ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Համայնքի ղեկավարն այն մարդն է, ով պետք է կարողանա այդ փողերի կուտակումն անի››. Ս. Ավետիսյան

77.2kviews

Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքների առօրյան, նիստուկացը, խնդիրներն ու հոգսերը՝ այս անգամ հանգրվանեցինք Կոտայքի մարզի Զովունի  համայնքում, զրուցեցինք համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի հետ:

Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ նախ կարճ պատմական ակնարկ կատարենք. Զովունին գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Եղվարդից 8 կմ հարավ-արեւելք, հիմնադրվել է Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի բնակիչների կողմից՝ 1965 թ.-ին Ապարանի ջրամբարի կառուցման նպատակով գյուղի տեղափոխման հետևանքով. նախկին գյուղը գտնվել է ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում: 1965թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերաբնակեցվել է Երևանի նախկին Շահումյանի շրջանի Ամո գյուղի տարածքում, որը Երևան քաղաքի սահմանագծից բաժանվում է ‹‹Արաքս›› գործարան մտնող 24 մ լայնությամբ ճանապարհով:

Քաղաքին մոտ գտնվելու հանգամանքը, ինչպես նշում է գյուղապետը, Զովունիի դրական կողմերից է, Երևանի և համայնքի բնակիչների միջև, կարելի է ասել, տարբերություն չկա, ճնշող մեծամասնությունը հենց այնտեղ էլ աշխատում են՝ տարբեր բնագավառներում:

Նշենք նաև, որ համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 2185 հա, որից 800 հա -ը գտնվում է Ապարանի տեղամասում: Համայնքն ունի 1050 տնտեսություն, որը գնալով ավելանում է :
Ներհամայնքային ճանապարհները հիմնականում ասֆալտապատված են, Սերժիկ Ավետիսյանի խոսքով՝ ասֆալտապատումը բյուջեի հիմնական հարցն է. ‹‹Մի ուղիղ փողոց ունենք՝ մինչ զինվորական զորամաս հասնելը, 74մլն. դրամ գումար ենք ծախսել նորոգելու համար. մի ձեռնարկություն մրցույթով շահել էր և կարողացանք անել դա, գարնանն ենք ավարտին հասցրել: Միայն փոսալցման աշխատանքները, որ անում ենք նախկին ասֆալտները գոնե պահպանելու համար, ոչ պակաս քան 10 մլն. դրամի գումար է օգտագործվել: Ամեն տարի անում ես, հաջորդ ձմեռը գալիս է՝ նորից փոսալցում է պետք լինում, չես անում ՝ չի լինում: Իսկ բյուջեի ‹‹կոպեկները›› հավաքելը շատ դժվարին գործընթաց է: Համայնքի ղեկավարն այն մարդն է, ով պետք է կարողանա այդ փողերի կուտակումն անի, որ չփոշիանա, գլոբալ խնդիրներ լուծի, իսկ դրանց զգալի մասը, կարելի է ասել,  արդեն լուծել ենք:

Հանրապետության մասշտաբի լավ մանկապարտեզ ունենք, գործում է 2 խումբ: Դասասենյակների քանակը շատ է, բայց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս, որ էլի ավելացնենք, եթե բյուջեն գոնե մի քիչ ավելանա՝ հնարավոր կլինի երրորդ խումբ բացելը: Կապիտալ վերանորոգված, կահավորված, արտակարգ վիճակում է գտնվում, ոչնչով չի զիջում Երևան քաղաքի ցանկացած մանկապարտեզի: Դպրոցն էլ 600 աշակերտ ունի, մի կորպուսը կապիտալ վերանորոգված է՝ ժամանակակից՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան, մնացել է փոքր կորպուսը, մարզպետին դիմել ենք այս հարցով և նա հաջորդ տարվա բյուջեի մեջ է ընդգրկել տարրական դասարանների համար նախատեսված այդ փոքր մասնաշենքի վերանորոգման հարցը, բայց հիմանական աշխատանքն, իհարկե, կատարված է: Նույն կերպ նաև Մշակույթի տունն է՝ վերանորոգված, ունենք տարբեր երաժշտական խմբեր, աշխարհի չեմպիոններ: Երաժշտական խմբերը միշտ հաջողություններ են ունենում. Վրաստան են գնացել, Բուլղարիա և այլն՝ վերադառնալով միշտ հաղթանակած ››,-հպարտությամբ փաստեց պարոն Ավետիսյանը:

Զովունին, ինչպես արդեն ասաց համայնքի ղեկավարը՝ նաև սպորտային համայնք է, թերևս նշենք այն, որ համայնքի բնակիչ Կորյուն Սողոմոնյանը 2009 թվականին դարձել է 46 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Այդ կապակցությամբ Նիգ-Ապարան կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է շնորհանդես-մեծարման երեկո, որին մասնակցել են նաև բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը և Սյուզի Կենտիկյանը: Կորյուն Սողոմոնյանը նաև 2012 թ. եվրոպայի չեմպիոն է: 2009 թվականին համայնքի մի քանի երտասարդներ քիք-բոքսի հանրապետության առաջնության չեմպիոն են ճանաչվել՝ 5 ոսկե մեդալ, 2 արծաթե մեդալ, 1 բրոնզե մեդալ և գավաթային առաջնությունում՝ խմբային գավաթակիր: Համայնքի մի քանի բնակիչներ տարբեր տարիներին դարձել են կարատեի տարբեր ոճերի Հանրապետության և Եվրոպայի չեմպիոններ (Կարեն Հարությունյան, Արման Հարությունյան, Գրիգոր Բաղդասարյան, Ազիզ Ավդալյան), բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է Արմեն Եփրեմյանը: 2010 թվականին անցկացված «Բանակ-18» ռազմա-մարզական համահայկական մրցաշարի նախընտրական փուլում զովունեցի մարզիկները գրավել են պատվավոր 3-րդ տեղը և այսպես շարունակ, այս շարքն անվերջ կարելի է շարունակել, քանզի օրինակները բազմաթիվ են:

Համայնքում հիմնականում տնամերձ հողատարածքներ են, ամեն մեկին մոտ 2600 մետր տարածքով և ոռոգման ջրի խնդիր, որպես այդպիսին, կարելի է ասել, չկա: Բայց նույնը չենք կարող ասել խմելու ջրի մասով. ‹‹Ցավալի փաստ է այն, որ խմելու ջուրը 24 ժամյա գրաֆիկով չէ: Ջուրը գյուղին տրվում է պոմպակայանի միջոցով՝ օրական 4 ժամյա գրաֆիկով: Թաղամասեր կան, իհարկե, որ 24 ժամյա է, բայց ամառը պիկ է լինում: Օգտվում ենք Արզաքյանի ջրագծից, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը խոստացել է, որ Ապարանի ջրատարից ջուր կբերվի և մենք վերջապես պոմպերից կազատվենք:

Կոյուղագծի հարցը կարգավորեցինք նաև. նախկին մարզպետի աջակցությամբ 36 մլն ներդրումով և 34 մլն. դրամ  էլ համայնքի միջոցներով ջրային տնտեսությունն ամբողջությամբ փոխեցինք: Միայն մի փոքր հատված կա, որ  դա էլ պետք է արվի, տեսնենք կկարողանանք իրականացնենք: Նախագծերն արդեն արել ենք, տեսնենք կկարողանան աջակցել, որ այն մի հատվածը, որը լցվում է դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում՝ օգնեն դա էլ միացնենք կոլեկտորին: 15 մլն. դրամի սահմաններում գումար է հարկավոր դրա համար:

Փողոցային լուսավորությունը կիսով չափ արել ենք, որը շարունակական է լինելու, զարգացնում ենք՝ ըստ բյուջեի, ըստ մեր ‹‹կարպետի չափի››: Դա բավականի թանկ գործընթաց է. մի փողոցն ամբողջությամբ լուսավորելու համար մոտավորապես 10 մլն.ի չափ գումար է հարկավոր, իսկ հոսանքն օր օրի թանկանում է, վարձավճարը՝ բարձրանում: Գլխավոր, հիմնական ասֆալտապատ ճանապարհներն ամբողջությամբ լուսավորել ենք, մնացածն էլ ամեն տարի աստիճանաբար զարգացնում ենք ››,- ասաց համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանը:

Համայնքում աղբահանությունը կատարվում է բացառապես գյուղապետարանի միջոցներով, բնակչությունը ոչ մի գումար չի տալիս դրա համար: Այն իրականացվում է շաբաթը մեկ անգամ պարտադիր՝ մասնավոր տրակտորներով, որոնց վառելիքը և վարորդների ամսական աշխատավարձը վճարվում է համայնքի բյուջեով:

Բացի վերոնշյալներից՝ համայնքի ղեկավարի մշտական ուշադրության և հոգածության ներքո են գտնվում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքները: Հանրապետության բոլոր տոնական միջոցառումների առթիվ և ոչ միայն  հյուրասիրություն է կազմակերպվում և դրամական աջակցություն տրվում՝ նվազագույնը 15-20 հազար դրամի սահմաններում: Հարկ է նշել նաև, որ գյուղում օրացույցային բոլոր տոները նշվում են մեծ շուքով ու խանդավառությամբ` գյուղի հուշարձան համալիրում:

Այս բոլոր խնդիրները, ինչպես արդեն հավաստեց համայնքի ղեկավարը, շարունակական են, մշտապես լուծման այս կամ այն փուլում են գտնվում, բայց կա մի հարց, որը շատ է անհանգստացնում թե բնակիչներին և թե համայնքապետին: Խոսքը Ապարանի երկրորդ հատվածի հողերի տարբերության մասին է. այստեղ, այս Զովունի տարածքում քաղաքացիները ստացել են հողերի կես հատվածը, կեսը՝ նախկին Զովունի տարածքում է: Հիմա սեփականատերերն ընկել են քաշքշուքների մեջ. իրենց հողերը փոխանցել են հարևան գյուղերին, նրանք էլ միավորում են, կենտրոնացնում. ‹‹Այն ժամանակ, որ մեր բյուջեում էր գտնվում՝ հեշտ էր լինում, ասենք, վարձատրությունը, օտարումը կամ ժառանգությունը հաջորդ սերունդին տալը, հեշտ էր կատարվում, մի օղակում էր, հիմա 200 ընտանիք անելանելի վիճակում են գտնվում: Այս հարցը բարձրացրել ենք ինչպես  Կառավարությունում, այնպես էլ համապատասխան այլ ատյաններում: Կառավարությունն արդեն հայեցակարգ է ընդունել, հուսանք՝ մի լուծում կտան, թե չէ
շատ գլոբալ խնդիր է առաջացել համայնքի բնակիչների համար,-›› գերխնդրի մասին հույս հայտնեց համայնքի ղեկավարը:

Նշենք, որ մեր ներկայությամբ համայնքի տարեց բնակիչներից մեկը, ով հազիվ էր կարողանում քայլել և խոսել՝ խնդրում էր գյուղապետին, որ աջակցի այդ հարցում, քանզի ինքը չի կարողանում նույնիսկ հասնել իրեն պատկանող հողատարածքը: Հույս ունենանք, որ հարցն իր տրամաբանական լուծումը կստանա, քանզի բացի վերոնշյալից մարդիկ նաև այնտեղ բազմաթիվ աշխատանքներ, ներդրումներ  են կատարել, սրբավայրեր են կառուցել, խմելու ջուր են սարից բերել դեպի եկեղեցիների, մատուռներիի բակ: Այդպիսի զովունեցի չկա, որ տարին մեկ անգամ գոնե այնտեղ մոմ չվառի:

Հուսանք՝ նրանց աղոթքները տեղ կհասնեն և ստեղծված խնդիրները վերջապես իրենց լուծումը կստանան:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response