Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արագածոտնի մարզի Կարբի գյուղում նոյեմբերի 7-ին մեծ շուքով և խանդավառությամբ նշվեց արդեն ավադական դարձած ‹‹Բերքի տոնը››: Տոնն առաջին հերթին նշանավորվեց Կարբիի եկեղեցում մատուցված Սուրբ պատարագով և բերքի օրհնության արարողությամբ:
Կարբեցիներին ողջունելու և շնորհավորելու էին եկել այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, գյուղի մեծ բարեկամ Արտաշես Բախշյանը, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը, Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարները և այլն:
‹‹Միջոցառման նպատակը Կարբի համայնքի բնակչությանն էլ ավելի ամրապնդելը, համախմբելը և միասնական դարձնելն է: Իրականում շատ կարևոր է, որ մարդիկ տարվա 365 օրը տքնաջան աշխատելուց հետո գոնե մեկ օր հանգստանան, ուրախանան՝ վայելելով իրենց չարչարանքի արդյունքը: Այստեղ ավելորդություններ չկան. եթե նկատել եք՝ սեղաններին այն ամենն է (Փառք Աստծո լի սեղաններ են) ինչ ստեղծվել, արարվել է մեր բնամթերքով, բերք ու բարիքով››,- մեզ հետ զրույցում հպարտությամբ նշեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը:
Ի հավելումն գյուղապետի, նշենք, որ կարբեցիները գյուղի կենտրոնն ամբողջովին վերածել էին հյուրասիրության մեծ օջախի՝ ևս մեկ անգամ ընդգծելով ինչպես հայերի անսահման հյուրասիրությունն ու մարդասիրությունը, այնպես էլ ցուցադրելով սեփական աշխատանքի արդյունքում ձեռք բերած բերքառատությունը: Բոլոր սեղանները լի էին զանազան տարատեսակ քաղցրավենիքներով, մրգերով, աշնանային բերք ու բարիքով, իսկ մարդիկ էլ իրենց հերթին ‹‹զարդարված›› էին մեծ խանդավառությամբ, ինչպես նշեց բնակիչներից մեկը՝ իրենց սեղանով ցանկացել են ցուցադրել այն բերք ու բարիքը, որ ողջ տարվա ընթացքում մշակել է կարբեցին:
Մեզ հետ իր տպավորություններով կիսվեց նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը. ‹‹Շատ տպավորիչ է, տեսնու՞մ եք ինչ հյուրասիրություն են կազմակերպել, ինչպիսի առատություն է. Աստված պահպանի Կարբի համայնքին, Կարբիի գյուղապետին. իրապես հպարտություն է նման ավանդույթ ունենալը: Ես արդեն երկրոդ տարին է մասնակցում եմ և շատ տպավորված եմ ու հպարտ, որ այս մարդիկ կարողանում են արդար քրտինքով վաստակել, իրենց բերքը աճեցնել, կազմակերպել բերքի տոն, հյուրասիրել իրենց բարեկամներին, ընկերներին, տարբեր-տարբեր մարդկանց և ուրախանալ դրանով: Փառք Կարբիին, Հայաստանի Հանրապետությանն ու հայոց բանակին››:
Տոնական տրամադրությունն ամբողջացնում էին զանազան պարային ու երգային համարները, լարախաղացների անզուգական կատարումները և, իհարկե, բնակիչների վաստակած քեֆ-ուրախությունը:
Լուսանկարները՝ Գաբրիել Եգանյանի
Նյութի հեղինակ՝ Մերի Եղիազարյան