Կյանքը de facto

Թանգարանների միջազգային տոնին ոլորտի ներկայացուցիչներին ԿԳՄՍՆ ոսկե մեդալներ hանձնվեցին

18views

Թանգարանների միջազգային օրվա առթիվ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում  երկարամյա գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ոսկե մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց ոլորտի նվիրյալներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց մայիսի 18-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Փոխնախարարը ոսկե մեդալներ հանձնեց Մատենադարանի ցուցասրահի բաժնի վարիչ Աիդա Չարխչյանին, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին:

Պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի թանգարանների մի շարք ներկայացուցիչներ:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն անդրադարձավ թանգարանի վերջին տարիների աշխատանքին ու ասաց՝ նախորդ տարվա հոգեմաշ ամիսներին, երբ, համավարակով պայմանավորված, խիստ սահմանափակումներ էին գործում, մի կողմից ոգևորվել էին, որ հանրությունն ակտիվ է առցանց հարթակում, բայց մեծ է եղել մտահոգությունը, որ սահմանափակումների վերանալուց հետո գուցե չկարողանան վերականգնել այցելուների հոսքերը, սակայն կասկածները փարատվել են:

«2019 թվականի այս օրերի համեմատ այցելուների կորուստ գրեթե չկա: Դա նշանակում է, որ հետաքրքրությունը չի պակասել, նշանակում է, որ մեր հանրությունը սիրում է իր մշակութային ժառանգությունը, վստահում է թանգարաններին»,- շեշտեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ցանկանում են հանրության լայն շրջանակին, հատկապես երիտասարդներին ավելի ու ավելի հասանելի դարձնել թանգարանի հարուստ ժառանգությունը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:

Leave a Response