Հայտնաբերվել և կանխվել են պետությանը 816 մլն դրամից վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումների տարաբնույթ դրսևորումներ․ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2012-2019 թվականների ընթացքում Կոտայքի մարզի Զորավան համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է հողի և ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 250.000մ3 բազալտե հանքանյութ:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 816.500.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Նախապատրաստված նյութերով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: