Հայաստանի ավիացիան 20 տարով հետ է մնացել աշխարհում ավիացիոն զարգացումներից․ այն գտնվում է քանդված վիճակում․ փորձագետ
«Իրավունք» թերթը գրում է․ ««Այսօր մեր ավիացիան կարելի է նկարագրել վրացերեն շատ հարմար մեկ բառով. այն գտնվում է «ճանտրակուլի» վիճակում՝ ավերված, քանդված: Ավիացիան համարվում է բիզնեսի ամենաինտելեկտուալ ոլորտներից մեկը, իսկ բիզնեսն ու քաղաքականությունը միասին են: Հիմա ինչ քաղաքականություն, որ տեսնում եք երկրի ներսում, նույնը արտացոլվում է բիզնես բնագավառներում, այդ թվում՝ ավիացիայում»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի ավիացիոն ոլորտում առկա իրավիճակին, նման ցուցադրական կերպար նկարագրեց ավիացիայի փորձագետ Նավիկ Խաչատրյանը: Ապա նա մանրամասնեց․
— Առհասարակ, Հայաստանի ավիացիան 20 տարով հետ է մնացել աշխարհում ավիացիոն զարգացումներից: Սա ցավալի է արձանագրելը, բայց «Արմավիայի» սնանկացումից հետո մնացած ամեն ինչը վարի տրվեց, ավիացիան իջավ «պլինտուսից ցածր» մակարդակի: Այն դեպքում, երբ Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս, որ ինչպես ժամանակին «Մետաքսի ճանապարհը» անցնում էր Սյունիքով, հիմա էլ Հայաստանը կարող էր իր խոշոր օդանավերով Չինաստանն ու Հնդկաստանը կապել Եվրոպայի հետ: Մենք դրա համար 2019թ.-ին բիզնես պլան էինք գրել, ներկայացրել Տաթեւիկ Ռեւազյանին, բայց մերժեց՝ ծիծաղելի պատճառաբանությամբ:
— Պարոն Խաչատրյան, օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթների իրականացման (overflight) հնարավորություն: Սա ինչի՞ հետեւանք է:
— Նախկինում Թուրքիայի օդային տարածք մտել են մեր օդանավերը: Հիմա, եթե քաղաքական որոշումներ կան, որ կարգավորում ենք հարաբերությունները, եւ եթե իրենց օդանավերն ամեն օր թռչում են Ադրբեջան, ի՞նչ պատահեց, որ Հայաստանի օդանավերին թույլ չեն տալիս մտնել Թուրքիայի օդային տարածք: Սա անհեթեթություն է: Բացի այդ, կա քաղաքականություն, որն օժանդակում է, որ ամեն երկիր, որը պոտենցիալ ճանաչում է ԵՄ-ի ժողովրդավարական արժեքները, ինքը չպետք է խոչընդոտ հանդիսանա մյուս երկրների օդանավերի համար: Եթե ինչ-որ թեմա է եղել, դրա համար են փակել, դա կարող էին անել: Օրինակ, եթե հատուկ ծառայությունները տեղեկատվություն ունեն, որ այդ չվերթով ինչ-որ արգելված կամ անցանկալի բեռ է տեղափոխվում, կարող են չթողնել: Բայց պետք է ապացուցեն, հենց այնպես չեն կարող ասել՝ չեք կարող թռչել ու վերջ: Այստեղ ես ավելի շատ հակված եմ նրան, որ այստեղ իշխում է քաղաքական կոմպոնենտ: Ո՞նց կարելի է գնալ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ միաժամանակ թույլ չտալ օդային տարածքն օգտագործելը, դա անհնար է: Հետո, եթե Թուրքիան փակում է իր օդային տարածքը, ուրեմն տրամաբանական կլիներ, որ ՀՀ-ն էլ թույլ չտար իր օդային տարածքով ադրբեջանական կամ թուրքական ավիաընկերությունների թռիչքը: Հիմա հարցն այն է, թե ինչու Հայաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկում: Մինչդեռ պատասխան քայլեր ձեռնարկելով՝ դու ցույց ես տալիս, որ ուժեղ երկիր ես, տիրապետում ես քո օդային տարածքին, ոչ թե գլուխդ կախում ես, իրենք էլ ինչ ուզում, անում են: ICAO-ն ամեն ինչում հավասարություն է պահանջում, հավասարություն եւ երկկողմանիություն: Օդային հաղորդակցությունը պետք է լինի 100 տոկոս հայելային, ինչ մեկին է թույլատրվում, թույլատրվում է նաեւ մյուսին: Մենք պետք է հայելային պատասխան տանք Թուրքիային: Տեսեք, Հայաստանի վրայով օրական մի հատ չվերթ է իրականացվում Ադրբեջանից՝ Գյանջա, ինքնաթիռը վայրէջք է կատարում Նախիջեւան-Գյանջա երթուղու վրա: Մենք թույլ ենք տալիս, մինչդեռ թուրքերը մեզ թույլ չեն տալիս. ինչո՞ւ, ո՞ւր է մեր ավիացիոն իշխանությունը:
Հ.Գ.- Այսպիսով, անգամ ոլորտի մասնագետներն են վստահ, որ դեպի Եվրոպա հայաստանյան չվերթները Թուրքիայի կողմից արգելելու տակ տնտեսական տրամաբանություն պետք չէ փնտրել, այստեղ գործ ունենք քաղաքականության հետ: Ավելի ճիշտ, այն տպավորությունն է, որ նիկոլյան թիմը թուրքերին ինչ-որ բան է խոստացել, դեռ չի կարողանում կատարել, ու Թուրքիան էլ որոշել է այսպես պատժել: Հակառակ դեպքում, մասնագետի հնչեցրած հարցն է՝ իսկ ինչո՞ւ «սիրուն աղջկա» ղեկավարած «գրասենյակը» նույնկերպ չի պատասխանում Թուրքիային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։