Կյանքը de factoՄիջազգային

Ուկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից

7.2kviews

Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ընդգծեց, որ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիները աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու պահանջից ազատված են որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ: Նրանք իրավունք ունեն ազատորեն մինչև 180 օր Հայաստանում մնալու:

«Եթե իրենց աշխատանքային գործունեությունն ավելի երկար է ձգվելու, Միգրացիոն ծառայությունն իրենց տալիս է փաստաթուղթ այն մասին, որ օրինական են բնակվում և աշխատում Հայաստանում: Տրվում է տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով: Այն տրամադրվում է անվճար բավականին սեղմ ժամկետում՝ 1 շաբաթից 10 օրում»,-պարզաբանեց Դավթյանը:

Հայտը պետք է ներկայացնել օնլյան տարբերակով՝ workpermit.am կայքի միջոցով: Քարտը տրամադրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին Հայաստանում 5 տարով պայմանագիր է կնքել որևէ ընկերությունում, ապա ստանում է 5 տարվա տեղեկանք: Իսկ, եթե պայմանագիրն անժամկետ է, տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի, համեմատության համար նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած ՌԴ քաղաքացիների թիվը եղել է 43 հազար 45: Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է եկել 47 հազար 381 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 40 հազար 36 քաղաքացի, մարտին՝ 54 հազար 700 քաղաքացի: 2022-ի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 հազար 111 ՌԴ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է: Սակայն Դավթյանը շեշտում է՝ սա չի նշանակում, որ Հայաստանում եռամսյակային տվյալներով ընդամենը 4 հազար ՌԴ քաղաքացի կար: «Այդ թիվը փոքր է, քանի որ հունվար ամսին, նաև փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել: Հնարավոր է, որ այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու»,-ասաց նա:

Հունվարին Հայաստանից գնացել է 55 հազար 125 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 38 հազար 548 քաղաքացի, մարտին՝ 44 հազար 438 քաղաքացի: Հունվարին ՌԴ քաղաքացիների ելքերի և մուտքերի տարբերությունը բացասական է եղել, հետո Հայաստանում նկատվել է Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսք, արդյունքում այդ բացասական թիվը կրճատվել է, դարձել դրական, բարձրացել մինչև 4 հազար: Սակայն, օրինակ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, եռամսյակային տվյալներով թիվը գերազանցել է 1500-ը: Դավթյանը նկատեց. «Դժվար թե 4000-ից 1500-ը գրանցվեին որպես իրավաբանական անձ: Իրականում այդ թիվն անգամներով մեծ է»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2531-ի համեմատ: Ընդ որում, բաշխվածությունը հետևյալ կերպ է՝ հունվարին Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիների թիվը  2079 է, փետրվարին՝ 1597, մարտին՝ 2262: Սակայն եռամսյակի տվյալներով Հայաստանից գնացել է Ուկրաինայի 5631 քաղաքացի: Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68: Ընդ որում, այս տարվա հունվարին և փետրվարին ևս տարբերությունը բացասական է եղել, մարտին արդեն՝ դրական: Եռամսյակի տվյալներով Հայաստանում մնացած Ուկրաինայի շուրջ 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանից:

Հայաստանից ապաստան հայցող, այսինքն` փախստականի կարգավիճակ խնդրող Ուկրաինայի քաղաքացիների թվում են ազգությամբ հայեր: «Այս պահին ունենք ավելի քան 200 անձից նմանատիպ հայցադիմում, որոնց 60 տոկոսն ազգությամբ հայեր են, 40 տոկոսը՝ ազգությամբ ուկրաինացիներ»,-ասաց Դավթյանը:

Երբ այդ անձանց շնորհվի փախստականի կարգավիճակ, իրենք Հայաստանում ունենալու են օրինական բնակվելու իրավունք, նրանց տրամադրվելու է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի մոտ 160 պետություններում, որոնք ապաստանի նույն ընթացակարգով են առաջնորդվում: Հայաստանից ապաստան հայցած Ուկրաինայի քաղաքացիների մասով այս պահին դեռևս որոշումներ չկան, ընթացակարգը ոչնչով չի տարբերվում մյուս ապաստան հայցողների ընթացակարգից: Որոշման կայացման համար նախատեսված է 3 ամիս: Երբ նախադեպային որոշումը կայացվի, մնացածը, որոնք նույնանման գործեր են, ավելի արագ կընթանան:

Leave a Response