ՀԱՊԿ-ը Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշնանը Հայաստանում տեղի ունենալիք «Փոխգործակցություն 2020» զորավարժություններում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով շտաբային բանակցությունների արդյունքում հրապարակված ՀԱՊԿ միասնական շտաբի մամուլի ծառայության հայտարարությանը:
«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում»,-նշել է ռազմական բլոկի Միացյալ շտաբը:
Աշնանը նախատեսվում է նաև «Որոնում 2020» հետախուզական վարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների կողմից և հետախուզական միջոցների շնորհիվ հետախուզության կազմակերպումն ու իրականացումն ի շահ կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի:
«Որոնում 2020» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության հատուկ և ռազմական հետախուզության վարչության պետի ղեկավարությամբ:
«Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավարումը վստահվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչության ղեկավարին:
Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում ՝ «Բաղրամյան» ռազմավարժարանում: