«Անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև և համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները». Զախարովա (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատման անհրաժեշտությանը՝ հիշեցնելով, որ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում:
«Բանակցություններին հաջորդած օրերին մի շարք հեռախոսզրույցներ են կայացել ՌԴ ղեկավարության և Բաքվի ու Հայաստանի գործընկերների միջև՝ նախագահների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների միջև, համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, ապա ելնում ենք այն տեսանկյունից, որ դա անհրաժեշտ է: Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դրված են բանակցությունների սեղանին, որոնց բովանդակությունն է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը՝ անվտանգության պահպանման, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովման երաշխիքների պարագայում, քանի դեռ չի որոշվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Զախարովան:
Դիվանագետը շեշտադրել է, որ ամեն կողմից արվող հայտարարությունները շատ են և հուզական, սակայն «արդյո՞ք տանում են որոշակի նպատակի հասնելուն»: «Այսօրվա դրությամբ առաջնային նպատակներն են արյունահեղության լիակատար դադարեցումը և անցումը բանակցային գործընթացին, և այդ առնչությամբ մենք բազմիցս կոչ ենք արել բոլորին, ովքեր այս կամ այն կերպ կապված են հակամարտության հետ և անմիջական հակամարտող կողմերին՝ անել ամեն ինչ, որ բոլոր հայտարարությունները ծառայեն վերոնշյալ նպատակների իրականացմանը», -հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովայի անդրադարձին կարող եք հետևել 39-րդ րոպեից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։