Կյանքը de factoՄիջազգային

ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ խաղաղություն գտնելու հարցում. Պետդեպ

69views

ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

Լրագրողը նրան հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին, ինչին ի պատասխան Փրայսը պատասխանել է. «Ոչ, դա այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը: Միանշանակ, պետքարտուղարը տարբեր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ, սակայն այս կառույցում կան մեծ թվով մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց գործընկերների հետ տարբեր մակարդակներում շփումների մեջ են եղել՝ շարունակելու պրոցեսն ու վերահաստատելով մեր օգնության առաջարկը, քանի որ մենք ցանկանում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Լրագրողի դիտարկմանը, որ ի տարբերություն պետդեպի, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն, Փրայսը պատասխանել է. «Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:

Leave a Response