Կյանքը de factoՀասարակություն

«ՀԱՊԿ-ից ինչ-որ մեծ սպասումներ չունեմ. ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արել են ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները ստվերելու համար». Ռ. Քոչարյանի հարցազրույցը РБК-ին

16views

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել РБК-ին` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, Հայաստանի սահմաններին, ինչպես նաև երկրի ներսում ստեղծված իրավիճակներին, գործող իշխանությունների թույլ տված սխալներին:

Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` նա նշել է, որ «ՀՀ սահմանները հավուր պատշաճի պաշտպանված չեն և որ հայկական իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում անվտանգության հարցերին, համակերպվել են պատերազմի արդյունքների հետ, և որ նրանց պարտվողական վիճակը թույլ չի տալիս ադեկվատ որոշումներ կայացնել»:

«Շփման գծի, սահմանի ողջ երկայնքով մենք պետք է բավականին խիտ դիրքեր ունենանք, իսկ եթե դրանք քիչ են և գտնվում են սեփական երկրի խորքում, ապա, բնականաբար, ադրբեջանցիներն առաջ են գալու, բարելավելու են իրենց դիրքերը, հարմարվելու են տեղանքին»,-ասել է նախկին նախագահը` նկատելով, որ Ադրբեջանը, իրեն զգալով հաղթող, ակնհայտորեն ագրեսիա է կիրառում Հայաստանի տարածքի նկատմամբ:

Խոսելով ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստանալու հավանականության մասին` Քոչարյանը նկատել է, որ «գործող իշխանությունների մնալու պարագայում նրանք կարող են դա անել, պարզապես այստեղ զսպող հանգամանք է հանդիսանում Հայաստանում ՌԴ-ի ռազմական ներկայությունը և ռուսական կողմի հետ երկկողմ պայմանագրի առկայությունը»:

«ՀԱՊԿ-ից ինչ-որ մեծ սպասումներ չունեմ: Այս մասին հրապարակավ եմ ասում. ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի ստվերեն մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,-ասել է երկրորդ նախագահը` հիշեցնելով ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված աղմկահարույց քրեական գործը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` օրերս արված հայտարարության առ այն, որ «Քոչարյանը 1999թ. պատրաստվում էր Հայաստանի տարածքի մի մասն Ադրբեջանին տալ» նախկին նախագահն ասել է. «Դա անհեթեթություն է, նա կախվում է փրփուրներից: Նա մարդ է, որը տվել է այն ամենը, ինչը հնարավոր էր տալ: Եվ եթե ինչ-որ բան էլ պահպանվել է, ապա ՌԴ ջանքերի շնորհիվ… Նա քաղաքական լիլիպուտ է, որը ձախողել է այն ամենը, ինչը հնարավոր էր ձախողել»:

Leave a Response