Հայ-ադրբեջանական հարաբերություններն ամբողջական կարգավորումից բացի այլ ուղի գոյություն չունի. Լավրովը Հայաստանում է
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո անցկացվում է մամուլի ասուլիս:
Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշել է՝ կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տվյալ գործընթացը շարժվում է, միգուցե ցանկալի էր, որ տեմպերն ավելի արագ լինեին, սակայն գործընթացը գնում է, ձեռք են բերվում էական, առայժմ միջանկյալ, բայց դրական արդյունքներ:
«Իհարկե, կողմերն ունեն իրենց սպեցիֆիկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են այն հարցում, թե ինչպես աշխատել տվյալ փուլում»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ բոլոր կողմերը, այնուամենայնիվ, շատ հստակ գիտակցում են, որ երեք եռակողմ հայտարարությունները հանդիսանում են ճանապարհային քարտեզներ, որոնցով բոլորը պետք է առաջնորդվեն:
Խոսելով սահմանազատման մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ոչ միայն խորհրդատվական, այլև քարտեզագրական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին:
«Վստահ եմ, որ հարաբերությունների ամբողջական կարգավորումից բացի այլ ուղի գոյություն չունի…Այն ինչ մենք անվանում ենք «խաղաղության պայմանագիր», հիմնվում է Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկների և ի պատասխան Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը: Հաշվի առնելով այս երկու փաստաթղթերը՝ ընթանում է գործընթաց, որին մենք պատրաստ ենք մասնակցել միջնորդի, խորհրդատուի և աջակցող երկրի դերում»,- եզրափակել է Լավրովը: