ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Արցախի տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում. ԱՀ նախագահ

687views

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:

Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Leave a Response