Կյանքը de factoՀասարակություն

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման վարչարարության թերացումները խախտում են մարդկանց իրավունքները. ՀՀ ՄԻՊ

678views

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղոդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը  խախտում է մարդու իրավունքները:  Այս մասին են վկայում ինչպես բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել 2020 թվականի ընթացքում, այլև ավելի են խորացել հատկապես նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում և Ռազմական դրության ընթացքում:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝

1. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները և կյանքի որակի փաստացի փոփոխությունները,

2. բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ և որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն էլ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով,

3. փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեև նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականում խնդրահարույց է,

4. ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը,

5. շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու և մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից և արտոնություններից՝ հայտնվելով էլի ավելի դժվարին իրավիճակում:

Այս խնդիրների կապակցությամբ Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության սոցիալական մոդելին: Արդյունքում,  հաշմանդամության փաստացի կարգավիճակը ոչ միշտ է  համապատասխանում անձի իրական կարիքներին և կարողություններին:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով:Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում է՝

1. վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ և օբյեկտիվ բողոքների քննարկումը.

2. փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները.

3. հաշմանդամություն ունեցող անձանց և հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով.

4. իրականացնել նշանակված փորձաքննությունները և ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչև հակառակ հիմքերի հաստատումը։

Leave a Response