Կյանքը de factoՀասարակություն

Կարմիր Շուկայի հատվածում ադրբեջանական ավտոշարասյան բեռնատարները խոչընդոտել են երթևեկությանը․ դիմել ենք ռուս խաղաղապահներին․ համայնքի ղեկավար

75views

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհով, որից օգտվում են թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հաճախակի ադրբեջանական բեռնատարների ավտոշարասյուներ են անցնում, որոնցում կարող է 20-60 բեռնատար լինել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, թե Կարմիր Շուկայի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով ադրբեջանական ավտոշարասյան տեղաշարժը։

Աթայանն ընդգծեց՝ ճանապարհը չեն փակել, սակայն երթևեկության խնդիր է առաջացել, ինչի մասին տեղեկացվել են ռուս խաղաղապահները։

«Իրենց ավտոշարասյան մեքենաները վազանց են կատարել, դուրս եկել հանդիպակաց գոտի, երթևեկությունը մի քիչ խախտվել է, հանդիպակաց ուղղությունով անցնող մեքենայի հայ վարորդի համար է խնդիր առաջացել։ Մենք էլ արձագանքել ենք, դիմել ենք ռուսական կողմին, որ հարցը կարգավորվի, զգուշացնեն, որ վազանց չկատարեն»,-մանրամասնեց Աթայանը։

Նրա խոսքով՝ համայնքում խուճապ չկա, այս ընթացքում որևէ լուրջ խնդիր չի առաջացել, նաև նոր թաղամաս է կառուցվում։ «Պլանավորված է մոտ 130 տուն կառուցել՝ մասնավորապես Թաղավարդի տեղահանված բնակիչների համար։ Նախատեսված է, որ մինչև տարեվերջ աշխատանքները կավարտվեն»,-ասաց նա։

Leave a Response