչ հավաքի ժամանակ համայնքապետարանի, դպրոցի, մանկապարտեզի աշխատակիցներին և բոլորին հորդորեցի, որ չկաշկանդվեն, առաջին հերթին ուսումնասիրեն մարդու տեսակը և իրենց ընտրությունը ճիշտ կատարեն: Երեկ նաև ասացի, որ համայնքի ղեկավարի աշխատավարձը առաջիկա 5 տարիներին պատրաստվում եմ չստանալ և ներդնել համայնքի բյուջե: Միայն այդ աշխատավարձով կարելի է, օրինակ, փողոցային լուսավորության, ասֆալտապատման և նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր լուծել:
Ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ում հետ այս քարոզարշավի ընթացքում չեմ հասցրել շփվել, այցելել նրանց, խոստանում եմ, որ ընտրվելուց հետո բոլորի հետ առանձին-առանձին կհանդիպեմ, կզրուցեմ, կծանոթանամ խնդիրներին և դրանց անպայման միասին լուծում կտանք:
Համայնքի բնակիչներին հորդորում եմ, որ եթե մտածում են իրենց համայնքի վաղվա օրվա, զարգացման մասին, ապա, բոլորի ծրագրերը, թեկնածուների անցած ճանապարհը մանրամասն ուսումնասիրելուց հետո անպայման գնան ընտրության և իրենց ձայնը տան այն մարդու օգտին, ով ունակ է ղեկավար լինելու, ով իր անցած ուղիով, իր փորձով կարող է նպաստել համայնքի բարգավաճմանը:
Վերջում ուզում եմ հավելել, որ շատերն են ցանկություն հայտնել մեր թիմին միանալու, բայց ես չեմ ուզել՝ հաշվի չառնելով նույնիսկ իրենց ընտրողների քանակը, որովհետև մեր թիմում ընդգրկված են միայն սկզբունքային և վստահելի մարդիկ: Ես իմ թիմի յուրաքանչյուր անդամից անհատապես շնորհակալ եմ՝ վստահության, հավատարմության, սկզբունքայնության համար: Միասնականության և պատրաստակամության շնորհիվ մենք կծաղկեցնենք մեր համայնքը:
Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը