ԱռողջապահությունԳլխավոր

Բոլոր խնդիրները լուծելի են, եթե մշտական հետևողականություն է ցուցաբերվում. Հ. Հարությունյան

5.1kviews

Երևանի № 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանի հետ զրուցում ենք ստացիոնար բուժհաստատությունների և առհասարակ առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 15 պոլիկլինիկայի այսօրը: Ընտանեկան բժշկի ընտրության գործընթացի արդյունքում կորուստներ եղե՞լ են բուժանձնակազմի հետ կապված:

Այստեղ ամեն ինչ նորմալ է ընթանում, իր հունով: Ասեմ, որ բոլոր բժիշկները վերապատրաստվել են, բոլորն իրենց տեղերում են, աշխատում են որպես տեղամասային թերապևտներ: Կորուստներ, իհարկե, չեն եղել: Բժշկի ազատ ընտրությունն ու ընտանեկան բժշկի ներդրումը՝ վատ բան չեն, բայց դրանք մեզանում լավ չընկալվեցին: Ես, ճիշտն ասած, ընդհանրապես այնքան էլ կողմնակից չեմ ընտանեկան բժշկի ինստիտուտին: Պոլիկլինիկան սպասարկում է 18 տարեկան և բարձր տարիքի ՀՀ քաղաքացիներին, և արդյո՞ք հնարավոր է մեկ միլիոնանոց քաղաքում ընտանեկան բժշկի համար նորմալ գործունեություն ծավալել: Սա իրոք առաջնային բուժօգնության գործառույթներ իրականացնող մասնագիտություն է: Դրա պատճառով անվանումն էլ փոխվեց՝ դառնալով առաջնային բուժօգնություն, որն այնքան էլ առաջնային չէ, չունի առաջնային գործառույթներ: Առողջապահությունը ճիշտ կլինի բաժանել երկու մասի՝ հիվանդանոցային և արտահիվանդանոցային: Վերջինիս մեջ հենց մտնում է ամբուլատոր պոլիկլինիկականը, շտապ օգնության ծառայությունը, ինչու չէ նաև` առաջնային բուժօգնությունը:

Երևանում կա բուժօգնության կազմակերպման երեք մակարդակ՝ արտահիվանդանոցային, հիվանդանոցային, և մասնագիտական՝ ի դեմս մասնագիտացված կենտրոնների: Այսինքն՝ քաղաքացին եթե առողջապես վատ է զգում իրեն՝ երբեք չի գնա ընտանեկան բժշկի մոտ, ընդհակառակը՝ կսկսի ամենաբարձրից, օրինակ՝ աչքի պրոբլեմի դեպքում կգնա աչքի կենտրոն, սրտի պրոբլեմի համար՝ սրտի կենտրոն և այլն: Դետալիզացիայի դարում, իհարկե կատակով ենք դա ասում, երբ ձգտում ենք ունենալ աջ ու ձախ ականջի կամ աչքի բժիշկ և կան տղամարդկանց ու կանանց համար առանձին աշխատող թերապևտներ՝ դրան զուգահեռ ունենալ ընտանեկան բժիշկ, ով 7 մասնագիտական գործառույթներ է իրականացնում՝ կարծում եմ նպատակահարմար չէ: Ստացվում է, որ ընտանեկան բժիշկը մասնագետ — բժշկի և բուժքրոջ միջև ընկած մասնագիտություն է: Այն շատ լավ կարող է կիրառվել, ասենք, գյուղերում, որտեղ չկան նեղ մասնագետներ: Վերջնական արդյունքում կպարզվի, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մենք կունենանք միայն գյուղերում աշխատելու համար պատրաստի կադրեր:

Միլիոնանոց կամ խոշոր քաղաքներում, որտեղ կա ամբուլատոր պոլիկլինիկական ցանկ և դա գործում է՝ փոխարինել ընտանեկան բժշկով՝ չեմ կարծում, որ նպատակահարմար է:

Այսօր պոլիկլինիկայում գործո՞ւմ է հիվանդներին ստացիոնար ուղեգրելու գործընթացը և արդյո՞ք սահմանափակումներ կան:

Ուղեգրումը նորմալ կատարվում է, սահմանված կարգով: Դրանք հիմնականում այն դեպքերն են, երբ պարզապես հնարավոր չէ ամբուլատոր պայմաններում բուժել: Առողջապահության մեջ նման սահմանափակումներ չկան. եթե հիվանդը օգտվում է անվճար բուժօգնության սահմանված արտոնություններից և ունի ստացիոնար բուժման անհրաժեշտություն, ուրեմն տրվում է համապատասխան ուղեգիր՝ համաձայն Կառավարության հատուկ որոշման: Ֆոնդի սահմանափակում չկա, ինչքան որ անհրաժեշտություն կա բուժման, այնքան ուղեգիր է տրվում:

Ստացիոնար բուժումից բացի կան նաև դժվարամատչելի հետազոտություններ (օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիկ (շերտագրման), խիստ բարդ հետազոտություններ և այլն)՝ կրկին Կառավարության որոշման համաձայն, որոնց համար ևս տրվում է ուղեգիր:

Բժշկական ոլորտում ստացիոնար բուժհաստատությունների հետ կապված տարածված դժգոհություն կա՝ մասնավորապես թղթարարության, շատ գրագրության, նյութատեխնիկական բազայի ոչ պատշաճ հագեցվածության պարագայում հիվանդները խորացնում են խնդիրները և հետո միայն դիմում իրենց: Ի՞նչ կասեք այս առիթով:

Եթե թղթաբանությունից դժգոհություն կա, ապա դա միայն բժիշկների կողմից կարող է արտահայտվել, որովհետև հիվանդներն ամեն դեպքում չեն տուժում և բողոքելու որևէ առիթ չեմ կարծում, որ կա. հիմնական դժգոհությունը գալիս է բժիշկներից, որովհետև գրողն իրենք են՝ կես կատակ, կես լուրջ, իհարկե:

Ամեն դեպքում մենք բյուջետային հիմնարկներ ենք և միայն համապատասխան պետական ֆինանսավորմամբ ենք կարողանանում ձեռք բերել այս կամ այն սարքավորումը կամ անհրաժեշտ ցանկացած այլ բան, բայց, ի ուրախություն մեզ, վերջին տարիներին հատկապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձնապես լուրջ ուշադրություն է դարձնում առողջապահական հիմնարկներին, մասնավորապես՝ այս 3-4 տարիների ընթացքում ոչ միայն մեր, այլ նաև մայրաքաղաքի համարյա բոլոր պոլիկլինիկաները ստացել են ժամանակակից սարքեր, օրինակ՝ սոնոգրաֆիկ, տարբեր անալիզատորներ ու համապատասխան այլ սարքավորումներ: Առաջիկայում քաղաքապետի և Առողջապահության վարչության կողմից նման շարունակական ուշադրության շնորհիվ պոլիկլինիկաների վիճակը ավելի կլավանա: Մեզ մոտ արդեն լուծվել է ջեռուցման հարցը և շատ շուտով այդ խնդիրն իր լուծումը կստանա նաև մյուս պոլիկլինիկաներում:

Այսինքն՝ այսօր համարյա բոլոր պոլիկլինիկաներում հետազոտությունները կատարվում են բոլորովին նոր տեխնոլոգիաներով, և տեսնելով դա՝ բնակչության վստահությունն իրոք բարձրացել է, որովհետև նախկինում լինում էին դեպքեր, երբ գալիս էին այստեղ և հետազոտությունից հետո նաև կրկնակի ստուգում անցկացնում մասնավոր կլինիկաներում: Հիմա նման բան գոյություն չունի, որովհետև քաղաքացին տեսնում է, որ այստեղ բարձրակարգ ու ստույգ բուժսպասարկում է իրականացվում և հենց իր աչքի առաջ. մարդկային գործոնը հետին պլան է մղվել, ամենի ինչ ավտոմատացված է:

Ի դեպ, ասեմ նաև, որ Երևանի երկու պոլիկլինիկաներին քաղաքապետարանի միջոցներով նույնիսկ երկու ռենտգեն սարքավորում է տրվել, որը բավականին թանկ հաճույք է, և որը շարունակական է լինելու: Համենայնդեպս, սարքավորումների առումով վիճակը վատ չէ, չկա նման բան, որ հիվանդներին բժշկական ցուցումներով նշանակված անալիզների հետ կապված սահամանափակումներ լինի: Բոլոր խնդիրները լուծելի են, եթե մշտական հետևողականություն է ցուցաբերվում:

Պոլիկլինիկաները սոցիալապես անապահով և առանձին հիվանդությունների գծով հաշվառվածներին անվճար դեղորայք են տրամադրում. կոնկրետ ի՞նչ դեղորայք և որքա՞ն հաճախականությամբ եք տրամադրում:

Կառավարության հատուկ որոշմամբ սահմանվում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների ու հիվանդների ցանկերը, որտեղ ընդգրկված հիվանդներին դեղերը տրվում է անվճար, 50 և 30 տոկոս զեղչերով. օրինակ՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող խմբերին տրվում են անվճար, երրորդին՝ 50 տոկոս զեղչով: Բացի անվճարից՝ տրամադրում ենք նաև մարդասիրական օգնությամբ և կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղորայք, որը տրվում է բոլորին: Գոյություն ունի ՀՀ Առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկ, որը առնվազն տարեկան մեկ անգամ վերանայվում է և բոլոր պոլիկլինիկաները ‹‹Գնումների մասին›› օրենքի համաձայն, մրցութային կարգով դեղորայք են ձեռք բերում և հատկացնում հիվանդներին՝ ուղղորդվելով ՀՀ ԱՆ կողմից հաստատված հրամանով (հրաման 74): Բացի այդ, հիմնական ցանկից դուրս եթե դեղի կարիք է լինում, իսկ դա միշտ լինում է, որպես կանոն, որովհետև հիվանդանոցային բուժումից հետո մարդկանց բուժումը շարունակելու համար համապատասխան դեղորայք է նշանակվում՝ պոլիկլիկնիկայում գործող հանձանժողովի որոշմամբ ձեռք է բերվում անհրաժեշտ դեղորայքը և տրամադրվում հիվանդներին: Միակ պրոբլեմն այն է, որ ստիպված ենք լինում նորից մրցույթ հայտարարել, իսկ դա բավականին դժվարացնում է մեր աշխատանքը, ուստի աշխատում ենք ընդգրկել այնպիսի դեղորայք, որի կարիքը բնակչությունն ավելի շատ ունի. իհարկե կան նաև փոխարինողներ: Ամեն դեպքում դեղորայքային ապահովման գործընթացը շատ լավ է կատարվում, բնակչությունը ստանում է անհրաժեշտ դեղամիջոցը՝ պետական բյուջեի սահմաններում մեզ հատկացված գումարի չափով: Մենք 100 տոկոսով ապահովում ենք շաքարային դիաբետով հիվանդների դեղորայքը:

Իսկ ինչ վերաբերվում է հաճախականությանն, ասեմ, որ ամեն ամիս մարդիկ ստանում են իրենց դեղորայքը՝ մեկ ամսվա կտրվածքով. շարունակական բուժումը միշտ կատարվում է մեր պոլիկլինիկայում: Բացառություններ կարող են լինել միայն քանակի հետ կապված. բոլորը պետք է ստանան իրենց անհրաժեշտ դեղամիջոցը՝ ոչ թե մեկին շատ, մյուսին քիչ կամ ընդհանրապես ոչինչ: Այդ գումարը տնտեսել հնարավոր չէ, այսինքն՝ եթե պետության կողմից դեղորայքի համար տրված գումարը չօգտագործվեց՝ հետ է գնալու պետական բյուջե. այլ նպատակի համար այն օգտագործել ուղղակի հնարավոր չէ: Մեզ մոտ ընդհակառակը, նկատվում է գերակատարում, մենք պոլիկլինիկա մուտքագրված գումարներից նաև որոշակի չափով ներդնում ենք՝ հենց դեղորայք ձեռք բերելուն և բնակիչներին հատկացնելուն:

Մի փոքր էլ խոսենք առողջապահական ոլորտի խնդիրների մասին, ո՞րոնք են դրանք ըստ Ձեզ:

Խնդիրները բավականին շատ են, ամենակարևորը բյուջետային ֆինանսավորումն է, որը եթե հնարավոր լիներ ավելացվեր շատ լավ կլիներ: Առողջապահությունն այն ոլորտն է, ուր ֆինանսը միշտ չի բավարարում: Համենայնդեպս, եթե մենք գնում ենք զարգացման կամ փորձում ենք ասոցացվել, համեմատվել եվրոպական զարգացած երկրների առողջապահության ոլորտի հետ՝ դրա համար պետք է նաև ֆինանսավորում շատ լինի, բայց, միևնույն ժամանակ, դա էլ իր հերթին կախված է երկրի հնարավորություններից: Ամեն դեպքում մենք շատ որակյալ մասնագետներ ունենք և եթե ֆինանսավորումն էլ մի քիչ բարձրանա՝ ամեն ինչ շատ լավ կլինի. շենքային պայմանները կբարելավվեն, էլ ավելի թանկ, որակյալ սարքավորումներ կունենանք և այլն և այլն:

Պարոն Հարությունյան, արդյո՞ք մրցակցություն կա պոլիկլինիկաների միջև և եթե այո, ապա հիմնականում ինչո՚՞վ է դա պայմանավորված:

Չէի ասի թե մրցակցություն կա պոլիկլինիկաների միջև, Երևանում դրանք բոլորը մի հարթության վրա են: Հիմա եթե ես ասեմ, որ պետք է մրցեմ որևէ վարչական շրջանի պոլիկլինիկայի հետ, որ նրա բնակչությունը գա այստեղ՝ շատ որ ցանկանամ էլ չի լինի, որովհետև նա այնտեղ պետք է գնա, իր թաղամասում: Մրցակցություն, որպես այդպիսին չի կարող լինել, մենք միևնույն մակարդակի հագեցվածություն ունենք՝ թե մասնագետների և թե նյութատեխնիկական բազայի առումով: Մեզ հետ մրցակցության մեջ կարող են լինել մասնավոր հիմնարկները, որոնք բավականին գումար են ներդնում, ժամանակակից տեխնիկաներ են ձեռք բերում, որ մարդիկ օգտվեն իրենց ծառայություններից: Հիվանդանոցներում էլ հնարավոր է այս կամ այն բաժանմունքների միջև, բայց ոչ պոլիկլինիկաներում: Բնակիչն, այսպես թե այնպես, եթե ունի ամբուլատոր բժշկության կարիք՝ իրեն հարմար է իր տեղամասային պոլիկլինիկա այցելելը, որովհետև հիվանդի համար հատկապես առաջնային հարց է հեռավորությունն ու հարմարավետությունը:

Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին ինքներդ կուզենայիք խոսել, բայց հարց չտրվեց:

Առաջնային հարցն այսօր ինձ համար այն է, որ առողջապահության ոլորտը հանվի պետական գնումների դաշտից, որովհետև հիմնական չափանիշը ինչ-որ բան ձեռք բերելու դա նվազ գինն է, ուրիշ պարամետր գոյություն չունի, իսկ որտեղ գինը ցածր է՝ միշտ որակն է տուժում և եթե դժգոհություններ լինում են ասենք դեղորայքից, բժշակական գործիքներից և պարագաներից՝ դա միայն այն պատճառով, որ գինը ցածր է, մրցույթով դա է շահել և հիմնականում հենց այս հանգամանքն էլ նպաստում է, որ ներկրվի կամ արտադրվի անորակ ապրանք:

Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ առողջապահության ոլորտը չպետք է մտցվեր գնումների դաշտ և հետո վերջապես հնարավոր չէ նման կերպով աշխատելը: Այդ գնումների համակարգն աստիճանաբար այնպես բարդացավ, որ հիմա գնում կատարելը կարելի է համեմատել դոկտորական դեսերտացիա գրելու և պաշտպանելու հետ, կոդավորել են, այնքան ավելորդ աշխատանքներ են կատարվել: Դա ավելի շատ վնաս է տալիս: Հնարավոր չէ տարեսկզբին գնումների պլան գրել և ներկայացնել, թե ինչ հիվանդներ պետք է լինեն, ինչ դեղորայք և այլն է անհրաժեշտ լինելու տարվա ընթացքում, իսկ եթե չկա պլան, ուրեմն գնումներ կատարելու իրավունք էլ չկա: Մի հսկայական գործընթաց է, անիմաստ, ահավոր ժամանակատար աշխատանք և հետո դրա համար, օրինակ, պետք է հատուկ գնումների վարչություն ստեղծել պոլիկլինիկաներում՝ համապատասխան մասնագետներով, որ հասցնենք և մեր գործն ու ժամանակը չտուժի դրանից: Այդ հսկայածավալ աշխատանքի արդյունքն էլ լինում է այն, որ ասենք, ինչ որ մի հասարակ գործիք է ձեռք բերվում: Սա մեր վիճակը աստիճանաբար ավելի է վատացնում: Իմ կարծիքով առողջապահության ոլորտում սա գերագույն խնդիր է և լավ կլիներ, որ շուտափույթ իր տրամաբանական լուծումը ստանար:

                                                                                                    Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response