Արժեքներ

Ռազմարդյունաբերության ոլորտն  արդիականցման և վերազինման կարիք ունի. Տիգրան Զաքարյան

21.7kviews

Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.amը շարունակում է ներկայացնել ՀՀում գործող գիտական հաստատությունների գործունեությունն՝ այս անգամ ևս հանգրվանելով Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի  ինստիտուտում:

ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի  ինստիտուտը հիմնվել է 1960թ.-ին` Բյուրականի  աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա, որը հետագայում տեղափոխվեց ներկայիս տարածք՝ Աշտարակ և սկսեց զարգանալ: Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են՝ Ռադիո‎ֆիզիկական մեթոդների զարգացումը և ԳԲՀ սարքերի ու համակարգերի ստեղծումը՝ Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման համար, տերահերցային տիրույթի նոր ‎ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրիկական ալիքատար կառուցվածքների մշակումը, կիսահաղորդչային նանոհետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզը և հետազոտումը՝ ին‎ֆ‎րակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնիկայում կիրառման համար,  նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դե‎ֆեկտների ազդեցության հետազոտումը,
պլազմային միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման, ինչպես նաև՝ մասնիկների շարժման տեսական հետազոտությունները։

Մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա մաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը, անդրադառնալով ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի առավելություններին ու առանձնահատկություններին, ասաց, որ այն  գրեթե ուղղակի կապ ունի կիրառական խնդիրների հետ, այսինքն՝ գիտական նորարարությունից դեպի կիրառության ընկած ժամանակահատվածը բավականին կարճ է և հնարավոր է  դառնում իրական ժամանակում կյանքի կոչել զանազան խնդիրներ, նախագծեր՝ ի տարբերություն այլ բնագավառների.  «Սա մի կողմից մեծ առաքելություն է՝ թույլ տալով գիտնականին ստանալ շոշափելի արդյունք՝ այլևս հարցեր չառաջացնելով գիտական արդյունքի պիտանելիության վերաբերյալ, մյուս կողմից էլ այդ հանգամանքը որոշիչ դեր է կատարում երիտասարդ շրջանավարտներին՝ կողմնորոշման առումով: Նրանք գերադասում են այս ոլորտը, քանզի տեսնում են հարաբերականորեն արագ ստացվող արդյունքներ: Բացի դրանից, քանի որ այդ ժամանակը կարճ է, զուտ ֆինանսական տեսանկյունից, ոլորտի շահութաբերությունն է բարձր.  ֆինանսական հոսքերի շրջանառությունը բավականին արագ է տեղի ունենում»,-ասաց նա:

Խոսելով ռազմարդյունաբերության ոլորտի մասին, պարոն Զաքարյանը, նախևառաջ, իր խորին ցավակցությունը հայտնեց 2020թ.-ի Արցախյան պատերազմի արդյունքում կորուստներ ունեցողներին, այնուհետև ընդգծեց, որ պատերազմը մեզ մեծ դաս տվեց, այն առումով, որ  պարզվեց՝ ռազմարդյունաբերությունը շատ լուրջ արդիականցման խնդիր ունի և այժմ վերանայվում է ողջ գիտական գործունեությունը, թե արդյոք այն  եղել է ի նպաստ անվտանգությանը՝ բոլոր տեսանկյուններից. «Քննադատական մոտեցումն, իհարկե, ասում է՝ ոչ, լիարժեք չի եղել, և մեր մոտեցումները գիտության զարգացմանն ու արդյունավետությանը, անվտանգության առումով, վերանայման կարիք ունեն: Այժմ իրադարձությունները շատ արագ են զարգանում և պետք  է ոչ պակաս արագությամբ զբաղվենք մեր գիտության զարգացմամբ,  քանզի այլ կերպ չենք կարողանա լինել անվտանգ իրավիճակում: Սրանից հետևում է նաև ուսումնական ծրագրերի վերանայումը, որովհետև գիտական գործունեությունը սերտորեն կապված է կրթության հետ: Մի քանի ուղղություններ կային, որոնք դեռ անցած տարի համարում էինք որոշ չափով հեռանկարային, այս տարի արդեն փորձը ցույց տվեց, որ արդիական չեն, և  պետք է ուժերն այլ ուղղությամբ կենտրոնացնել: Այս պատերազմը շատ մեծ դաս տվեց,  և գոնե պետք է այդքանից հետո ստացած դասերն   ի նպաստ մեր զարգացմանն օգտագործենք»,-նշեց  ինստիտուտի տնօրենը:

Մեր այն հարցին, թե միջազգային ինչպիսի՞ համագործակցություններ կան՝ ռազմարդյունաբերության ոլորտն արդիականացնելու հետ կապված՝ պարոն Զաքարյանը նկատեց, որ, նախևառաջ, պետք է լուծենք մեր ներքին, «ներհայկական» համագործակցության խնդիրը, որովհետև ունենք որոշակի պոտենցիալ Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է զարգացնել, բերել  պատշաճ մակարդակի: Տնօրենի խոսքով, փորձեր  եղել են այդ առումով կապեր հաստատել տարբեր եվրոպական երկրների հետ, բայց դրանք հեռուն չեն գնացել:  Համագործակցում են արտասահմանյան այն ընկերությունների հետ, որոնց ղեկավարները ազգությամբ հայ են, բայց դա էլ, ինչպես փաստում է մեր զրուցակիցը, հիմնված է հայրենասիրական մղումների վրա և շատ ավելի լավ ու արդյունավետ կլիներ, պարզապես, գործընկերային շահերով համագործակցությունը. «Սա ռազմարդյունաբերության ոլորտի մասին, բայց քանի որ ինստիտուտը գիտական կազմակերպություն է՝ մենք գիտական առումով ունենք և փորձում ենք շարունակել համագործակցությունը տարբեր երկրների հետ, պահպանում ենք կապերը հարավկորեական տարբեր տեխնոլոգիական ընկերությունների, SAMSUNG-ի դուստր ձեռնարկությունների հետ: Ընթացիկ  ծրագրեր ևս կան, դեռ սպասում ենք արդյունքին՝ COVID 19-ի թեմայով՝ МНТЦ-ի շրջանակներում, որը նախատեսում է համագործակցություն մեր վրացի գործընկերների հետ»,-ասաց Տ. Զաքարյանը:

Նշենք, որ ՌՖԷԻ-ն տարբեր տարիներին կատարել է մի շարք աշխատանքներ՝ միջազգային գրանտների ֆինանսավորմամբ. ՄՏԿ-ի նախագիծ՝ ‹‹Բարձրազգայուն ԲՀ ընդունիչ համակարգերի ստեղծումը ռադիոաստղագիտության, օդերևութաբանության և սեյսմոլոգիայի խնդիրների լուծման համար››,  ԻՆՏԱՍ նախագիծ՝  ‹‹Հոսանքի տեղափոխումը և ԲՀ փոխազդեցությունները բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ կառուցվածքներում››,  ԻՆՏԱՍ նախագիծ՝ ‹‹Տերահերցային սպեկտրասկոպիա››, ՆԱՏՈ-ի նախագիծ՝ ‹‹Գՙերզգայուն բարձրջերմաստիճանային Ջոզեֆսոնյան սարքեր՝ էկոլոգիական և բիոմագնիսական կիրառումների համար››:

Անդրադառնալով գիտության ոլորտի թիվ մեկ խնդրին՝ սերնդափոխությանը և երիտասարդների ներգրավումը գիտական գործընթացին՝ պարոն Զաքարյանն ուրախությամբ նշեց, որ օրեր առաջ Կառավարության ընդունած որոշումը՝ գիտությանն ուղղվող ֆինսավորման ավելացման վերաբերյալ՝ բավականին հուսադրող է. «Դա, իհարկե, չի նշանակում աշխատավարձերի մեխանիկական բարձրացում, այլ պետք է գիտաշխատողների ատեստավորում կատարվի՝ երիտասարդներին ներգրավվելու հեռանկարով: Գիտաշխատողների աշխատավարձերը բավականին ցածր են և նույնիսկ երիտասարդների համար բացարձակ հմայիչ չեն. փորձել ենք այս տարի ներգարվվել, համալրել մեր աշխատողների կազմը  բարձր կուրսերում սովորող ուսանողներով, ինչը  մեծ խոչընդոտների հանդիպեց, քանզի շատերը պարզապես չեն ցանկանում այդքան քիչ գումարով աշխատել՝ նույնիսկ կես դրույքով: Այնպես, որ Կառավարության այդ որոշումը շատ խոստումնալից է, և այն հնարավորություն կտա երիտասարդին՝ իր ժամանակը գիտության մեջ սպառելու, ինտեգրվելու գիտական կյանքին:»

Խոսելով համավարակային դժվարությունների և աշխատանքների կազմակերպման խոչընդոտների մասին՝ ինստիտուտի տնօրենն ասաց, որ այն մեծ ազդեցության ունեցավ և, բնականաբար, բացասական, որովհետև բավականին երկար ժամանակ, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, աշխատել են փոքրիկ խմբերով. աշխատակիցների մեծ մասը ստիպված էր աշխատել հեռավար եղանակով, բայց իհարկե ոչ բոլորի աշխատանքն էր հաջողվում այդպես կազմակերպել, օրինակ՝ էքսպերիմենտալ, լաբորատոր աշխատանքներ իրականացնողներինը: Աշխատանքերը, ինչպես հավաստում է տնօրենը,  տուժել են, բայց չեն ընդհատվել:

Հավելենք, որ վերջին տարիներին՝ նույնիսկ մեր վերջին հարցազրույցից հետո, ինստիտուտի գիտական գործունեությունը կազմակերպելու համար ձեռք են բերվել բավականին նոր, Հայաստանում եզակի, թանկարժեք սարքավորումներ՝ ֆրեզերային հաստոց, շղթաների վեկտրական անալիզատոր և այլն: Ունեցել են մեկ միջազգային գրանտ՝ «Ֆիլիպ Մորրիս»-ի  հետ:

Մեր այսչափ բովանդակալից զրույցը ՌՖԷԻ տնօրեն Տիգրան Զաքարյանն ավարտեց ոլորտի զարգացման իր տեսլականով. «Մենք ապրում ենք այս իրականության մեջ, տիրապետում ենք բոլոր խնդիրներին, ցանկություն ունենք զարգանալու, և մեր միակ ուղին է՝ զարգացնել գիտությունը,  ուժեղացնել բոլոր ոլորտների անվտանգությունը…. այլ ճանապարհ չունենք»:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

 

Leave a Response