ԱրժեքներԳլխավոր

Թուրքիան ստեղծվել է կեղծիքի հիմքի վրա. Փընար Սելեք

804views

««Որովհետեւ հայ են» գիրքը դա յուրատեսակ վկայությունն ու ճիչն է բոլոր այն մարդկանց, ովքեր կոտրել են իրենց ներսի ժխտողականությունը և հարցականի տակ են դրել բոլոր այն «ճշմարտությունները», որոնք քարոզվում են Թուրքիայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց առաջին անգամ Հայաստան այցելած թուրք մտավորական, սոցիոլոգ, «Որովհետեւ հայ են» գրքի հեղինակ Փընար Սելեքը: Հեղինակը նշեց, որ գրքում հարցականի տակ է դրվում Թուրքիայի դպրոցներում մատուցված պատմությունը, հարց է բարձրացվում, թե արդյո՞ք արժանավոր անհատների անուններ են կրում Թուրքիայի փողոցները և խոսվում է թուրք հասարակության գիտակցության այն մութ հատվածի մասին, որից Փընար Սելեքը փորձել է դուրս պրծնել: Տեղեկացնենք, որ թուրք մտավորականը այժմ բնակվում է Ֆրանսիայում և իրականացնում է հետազոտություն՝ ցեղասպանոթյան ժխտողականության և միջազգային մեղսակցության ու մասնակցության վերաբերյալ: Անդրադառնալով տարիներ առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից իրեն ուղղված ահաբեկչության մեղադրանքին, որի պատճառով նա լքել է Թուրքիան և տեղափոխվել մշտական բնակության՝ Ֆրանսիա, Փընար Սելեքը ասաց, որ ինքը որևէ կապ չունի այդ մեղադրանքի հետ. «Դա իսկապես մտացածին մի բան էր: Ես հետազոտություն էի անցկացնում քրդերի հարցի վերաբերյալ և հարցազրույցներ էի անում քուրդ ակտիվիստների հետ: Թուրք ոստիկանները ստիպում էին ինձ, որպեսզի ես նշեի, այդ քրդերի անունները, ես չարեցի դա և ինձ տանջանքների ենթարկեցին ու բանտ նետեցին»,- ասաց մտավորականը: Նա նաև նշեց, որ Թուրքիան ստեղծվել է կեղծիքի հիմքի վրա և քանի դեռ չի առերեսվել իր պատմության հետ, կշարունակի զարգանալ նույն բռնատիրական համակարգով:

Տեղեկացնենք, որ վաղը հոկտեմբերի 24-ին տեղի կունենա «Որովհետեւ հայ են» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը և այն հասանելի կդառնա նաև հայ ընթերցողին:

Leave a Response