Կյանքը de factoՀասարակություն

Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել են որոշ հին շինություններ, գոմեր և էլեկտրահաղորդման գծեր, մի քանի համայնքներում այս պահին հոսանք չկա

1.5kviews

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Խոշոր ավերվածություններ չունենք: Այս պահի տվյալներով՝ որոշ հին շինություններ, գոմեր են վնասվել և էլեկտրահաղորդման գծերի վնասներ ունենք, որի հետևանքով շրջակա համայնքներում այս պահին հոսանք չկա: Շողակաթ և Ճամբարակ խոշորացված համայքների բնակավայրերում հոսանք չկա: Մասնագետներն աշխատում են, շուտով հոսանքը կվերականգնվի»,- ասաց Սանոսյանը:

Մարզպետը նշեց, որ շինությունները վնասվել են հիմնականում Շորժա և Արտանիշ համայնքներում: Զոհեր և վիրավորներ չկան:

Մարզպետը նաև ֆեյսբուքյան իր էջում բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել։

«Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում ՝5-6 բալ ուժգնությամբ։ Հարգելի՛ բնակիչներ չպետք է խուճապի մատնվել, խնդրում եմ պահպանել անվտանգության կանոնները։ Մարդկային զոհեր չկան»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան աղաքում 3 — 4 բալ ուժգնությամբ:

Leave a Response