ԱրժեքներԳլխավոր

Մենք այնտեղ ենք, որտեղ բոլորն են. Ն. Կնյազյան

112kviews

Հայաստանը լեռնային երկիր է, ասել է թե՝ «քարե թանգարան բաց երկնքի տակ», որտեղ առկա են գրեթե բոլոր տիպի մետաղական և սիլիկատային հանքանյութերը, որոնց կոմպլեքս մշակումն ու վերամշակումը, նոր որակի նյութերի և դրանց տեխնոլոգիաների ստեղծումը լավագույնս իրականացվում է ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում (տնօրեն` տ.գ.դ Ն. Կնյազյան ):

Հարկ է նշել, որ Հայաստանում անօրգանական քիմիան և անօրգանական նյութերի տեխնոլոգիան իրենց զարգացման բարձր մակարդակին են հասել հենց ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում:

Ինստիտուտը հիմնադրվել է 1957թ. ակադեմիկոս` Մ.Գ. Մանվելյանի կողմից: Այն միակն է Հայաստանում, որը զբաղվում է լեռնային ապարների և բազմամետաղային հանածոների համալիր վերամշակմամբ: Ինստիտուտի գիտնականները մեծ ներդրում ունեն հանրապետության քիմիական արդյունաբերության ստեղծման և զարգացման գործում:

Ներկայումս ինստիտուտում իրականացվող կարևորագույն ուղղություններն են`

1. Ոչ մետաղական հումքի համալիր վերամշակման տեխնոլոգիաների մշակում, դժվարահալ, բազմակոմպոնենտ մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակում

2. Նանոչափ, նանոկոմպոզիտային, գերկարծր, հատուկ մաքրության, բազմաբյուրեղային ապակեկերպ, ապակեբյուրեղային, կենսաբանորեն ակտիվ կոմպլեքսային միացությունների սինթեզ, ֆունկցիոնալ նշանակության նոր բաղադրության նյութերի և տեխնոլոգիաների մշակում

3. ՀՀ հանքային շրջանների և դաշտերի բնապահպանական գնահատում, սիլիկատային և մետաղական հանածոների հանքավայրերի երկրաքիմիական համալիր որոնումների եղանակների մշակում

Իսկ թե ինչ վիճակում է գտնվում գիտությունը Հայաստանում, նյութական և աշխատանքային ինչ պայմաններով են ապահովված Ընդհանուր և Անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները, միջազգային ինչպիսի համագործակցություններ ունեն և բնագավառին վերաբերվող այլ թեմաների մասին ամբողջական պատկերացում կարող եք կազմել ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կնյազյանի հետ մեր հարցազրույցից:

Պարոն Կնյազյան, Հայաստանի գիտության զարգացման բնագավառում ի՞նչ դեր ունի Ընդհանուր և Անօրգանական քիմիայի ինտիտուտը:

Ինչ խոսք, շատ ընդարձակ հարց է: Այն հանգամանքը, որ անցյալ դարի 50-ականների սկզբին է ստեղծվել ինստիտուտը, արդեն իսկ ասում է, որ նպատակ է դրվել Հայաստանում զարգացնել քիմիան, հատկապես՝ անօրգանական նյութերի քիմիան և քիմիական տեխոնոլգիաները: Հայաստանը հանդիսանում է լեռնային երկիր, որտեղ առկա են գրեթե բոլոր տիպի սիլիկատները, մետաղական և ոչ մետաղական հանքանյութերը. ունենալով նման հրաշալի հումքի մեծ պաշարներ՝ պետք էր անպայման զարգացնել Հայաստանի արդյունաբերությունը հենց այդ ուղղությամբ:

Ինստիտուտի նպատակն էր ոչ միայն ստեղծել գիտական բազա, նոր տեխնոլոգիաներ, այլ նաև արտադրություններ: Առաջին հերթին դա ալյումինի արտադրությունն էր՝ ինքնաթիռաշինության համար: Բոքսիտների պաշարների սահմանափակության պատճառով ինստիտուտը պետք է մշակեր այլումինիումի օքսիդի ստացման նոր տեխնոլոգիա, որն ալյումասիլիկտային ապարների` նեֆելինային սիենիտ, պեռլիտ և այլն, հիմնական բաղադրիչներից է: Արզնահողի ստացման նոր տեխնոլոգիայի մշակումը հրատապ հարց էր դարձել Խորհրդային Միությունում, որը պայմանավորված էր ինքնաթիռաշինության զարգացմամբ : Հետագա տարիների ընթացքում այդ հարցը մղվեց հետին պլան, որովհետև տեխոնոլոգիան փոքր ինչ բարդ էր և վերջնական ավարտ չունեցավ միայն այն պատճառով, որ չտրվեցին վերջնական լուծումներ ապարների համալիր մշակման ուղղություններին: Սակայն, այնուամենայնիվ, այն իր արդյունքը տվեց. Հրազդանում կառուցվեց ցեմենտի գործարանը: Ինչ խոսք, այդ մշակումների ուղղություններից մեկն էլ բելիտային շլամի հիմքով ցեմենտի արտադրությունն էր: Մնացած նյութերի` սոդա, պոտաշ և այլն տեխնոլոգիաների մշակումը ու ներդրումը ավարտին չհասցվեց, ամբողջական լուծում չունեցավ նաև այլումինումի օքսիդի ստացման տեխնոլոգիան: Սակայն, կատարված հիմնարար և կիրառական նշանակության ծավալուն այդ հետազոտությունները հիմք հանդիսացան հետագայում նոր ուղղությունների զարգացմանը, որոնք մինչ այժմ էլ հաջողությամբ իրականացվում են ինստիտուտում:

Տարիների ընթացքում վերաձևավորվել են լաբորատորիաները, բացվել են նոր ուղղություններ՝ հատկապես ինտենսիվ տեխնոլոգիաների ուղղությամբ՝ օգտագործելով ժամանակակից ոչ միայն սարքերը, այլ նաև նոր նյութերի ստացման եղանակները: Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար նոր հատկություններ ունեցող նյութերի, նանոչափ մասնիկների, բյուրեղային և ապակեկերպ նյութերի և դրանց հիման վրա կոմպոզիտների ստացումն ու տեխնոլոգիաների մշակումը արդիական խնդիր է: Այն նաև գերակայուն է, որը պայմանավորված է տեղական սիլիկատային և բազմամետաղ հանքատեսակների հարուստ պաշարներով, դրանց համալիր մշակման ինտենսիվ նոր տեխնոլոգիաների, որակապես նոր վիճակում գտնվող միկրոկառուցվածքային մասնիկների, նանոկոմպոզիտների մշակման անհրաժեշտությամբ և նրանց կիրառմամբ զարգացող նոր գիտատեխնիկական ուղղություններում և արտադրությունում:

Ինստիտուտն այժմ զբաղվում է տեղական հումքից հատուկ մաքրության ալյումինի հիդրօքսիդի և օքսիդի ստացման ֆիզիկա-քիմիական հիմունքների և տեխնոլոգիաների, սուլֆիդային հանքանյութից հիդրոմետալուրգիական եղանակով մոլիբդենի, պղնձի, երկաթի և հազվագյուտ մետաղների ստացման նոր եղանակների մշակմամբ, գերկարծր, քիմիապես կայուն ծածկույթների, միկրոալիքային մշակման եղանակով բարձրջերմաստիճանային էլեկտրոնային կերամիկայի, իզոտոպների նկատմամբ բարձր սորբցիոն ընտրողականությամբ իոնափոխանակիչների, ամորֆ և բյուրեղա-ամորֆ նյութերի մշակմամբ և այլն: Կատարում ենք նաև ցրված և հազվագյուտ մետաղների, մետաղական հանածոների կոմպլեքս մշակում, այսինքն՝ զբաղված ենք ոչ միայն ոչ մետաղական , այլ նաև մետաղական հանքանյութերի քիմիայով և տեխնոլոգիաներով:

Համաշխարհային գիտության զարգացման մակարդակով՝ հայաստանյան գիտությունը զարգացվածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

Այդ ուղղությամբ կարելի է գնահատական տալ՝ հաշվի առնելով բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում տպագրությունների, ցիտումների քանակը: Այն, որ փոքր ինչ տեխնիկապես հագեցված չեն լաբորատորիաները, (որն էլ, ինչ խոսք, ֆինանսական խնդիրների հետ է կապված) խանգարող հանգամանք չի հանդիսանում համաշխարհային մակարդակով հայաստանյան գիտության զարգացվածությանը, քանի որ ունենք այն հումքը, որ կոչվում է մտածող մարդ, գիտնական: Հայաստանը որակյալ գիտաշխատողների պակասություն չունի, այդ իսկ պատճառով էլ որոշ, այսպես ասած, ‹‹սպիտակ տեղեր›› լրացնում ենք մեր գիտաշխատողների բարձր մասնագիտական պատրասվածության և նվիրված աշխատանքի շնորհիվ:

Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանը համաշխարհային գիտության զարգացմանը համահունչ է քայլում:

Այո, միանշանակ համահունչ է, չէի ասի, որ համաքայլ ենք գնում բոլորի հետ կամ գիտության ամեն մի տեխնիկայի և ուղղվածության հետ առաջիններից ենք՝ ոչ, պարզապես մենք այնտեղ ենք, որտեղ բոլորն են: Ուրիշ բան է, թե առաջնայինն ով է, բայց միևնույնն է՝ բոլոր ուղղություններով զարգացումը, մշակումները տարվում են գիտական բարձր մակարդակով: Ասեմ, որ հատկապես առաջնային ուղղությունների՝ նանոնյութերի, նանոչափ նյութերի տեխնոլոգիաները, կոմպոզիտների և այլնի հետ կապված նույնպես հետազոտություններ են տարվում և բավականին լուրջ: Տպագրությունները կատարվում են ոչ միայն Ռուաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում և այլն, այլ նաև արևմտյան զարգացած երկրների գիտական ամսագրերում:

Ձեր խոսքում անդրադարձաք նաև տեխնիկական հագեցվածությանը, մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ տեխնիկայով են այժմ հագեցված Ընդհանուր և Անօրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները:

Ես շատ կուզենայի, որ ավելի մեծացվեր այդ տեխնիակական բազան՝ սպեկտրալ սարքերի ուղղությամբ, քանի որ դա թույլ է տալիս արագ կազմակերպել նյութերի անալիզը, որն աշխատատար գործընթաց է, իսկ անօրգանական նյութերի և ընդհանրապես բոլոր նյութերի սինթեզի բնագավառում առաջնայինը ելային նյութերի, այնուհետև ստացված նյութերի բաղադրությունն է: Սինթեզի ընթացքում նաև կատարվում են որոշ փոփոխություններ՝ կապված ջերմաստիճանի հետ, և քանի որ մեր տեխնոլոգիաները հիմնականում բարձրջերմաստիճանային են, այդ իսկ պատճառով էլ երբեմն-երբեմն, ինչ խոսք, նյութի բաղադրությունը որոշակի փոփոխություն է կրում սինթեզի ժամանակ: Նաև լավ կլիներ ապահովված լինեինք բարձրորակ բարձրջերմաստիճանային վառարաններով:

Ես շատ կցանկանայի նաև, որ այդ բոլոր սարքավորումները գտնվեին բանիմաց մարդկանց ձեռքերում, որովհետև, ես չէի ասի թե ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների հոսքը մեծ է, պարզապես հերթափոխությունն է ուշանում: Շատերը արդեն չեն ձգտում դեպի գիտությունը, որովհետև ճանապարհը մի քիչ դժվար է, փոշոտ և փշոտ: Սա նաև կարելի է կապել գիտական աշխատողների ցածր վարձատրությամբ, որն էլ իր հերթին բերում է անպաշտպանվածության: Երիտասարդները պետք է իրենց կյանքի բոլոր նպատակները իրականացնեն. ընտանիք պահել նման ցածր աշխատավարձով շատ դժվար է:

Բանն այն է, որ ես շատ կուզենայի այդ հերթափոխությունը արագ ընթանար: Նորերին բերել՝ հներին աշխատանքից հանելու հաշվին՝ ճիշտ եղանակ չէ: Կուզենայի, որ նորերը գային և աշխատեին փորձ ունեցող գիտնականների հետ, ձեռք բերեին նրանց տարիների գիտելիքները: Առանց օգնականի, ավագ գիտաշխատողի դժվար է ամեն ինչին արագ տիրապետել:

Ահա այդ պրոցեսն է, որ բացակայում է ու նաև տարիքային մեծ անջրպետ կա, որն այսօրվա դրությամբ բավականին լուրջ խնդիր է մեր գիտական ասպարեզում: 75 և նույնիսկ ավելի մեծ տարիքի գիտնականները, որոնք արդեն պետք է անցնեն վաստակած հանգստի՝ աշխատում են 30-35 տարեկան գիտաշխատողների հետ: Միջին տարիքը բացակայում է, որն, ինչ խոք, այս վերջին տարիների հետևանքն է (Խորհրդային միության փլուզումից հետո գիտնականների հոսքը նվազեց), բայց միևնույնն է, յուրաքանչյուր տարի ինստիտուտի աշխատակիցներից 2-3 հոգի՝ դա լինի հայցորդ թե ասպիրանտ՝ պաշտպանում են իրենց գիտական թեզերը և որքան էլ զարմանալի է՝ նաև մնում են ինստիտուտում աշխատելու՝ չնայած ցածր աշխատավարձի հանգամանքին:

Միջազգային ի՞նչ համագործակցություններ, համատեղ ծրագրեր ունեք:

Մեր հիմնական գիտական գործընկերը Ռուսաստանն է, ռուս գիտնականները, որովհետև ի սկզբանե մեր գրեթե բոլոր աշխատակիցները իրենց գիտական մկրտումը ստացել են Ռուսաստանի գիտական կենտրոններում: Ահա այդ «հիշողություններն» այժմ էլ շարունակվում են՝ համատեղ լուրջ աշխատանքներ տարվելով և՛ մշակումների և՛ կադրերի պատրաստման ուղղությամբ:

Ծավալուն համագործակցություն կա Բելոռուսի հետ: Այստեղ մենք համատեղ թեմաներ ենք իրականացնում, հատկապես՝ հղկող, կտրող գործիքների տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ, հիմնականում դրանք կոմպոզիտային նյութերն են: Սա լավ համագործակցություն է այն իմաստով, որ Հայաստանն ունի գործարան, որտեղ նույնպես արտադրում են հղկվող գործիքների համար անհրաժեշտ սարքավորումներ՝ կտրող, հղկող սկավառակներ:

Ուկրաինայի հետ էլ իրականացվում են գիտական աշխատանքներ բարձրջերմաստիճանային և գերկարծր նյութերի սինթեզի ուղղությամբ, ինչպիսիք են՝ ալմաստները, բորի նիտրիդը, կարբիդները: ՀՀ ԳԱԱ-ն ունի արտասահմանյան անդամներ աշխարհի շուրջ 23 տարբեր երկրներից, որոնք խիստ հակված են իրենց գործունեությամբ Հայաստանում գիտության զարգացմանը և ամեն կերպ աջակցում են և օգնում բարձր մակարդակով իրականացնելու համատեղ բոլոր հետազոտությունները:

Միջազգային համագործակցությունների շրջանակներում այս տարվա համար ի՞նչ միջոցառումներ, համաժողվներ կան նախատեսված:

Գրեթե երեք տարին մեկ պարբերությամբ ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված քիմիային և քիմիական տեխնոլոգիաներին: Նշեմ, որ գիտաժողովի նյութերը տպագրվում են առանձին ժողովածուով, որն ընդունվում է ԲՈՀ-ի կողմից: Այդ գիտաժողովի շրջանակներում հյուրեր ենք ունենում ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական և ամերիկական տարբեր երկրներից: Զեկուցումները, կատարված համատեղ հետազոտությունների արդյունքների հրապարակումը, զեկուցումների քննարկումները հնարավորություն են տալիս և՛ համագործակցության հիմքերն ավելի ամրապնդել և՛ կանխատեսել գիտության հետագա զարգացումը, ուղղվածությունը: 50 և ավել արտասահմանյան մեր հյուրերն էլ, ովքեր բարձր մակարդակի, լուրջ գիտնականներ են, ոչ միայն գեղեցկացնում են այդ կոնֆերանսների աշխատանքները, այլ նաև լուրջ հիմքեր դնում Հանրապետությունում գիտական հետազոտությունների հետագա զարգացումներին:

Այս տարվա կոնֆերանսը կայանալու է սեպտեմբեր ամսին՝ Երևանում և Արցախի գիտական կենտրոնում: Սա ինքնանպատակ չէ, ունի լուրջ ուղղվածություն, այն է ՝զարգացնել գիտությունը Լեռնային Ղարաբաղում և միաժամանակ ստեղծել կապեր միջազգային գիտական կենտրոնների հետ: Մենք մինչ այժմ էլ նրանց հետ համատեղ հետազոտություններ ենք կատարում, բայց նպատակ ունենք դրանք ավելի լուրջ հիմքերի վրա դնելու՝ միջպետական հարաբերությունների միջոցով:

Մեր հարցերն այսքանն էին, կա՞ որևէ բան, որ կուզենայիք ավելացնել:

Գիտեք ինչ, կասեի ևս մեկ անգամ, որ փոքր ինչ անպաշտպանվածությունը երբեմն ոչ թե խթանում, այլ դանդաղեցնում է հետազոտությունների ընթացքը, միաժամանակ՝ նվազեցնում նաև երիտասարդության հետաքրքրասիրությունը գիտության ու նոր հետազոտությունների նկատմամբ: Կուզենայի, որ ավելի հաճախ և՛ մամուլում, և՛ հեռուստատեսությամբ ոչ միայն հնչեցվեր այդ խնդիրը, այլ նաև հանրությանը ներկայացվեին հայտնի գիտնականներին, նրանց աշխատանքները, որոնք լուրջ ներդրում ունեն գիտության ասպարեզում: Գրեթե ոչ մի անգամ ես չեմ լսել ու չեմ տեսել այս ամենը ԶԼՄ և ոչ մի միջոցներով, պարզապես շատ թռուցիկ, ակնթարթային ասվել է ՝ չներկայացնելով գիտության ուժը, ամբողջականությունը, հիմքը: Կուզենայի, որ ավելի լուրջ վերաբերվեին գիտական հաղորդումներին և լուրջ խնդիր դրվեր գիտնականի, ինժեների, մասնագետի պատրաստման ուղղությամբ:

Գիտությունը շատ լուրջ և կարևոր ոլորտ է, հարց է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձվի, նրա ձեռքբերումների, խնդիրների, ի վերջո գիտնականի մասին պետք է իրազեկվի հասարակությանը:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյան

Leave a Response