ԱրժեքներԳլխավոր

Գիտությունն ամբողջովին նվիրում է պահանջում. Լ. Թավադյան

1.3kviews

ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Թավադյանի հետ զրուցում ենք ինստիտուտի գործունեության, համաշխարհային մակարդակով Հայաստանի գիտական զարգացվածության, դրանում Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի դերակատարության, ինչպես նաև՝ գիտական ասպարեզի խնդիրների, անելիքների և թեմային վերաբերվող այլ հարցերի շուրջ:

Պարոն Թավադյան, պատմեք մի փոքր ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գործունեության մասին սկզբնավորման օրվանից առ այսօր, ի՞նչ գործունեություն եք ծավալում, ի՞նչ անձնակազմով եք իրականացնում գիտական աշխատանքները:

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ստեղծվել է 1960թ.-ին, սկզբում առանձին լաբորատորիայի կարգավիճակով, որի հիմնադիրը ակադեմիկոս Նալբադյանն է, ով մինչ այդ աշխատում էր Մոսկվայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում և Նոբելյան մրցանակակիր Նիկոլայ Սեմյոնովի աշակերտն էր: Ըստ էության, քիմիական ֆիզիկան այն գիտությունն է, որի ուսումնասիրման ոլորտն է քիմիական ռեակցիաների մեխանիզմների բացահայտումը և այն ժամանակ հիմնական թեմաները կապված էին բարդ քիմիական ռեակցիաների, այրման, օքսիդացման պրոցեսների մեխանիզմների ուսումնասիրության հետ, ընդ որում՝ նպատակ կար բնական գազից ֆորմալդեհիդ ստանալու, որը շատ կարևոր նյութ է. այս խնդիրն արդիական է առ այսօր: Հետագայում, 70-ական թվականներին նաև մի նոր բաժին ստեղծվեց՝ զարգացնելու Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի ուղղությունը, որի հիմնադիրը մեր հայրենակից, ակադեմիկոս Մերժանովն է, ով ՌԴ ԳԱ կազմում ստեղծել է նաև առանձին՝ Մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտը: Հետագայում ստեղծվեցին նոր ուղղություններ, բացվեցին նոր գիտական ստորաբաժանումներ, ինչի արդյունքում սկզբում ձևավորված Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան 1975 թ.-ին վերակազմավորվեց որպես Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Այսօր Քիմիական ֆիզիկայի ինստիտուտն ունի հետևյալ մասնագիտացումները՝ Քիմիական փոխարկումների տեսություն, Ազատ ռադիկալների քիմիա, Այրում և պայթյուն, Այրման պրոցեսների տեսություն, Այրման ռեժիմում նպատակային նյութերի սինթեզ, Կատալիզ, ՀՀ հանքավայրերից ստացված խտանյութերի համալիր վերամշակում, Քիմիական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորում և ղեկավարում, Շրջակա միջավայրի պահպանության հարցեր:

Ունենք նաև փորձնական արտադրամաս, որտեղ սինթեզվում են տարբեր բնույթի նյութեր՝ ըստ պատվերի:

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում աշխատակիցների տղամարդ և կին հարաբերակցությունը 50/50 է, ինչն, իմ կարծիքով, ճիշտ հարաբերակցություն է գիտության մեջ, որն էլ իր հերթին ապահովում է գիտական գործունեության անհրաժեշտ որակը: Ինստիտուտում իրենց բեղուն և արդյունավետ գիտական գործունեությունն են ծավալում 90-ից ավելի աշխատակիցներ, որոնցից ավելի քան 60-ը գիտաշխատողներ են:

Երիտասարդները կազմում են ամբողջ անձնակազմի մոտավորապես 30 տոկոսը: Այս թեմայի հետ կապված ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր ԳԱԱ-ի համարյա բոլոր, ինչու չէ նաև՝ ԱՊՀ երկրներում գործող գիտական ինստիտուտներում խնդիրներ կան՝ կապված միջին հասակի գիտնականների հետ. հիմնական աշխատողները 50, 60 տարեկան են և ավելի բարձր, միջին սերունդ՝ 35-50 տարեկանները համարյա չկան կամ շատ քիչ են, իսկ հիմնական գիտելքիը կուտակված է մեծահասակների մոտ: Այսինքն՝ սա շատ ցավոտ և գիտական ասպարեզի համար լրջագույն խնդիր է, որի լուծման համար մշտապես պայքարում ենք:

Խոսելով գիտաշխատողների մասին, անդրադառնանք նաև գիտական սարքավորումներին, ի՞նչ նյութատեխնիակական բազայով են ինստիտուտում իրականացվում գիտական աշխատանքները:

Սա էլ բավականին լուրջ խնդիր է, նյութատեխնիկական բազան հիմնականում հին է, բացառությամբ մեկ-երկու ժամանակակից գործիքների, որոնք, ըստ էության, դրամաշնորհներով ենք ստացել: Իսկ ինչպե՞ս ենք լուծում այս խնդիրը. գիտենք, որ առանց ժամանակակից գործիքների որակյալ աշխատանք շատ դժվար է կատարել, բայց մեր ինստիտուտը, փաստորեն, լայնորեն ներկայացված է միջազգային ամսագրերում, իսկ դա նշանակում է, որ խնդիրը, այնուամենայնիվ, լուծվում է: Դրա համար կան մի քանի հանգամանքներ, որոնցից մեկը հին գործիքների մոդեռնիզացիան է` արդիականացումը, երկրորդը` համագործակցությունը այն կոլեկտիվների կամ գիտական խմբերի հետ, որոնք ունեն համապատասխան սարքավորումներ՝ լինի դա հանրապետությունում, թե հանրապետությունից դուրս: Հետո էլ, հայտնի է, որ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն պարբերաբար մրցույթներ է հայտարարում՝ ժամանակից գործիքներ ստանալու համար, բայց դրա արդյունքում տարեկան շատ քիչ քանակությամբ գործիքներ են մրցույթի դրվում, որն էլ իհարկե, չի կարող ամբողջությամբ սպառել պահանջարկը, չնայած որ այս մրցույթը այսօրվա պայմաններում շատ կարևոր դերակատարում ունի: Բայց ամեն դեպքում, ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր խնդիր իր լուծման ձևն ունի, այստեղ էլ, եթե որևէ հիմնարկում կա համապատասխան, մեր աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումը, ապա օգտվում ենք դրանցից, համագործակցում ենք՝ գիտական աշխատանքը լավագույնս կատարելու համար:

Պարոն Թավադյան, Ձեր տնօրինության օրոք գլխավորապես ի՞նչ աշխատանքեր են կատարվել Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:

Ես այս ինստիտուտի տնօրենն եմ 2006թ.-ից և ասեմ, որ արդեն հասցրել ենք բավականին աշխատանքներ կատարել՝ գիտական կոլեկտիվի հետ միասին: Առաջին հերթին սկսեցինք պահանջել, որ թեմաները լինեն արդիական, և դա է պատճառը, որ ստացել ենք բազմաթիվ դրամաշնորհներ` թե՛ տեղական և թե՛ արտասահմանյան: Հատուկ ուշադրություն է դարձվել ինովացիոն, նորարական աշխատանքներին, հաղթել ենք դրամաշնորհ և դրա հիման վրա կառուցել ենք նոր՝ փորձնական արտադրամաս: Նաև ասեմ, որ բացի բուն գիտական գործունեության հետ կապված արդյունքներից, նաև մեր միջոցներով ինստիտուտի շենքը մասամբ կարգի ենք բերել, մասնակի նորոգման աշխատանքներ կատարել:

Միջազգային ի՞նչ համագործակցություններ ունեք՝գիտության զարգացմանը միտված:

Միջազգային համագործակցությունը հիմնականում դրամաշնորհներ միջոցով է արվել, այսինքն՝ համատեղ աշխատանքներ են կատարվում, շահում են դրամաշնորհներ և դրանց մասնակցում են նաև արտասահմանյան գիտնականները: Համագործակցությունների աշխարհագրությունը բավականին լայն է՝ Ռուսաստանի Դաշնություն, Եվրոմիության երկրներ, ԱՄՆ, Կորեա, Ճապոնիա և այլն:

Ռուսաստանի հետ կատարվում են համատեղ աշխատանքներ, ուղղված բնական գազից արժեքավոր նյութեր ստանալուն, որովհետև Հայաստանում խնդիր կա հեղուկ վառելքի ներկրման, իսկ գազը շատ ավելի է հեշտ ներկրելը, և ավելի խիստ շրջափակման պարագայում կունենանք լուրջ խնդիր՝ հեղուկ վառելիքի հետ կապված, իսկ դա, արդեն հասկանալի է, թե ինչ հետևանքներ կունենա: Հենց այս ուղղությամբ էլ այսօր լայնորեն համատեղ աշխատանքներ ենք տանում:

Հայտնի է, որ տվյալ երկրի գիտական զարգացվածության աստիճանը որոշվում է համաշխարհային, բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում տպագրված հոդվածների և ցիտումների քանակով: Այս առումով Հայաստանը ի՞նչ դիրքեր է գրավում գիտական զարգացվածության ասպարեզում և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ի՞նչ ներդրում ունի այս գործում:

Արտասահմանյան հեղինակավոր վերլուծական գործակալությունների տվյալներով այս հարցի հետ կապված պարզվել է, որ առհասարակ մեկ գիտնականին ընկնող հոդվածների և ցիտման քանակով Հայաստանն արևելքի երկրների մեջ, ներառյալ ԱՊՀ երկրները և Եվրոմիության նոր երկրները, միշտ գտնվում է առաջին տեղերում: Ինչ վերաբերվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին, ապա ամեն տարի ես հաշվետվություն եմ ներկայացնում և միշտ գրում եմ, թե ինչ ամսագրերում ենք տպագրվել և եթե նայենք վերջին տասը տարվա կտրվածքով (իմ տնօրինության ժամանակահատվածով) ապա բազմաթիվ տպագրություններ ունենք բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում: Նույնիսկ վերջերս, 2014թ.-ին տպագրել ենք մենագրոթյուն ԱՄՆ-ում (Նյու Յորքում) “Քիմիական ռեակցիայի համակարգերի կինետիկ մոդելների վերլուծություն” (“Analysis of Kinetic Models of Chemical Reaction Systems”) վերնագրով: Պետք է նշեմ, որ այսպիսի մենագրոթյունները հազվադեպ են և սա, թերևս, առաջինն է քիմիայի ասպարեզում, այն էլ անգլերեն լեզվով, որը տպագրվել է արտասահմանում:

Ամփոփելով վերոնշյալը, այսօր գլխավորապես ի՞նչ խնդիրներ ունի գիտությունը և Դուք լուծման ի՞նչ տարբերակներ ունեք:

Այն ինչ որ ես արդեն ասացի՝ դրանք նորմալ գիտական գործընթացին բնորոշ հարցեր էին, կան բավականին լուրջ պրոբլեմներ ֆինասավորման հետ կապված, որովհետև երիտասարդների, միջին տարիքի գիտնականների, ենթակառուցվածքի և մնացած բոլոր խնդիրները լուծվում են հիմնականում ֆինանսավորմամբ, ընդ որում, խոսքը գնում է բազային ֆինանսավորման մասին: Իհարկե, դրա հետ մեկտեղ գիտնականը ևս պետք է մեծ ակտիվություն ցուցաբերի՝ նաև դրամաշնորհների միջոցով ռեսուրսներ բերելու հարցում: Բայց այդ տարբերակով ինչքան էլ հաջող աշխատանքներ տարվեն, միևնույնն է, խնդիրը ամբողջապես չի լուծվում, որովհետև այդ ռեսուրսները ևս բավարար չեն: Հիմնականում դա է, մնացածը գիտական կոլեկտիվների խնդիրն է, բոլորի համար պարզ և հասկանալի է, որ

ֆինանսավորումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պահանջ է, պետք է նաև գիտական կոլեկտիվները ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը, ճիշտ համագործակցություններ իրականացնեն, համապատասխան թեմաները լինեն արդիական, իրագործելի:

Մեծ ցավով պետք է նշեմ նաև ուղեղների լուրջ արտահոսքի մասին, ինչն այսօր ևս գերխնդիր է: Մեզ մոտ կան գիտական լիդերներ, ովքեր գիտեն, որ իրենց լաբորատորիաների հիմնական հոդվածները տպվում են դրսում, աշխատում են, այսպես ասած, ինքնակենսագրությունը բարելավվելու համար նաև, պաշտպանելուց հետո արդեն միանգամից աշխատանք են փնտրում թե՛ այստեղ և թե՛ դրսում: Երկու տարբերակ կա՝ կամ փոխում են մասնագիտությունը և մնում Հայաստանում կամ հեռանում են և ոչ էլ մեզ հետ կապ են պահում: Նշված տարբերակները երևույթի բացասական կողմերն են, բայց կա նաև ցավոտ խնդրի դրական կողմը. գնում են արտասահման, համատեղ աշխատանքներ են կատարում ինստիտուտի հետ և հաճախ լինում է, որ իրենց գործիքների հաշվին կարողանում ենք մեր աշխատանքների բարձր մակարդակ ապահովել:

Այս ամենն, ըստ էության, գիտնականի, գիտաշխատողի աշխատավարձի բավականին ցածր լինելու հետևանքն է, որն էլ իր հերթին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի արդյունքն է: Բայց պետք է նաև հասկանանք, որ երիտասարդներին այնպիսի աշխատավարձերով պետք է ապահովել, որ սիրով գան, աշխատեն, նորանոր հաջողություններ գրանցեն, թե չէ լինում են դեպքեր, երբ ընդունվում են աշխատանքի, հետո սկսում են աշխատել կես դրույքով, որ կարողանան ուրիշ տեղ էլ աշխատեն: Սա լիարժեք չէ, այսպես հնարավոր չէ լրջորեն և ամբողջովին զբաղվել գիտությամբ, իսկ գիտությունն ամբողջական նվիրում է պահանջում:

Այս բոլորը խնդիրներ են, որոնք իրենց լիարժեք լուծումը գտնելու պարագայում կնպաստեն արդեն իսկ զարգացած և համաշխարհային գիտական զարգացումներին համընթաց քայլող հայաստանյան գիտության վիճակի բարելավմանը:

Leave a Response