Կյանքը de factoՀասարակություն

Բանակը վերահաստատեց, որ նա վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը. Վազգեն Մանուկյան

3.8kviews

Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ, որովհետև բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հանրապետության նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր Գասպարյանի ազատման առաջարկությունն ուղարկել ՍԴ, սակայն չուղարկեց: Այսինքն՝ հետագա գործողությունների համար Սարգսյանը կրում է պատասխանատվություն: Ընդ որոմ՝ հստակ էր, որ ինքն առաջին անգամ հայտարարեց, որ առաջարկությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, 3-4 օրում Սահմանադրությունը չէր փոխվել, բայց նույն բանը չհայտարարեց 2-րդ անգամ»,-նշեց նա՝ ընդգծելով, թե դա ցույց է տալիս, որ ինչպես ունենք մեր երկրի համար վնասակար վարչապետ, ունենք նաև այսպիսի նախագահ:

Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախագահի վրա ճնշումներ եղե՞լ են, Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը, ճնշումներին ենթարկվելով, պետք է որոշումներ ընդունի, ում է պետք այդպիսի նախագահը»,-ասաց նա՝ նշելով, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իր մոտ տպավորություն է եղել, թե Սարգսյանն առաջարկությունը կուղարկի ՍԴ:

«Շատ զարմացա, որ չուղարկեց, բայց իրեն ճանաչողներն ինձ ասում էին՝ իզուր ես զարմանում»,-հավելեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նախագահի հրաժարականի հարցն էլ առաջ քաշվի, Մանուկյանն արձագանքեց, թե դա այս պահին երկրորդական է: «Նիկոլ Փաշինյանին ծառայող շատ մարդ կա, մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, դրանից շատ բան չի փոխվում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու Փաշինյանի առաջարկությանը, Մանուկյանը կարծիք հայտնեց՝ շատ հավանական է, որ Սարգսյանն այդ միջնորդությունը կստորագրի:

Ըստ Մանուկյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանի ուժը հերիքի, նա ամբողջ բանակը շարունակելու է ջարդել: «Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ, կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, որը կփոխարինի ԳՇ պետին: Մենք կորցնում ենք հայրենիքը, և դրա պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ անկախ նրանից՝ ինչքանով է կառավարվում դրսից կամ իր ներքին պոռթկումներից: Նրանից պետք է ազատվել»,-ասաց նա՝ նշելով, թե ինքը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու որևէ բան չունի:

«Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունների անցկացումն անհեթեթություն եմ համարում: Դրանք ոչ միայն կեղծ կլինեն, այլև կնշանակեն, որ նա մարսեց այն, ինչը մինչև հիմա եղել է»,-նշեց նա:

Leave a Response