Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը, որը հրապարակվեց համացանցում ու հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթին, որը հրապարակվել էր երեկ և որի մասին այսօր կառավարության նիստին խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ստորագրել այն։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը:
Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հագեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:
Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ:
Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ»: