Արարատի մարզ կատարած աշխատանքային շրջանակներում եղանք նաև Նոր Կյուրինիում, զրուցեցինք գյուղապետ Գևորգ Օհանյանի հետ:
Թվով 1100 բնակչություն ունեցող այս գյուղը ծայրահեղ և, կարելի է ասել նույնիսկ, կորուսյալ վիճակում է գտնվում: Ամայի տարածք հիշեցնող Նոր Կյուրինին ունի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ աշխատատեղերի, մանկապարտեզի, դպրոցի, փողոցային լուսավորության, ասֆալտապատման և այսպես շարունակ: Բնակիչները զրկված են ժամանցային որևէ միջոցից, անգամ գրադարան և սպորտային դահլիճ չունեն, մանկապարտեզն էլ չի գործում:
‹‹ — Հայաստանում չկա այնպիսի համայնք, որ խնդիրներ չունենա: Մենք մանկապարտեզի, դպրոցի ջեռուցման հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք, որն այս պահին ամենակարևորն է: Մանկապարտեզը բյուջեի սուղ լինելու պատճառով չի գործում: Տարիներ շարունակ մեր ձայնը բարձրացրել ենք, խոստումներ կան, բայց չգիտենք, թե դրանք երբ ի կատար կածվեն: Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ այստեղ, աշխատատեղեր չկան: Լավ կլիներ, որ պետական ուշադրությունը դեպի համայնքներ ավելի շատ լիներ:
Խմելու և ոռոգման ջուր ունենք: Մեր հողերը բերրի չեն, որի համար էլ ժողովուրդը չի զբաղվում հողագործությամբ, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև՝ մեկնում արտագնա աշխատանքի:
Փողոցների լուսավորման, ասֆալտապատման, խճապատման խնդիրներ ունենք:
Տրանսպորտի խնդիր ունենք գյուղում, մի գիծ կար, որը մոտ հինգ տարի սպասարկում էր բնակչությանը, հիմա հանեցին: Ներկա դրությամբ գյուղի մեջ չէ, բայյց կենտրոնական ճանապարհով տրանսպորտն անցնում է:
Ճիշտ է, մանկապարտեզը մեր խնդիրն է, բայց քանի որ համայնքը փոքր է, իսկ բյուջեն էլ համապատասխանում է դրա չափերին, չենք կարողանում որևէ բան անել: Ունեինք բարերարներ՝ Ալիսա և Վարդգես Ամիրյանները, որոնք ԱՄՆ-ի հայերն էին: Անցած տարի ամուսինը մահացավ: Շատ բաներ արեցին մեզ համար: Գոնե մի բարերար լիներ, որ հիմա մանկապարտեզի հարցում օգներ մեզ՝ գոնե 9 ամիս աշխատեինք :
Դպրոցը ևս վերանորոգման կարիք ունի:
Ոչ մի մշակութային հաստատություն, գրադարան, սպորտային դահլիճ չունենք :
Այս բոլոր խնդիրների մասին գրավոր տեղեկացնում ենք որտեղ կարողանում ենք, բայց մինչ այժմ ոչ մի արձագանք չի եղել,- ›› մեզ հետ զրույցում նշեց գյուղապետ Գևորգ Օհանյանը:
Վերջում ուզում եմ ավելացնել նաև այն, որ գյուղապետարանի շենքը ևս գտնվում է ահավոր ծարահեղ և աղքատիկ վիճակում՝ առաջինից երկորդ հարկ կապող փայտե աստիճաններն ամեն վայրկյան պատրաստ են փուլ գալու:
Մնում է միայն հույս ունենալ, որ այս հոդվածից հետո պատկան մարմիններն ու բարերարները ուշադրություն կդարձնեն այս փոքրիկ գյուղի մեծ խնդիրներին:
Մերի Եղիազարյան