Կյանքը de factoՄիջազգային

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

951views

Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:

«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։

Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։

«Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

 

Leave a Response