ԲԴԽ խորհուրդը հանդիպել է Երևանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին, քննարկվել են համակարգում առկա խնդիրները
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 10-ին աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցեր:
Բարձրագույն դատական խորհուրդը լսել է դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակազմերում հաստիքների ավելացման հնարավորությունները:
Դատավորների հետ կայացած հանդիպումներից հետո Խորհրդի անդամները շրջել են նստավայրերում, ծանոթացել դատավորների, գրասենյակների աշխատանքային պայմաններին։