Այսօր՝ հունիսի 27-ին մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը:
Երկրորդ փուլով առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող բոլոր առաջին դասարանցիների համար։
Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Հունիսի 12-ից մեկնարկել էր առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի առաջին փուլը, որը նախատեսված էր տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաների համար:
Նշված արտոնյալ կետի շրջանակում հայտագրումն իրականացվել է մինչև հունիսի 25-ը ներառյալ:
Հունիսի 27-ից ընդհանուր հիմունքներով պետք է հայտագրվեն արտոնություն ունեցող մյուս խմբերի ներկայացուցիչները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները,
տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները:
Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում. համապատասխան հիմքերի առկայության դեպքում, եթե հայտագրման ժամանակ ծնողի նախընտրելի դպրոցում ազատ տեղեր առկա չեն, ապա ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։
Վերը նշված արտոնություններից կարող էին օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։
ԿԳՄՍ նախարարությունը պատրաստել է իրազեկող հոլովակ՝ հայտագրման գործընթացի և հաջորդական քայլերի վերաբերյալ: